Նախորդ շաբաթ ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց Գագիկ Ջհանգիրյանի եւ ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավորների հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագծին:
Այս օրենքի նախագծով Գագիկ Ջհանգիրյանը մտադիր էր վերացնել օրենքում, ըստ իրեն, տեղ գտած հակասահմանադրական նորմը, այն է` թույլ չտալ, որ արդեն իսկ օրենքի ուժ ստացած ՀՀ նախագահին վերապահված լիազորությունը՝ արտակարգ դրության ժամանակ բանակը օգտագործել ներքին խնդիրները լուծելու համար, մնա օրենքում:
Սակայն, ինչպես եւ ենթադրվում էր, հանձնաժողովը չտվեց դրական եզրակացություն, եւ այսօր ԱԺ քառօրյայի օրակարգը քվեարկելու ժամանակ ՀՀԿ-ական մեծամասնությունը դեմ քվեարկեց այս օրենքի նախագիծը օրակարգ մտցնելուն:
Պարոն Ջհանգիրյանը, մինչ քվեարկությունը ձայն խնդրեց, եւ կոչ արեց պատգամավորներին՝ կողմ քվեարկել օրենքին, որպեսզի Զինված ուժերը չներգրավվեն արտակարգ դրության ժամանակ, այլապես մեր երկրում էլ կարող են կրկնվել Սիրիայի եւ Լիբիայի դեպքերը: Նա նույնիսկ ասաց, որ իր հեղինակած օրինագծի մասին ԱԺ իրավաբանական վարչությունը դրական եզրակացություն է տվել:
Կարդացեք նաև
Պարոն Ջհանգիրյանի կոչը երկրորդեց նաեւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, hիշեցնելով, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը ժամանակին հակասահմանադրական էր համարել ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավոր, իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանը: «Հորդորում եմ, որ «կողմ» քվեարկեք, եւ շտկենք հակասահմանադրականությունը»,-ասաց տիկին Փոստանջյանը՝ հիշեցնելով, որ արդեն երկու անգամ բանակը միջամտում է ներքին գործերին, եւ եթե այդ երկու անգամն էլ արել էր անօրինականորեն, ապա հիմա, երբ օրենքի ուժով է նախագահը հնարավորություն ստանում բանակին օգտագործել՝ ներքին խնդիրներ լուծելու համար, դա կարվի հակասահմանադրականորեն:
ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն ասաց, որ չի կարծում, որ դա սահմանադրական չէ, ավելին, նա հայտարարեց, որ չի կարծում, որ որեւէ պատգամավոր իրավունք ունի «օրենքը հակասահմանադրական ճանաչելու կամ մեկնաբանելու»:
Իսկ Դավիթ Հարությունյանը նկատեց, որ ԱԺ իրավաբանական վարչությունը սահմանադրությանը համապատասխան է համարել Գագիկ Ջհանգիրյանի ներկայացրած օրինագիծը, բայց դա չի նշանակում, որ մեխանիկորեն հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը, որը փոփոխելու ցանկություն ուներ պարոն Ջհանգիրյանը:
Այդուհանդերձ, օրենքի նախագիծը չմտավ քառօրյա:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ