Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյան. «Մի բան հաստատ է. մեր հավաքականն արդեն հասունացել է եւ հաղթողի հոգեբանությամբ ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի»

Հոկտեմբեր 21,2013 14:39

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին, որտեղ անդրադարձել է ինչպես Իտալիայի ազգային հավաքականի հետ վերջին հանդիպմանը, այնպես էլ ամբողջ անցած ընտրական փուլին:

-Պարոն Մինասյան, նախ անդրադառնանք Իտալիայի հետ խաղին: Ի՞նչը ստացվեց, ինչը՝ ոչ Ձեր կարծիքով:

-Բոլորն էլ գիտեին, որ նույնիսկ այս խաղում հաղթելու դեպքում մեր՝ անցումային խաղերին մասնակցելու շանսերը քիչ էին: Բայց, անկախ դրանից, մենք ձգտում էինք հաղթանակի: Ամենակարևորն այն էր, որ խաղացինք առանց վնասվածքների, չնայած Արասի հետ կապված անընդհատ մտավախություն ունեի: Մենք պլանավորել էինք արագ գոլ խփել եւ ճնշում գործադրել հենց սկզբից, եւ դա ստացվեց: Չնայած չհաղթեցինք, բայց Իտալիայի պես թիմի հետ խաղում ոչ-ոքին դրական արդյունք եմ համարում, իսկ խաղի որակն ինձ լիովին բավարարեց:

-Շատերին հետաքրքում է այն հարցը, թե ինչու Վարդան Մինասյանը չէր ուրախանում գոլերից հետո, և ի՞նչ էր ասում Ռոբերտ Արզումանյանին առաջին գոլից հետո:

-Նախ, դեռևս ուրախանալու բան չկար, որովհետև ամբողջ խաղն առջևում էր: Իսկ Ռոբերտին, եթե չի դավաճանում հիշողությունս, ասում էի, որ պետք է ավելի կոմպակտ գործել:

-Անդրադառնանք ընդհանուր ընտրական փուլին: Ի՞նչն էր հիմնական պատճառը, որ հավաքականն այն անցկացրեց այդքան անկայուն:

-Սա շատ ծավալուն թեմա է: Ես արդեն անդրադարձել եմ այս հարցին, բայց նորից կասեմ. կայուն խաղալու համար պետք է առաջին հերթին ունենալ կայուն կազմ, իսկ մենք այս ընտրական փուլի ընթացքում միայն առաջին եւ վերջին խաղերի ժամանակ ենք խաղացել օպտիմալ կազմով: Եթե մենք միշտ ունենում ենք դեղիններ, վնասվածքներ, մենք չենք կարող կազմի մեծ ընտրություն ունենալ: Բացի այդ, այս ցիկլում մեր խաղացողներից շատերը զրկված էին խաղային մշտական պրակտիկայից իրենց թիմերում:

-Անկախ սուբյեկտիվ պատճառներից՝ հավաքականը մոտ էր գոնե անցումային խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերելուն: Ի՞նչը չհերիքեց:

-Երբեմն լսում եմ կարծիքներ, ըստ որոնց ստեղծվում է տպավորություն, որ մեր հավաքականը խմբի ֆավորիտն էր եւ պարտավոր էր դուրս գալ խմբից, բայց եթե ուշադիր լինենք, մեր խմբում բացի Իտալիայից, մնացած բոլոր թիմերն էլ հավասարազոր էին (բացառությամբ Մալթայի), եւ մենք գիտեինք, որ դժվար պայքար է ընթանալու: Եթե մենք լինեինք Իտալիան կամ Գերմանիան, ապա մեր խմբից դուրս չգալը ձախողում կլիներ, բայց մեր պարագայում այդպես չէ: Բացի այդ, ես գտնում եմ, որ բացի Մալթայի հետ երևանյան հանդիպումից (այդ խաղը մեզ համար կատարյալ ձախողում էր) մեր թիմը մնացած բոլոր խաղերում ցույց է տվել արժանի խաղ` չնայած նրան, որ որոշ խաղերում մենք ավելի շատ մտածում էինք ինչպես լրացնել բացակա ֆուտբոլիստների պակասը: Ընտրության շատ քիչ տարբերակներ ունեինք: Վերջին մի քանի խաղերում մենք ընդհանրապես ստիպված էինք փոփոխություններ կատարել նույնիսկ առաջին խաղակեսում:

Բայց եղան նաև դրական բաներ: Մեր թիմը զգալիորեն բարելավեց իր վարկանիշը եւ հիմա ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է իր պատմության մեջ ամենաբարձր՝ 38-րդ տեղը: Հետաքրքրությունը մեր ֆուտբոլիստների նկատմամբ աճել է: Հայաստանի ազգային հավաքականի հետ բոլորն են արդեն հաշվի են նստում:

-Չեխիայի և Բուլղարիայի նկատմամբ տարած հաղթանակները վկայո՞ւմ են, որ Ձեր թիմն ունի նաև հաղթողի հոգեբանություն:

-Այո, թիմն ունի հաղթողի հոգեբանություն, գրեթե կայացել է, ունի իր ձեռագիրը, խաղային սկզբունքները, միասնական է: Թիմի խնդիրներից մեկը պահեստայինների կարճ նստարանն է, որից էլ բխում է անկայունությունը: Բացի այդ, ֆուտբոլիստները պետք է մշտապես ունենան խաղային պրակտիկա իրենց ակումբներում: Նույն Մարկոսի օրինակը ցույց է տալիս, որ, որքան էլ ֆուտբոլիստը բարձրակարգ լինի, նա չի կարող առավելագույն օգուտ բերել թիմին, եթե զրկված է խաղային պրակտիկայից

-Նախորդ ընտրական փուլում մենք հիմնականում խաղում էինք տակտիկական նույն սխեմայով, այս անգամ փորձվեցին բազմաթիվ տարբերակներ: Այդուհանդերձ, ո՞րն է մեզ համար ամենաօպտիմալ տարբերակը:

-Դա կախված է շատ հանգամանքներից, մրցակցից: Օրինակ, Բուլղարիայի դեմ խաղում ես նախապես էի որոշել, որ Արասը պետք է խաղա կենտրոնում, եւ մենք խաղացինք 4-1-4-1 սխեմայով: Այս ընտրական փուլի մյուս խաղերում ես մանևրելու շատ քիչ հնարավորություն եմ ունեցել: Իսկ ընդհանրապես, մենք խաղում ենք 4-2-3-1 տակտիկական սխեմայով, որովհետև այն համարվում է ամենաճկունը եւ ամենաբալանսավորվածը: Եթե մենք մշտապես ունենանք մանևրելու հնարավորություն, ապա մեր սխեման կընտրենք՝ կախված մեր եւ մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերից: Բացի այդ, ես չեմ դադարի կրկնել, որ կարևորը ֆուտբոլիստներն են, այլ ոչ թե խաղային սխեմաները: Ամեն ինչ կախված է նրանից, թե այս կամ այն սխեմայի մեջ տվյալ խաղացողը ինչ ֆունկցիաներ պետք է կատարի:

-Արտագնա խաղերում ավելի լավ արդյունքը կապվա՞ծ է այն բանի հետ, որ մենք ավելի հաջող ենք խաղում հակագրոհների մարտավարությամբ, թե կա՞ն այլ պատճառներ:

-Հիմնական պատճառը դա էր: Արտագնա խաղերում մրցակիցը մեզ ավելի շատ տարածություններ էր տալիս հակագրոհելու համար, իսկ դա մեր ամենաուժեղ կողմն է: Կա եւս մեկ հանգամանք, որը կարող է տարօրինակ թվալ, բայց արտագնա խաղերում մեր վրա ճնշումն ավելի քիչ է, քան տանը: Մեր երկրպագուները բացի հաղթանակից ուրիշ բան չեն սպասում: Դա, իհարկե, լավ է, բայց երբեմն մեծ պատասխանատվությունը խանգարում է ֆուտբոլիստներին դրսևորելու իրենց ողջ կարողությունը:

-Այս փուլում մեր հավաքականը դարձավ բազմաթիվ գեղեցիկ գոլերի հեղինակ: Իսկ ո՞րն էր ամենագեղեցիկը կամ ամենակարևորը Ձեզ համար:

-Դժվար հարց է, նույն Կառլեն Մկրտչյանի գոլը, կամ Յուրա Մովսիսյանի գոլը, որը ծնվեց Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից, Արասի գոլը տուգանայինից: Եթե խոսենք ամենակարևորի մասին, հավանաբար դա Յուրա Մովսիսյանի գոլն էր Դանիայի հետ խաղում առաջին րոպեին, որովհետև հոգեբանական ծանր իրավիճակում այն մեզ վստահություն հաղորդեց:

-Առաջ չընկնելով հանդերձ՝ համարո՞ւմ եք, որ մեր հավաքականը հասունացել է եւ իզորու է պայքարել Եվրո-2016-ի եզրափակիչ ուղեգրի համար:
-Դրականն այն է, որ մասնակից թիմերի քանակն ավելացել է, եւ մեր կարգի հավաքականների շանսերը՝ նույնպես: Բայց, նախևառաջ, պետք է նայել, թե ինչ թիմերի դեմ է խաղալու Հայաստանի հավաքականը: Այսինքն, պետք է սպասել վիճակահանությանը: Մնացածը կախված է տարբեր հանգամանքներից: Բայց մի բան հաստատ է` այս հավաքականն արդեն հասունացել է, անցած ցիկլից հետո գրեթե կայացել է, գիտի իր ուժեղ եւ թույլ կողմերը, գիտի, որ միասնական եւ բարձր մոտիվացիայով խաղալու դեպքում ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031