Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու աշխատանքներում ներգրավված բոլոր կառույցներին:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հոկտեմբերի 17-ին նախատեսված մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ հայտեր չլինելու պատճառով մրցույթը չի կայացել: Քաղաքապետը հանձնարարել է 24 երթուղիների սպասարկման համար նախատեսվող նոր մրցույթի մասին ևս ապահովել զանգվածային լայն իրազեկում, ինչպես նաև առաջարկել է Երևանի ավագանու խմբակցություններին ևս իրենց հերթին հանդես գալ համապատասխան հայտարարություններով:
«Արդեն երրորդ անգամն է, որ տվյալ երթուղիների համար հայտարարվում է մրցույթ, որը, սակայն, հայտերի բացակայության պատճառով այդպես էլ չի կայանում: Քաղաքային տրանսպորտի առավել որակյալ սպասարկում ապահովելու համար պետք է բոլոր երթուղիներն էլ լիարժեք շահագործվեն»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ընթացքի մեջ են մայրաքաղաքի փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ համապատասխան աշխատանքներ են իրականացվել 65 փողոցներում: Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել երկրորդական և երրորդական փողոցների փոսանորոգմանն ու ճաքալցմանը և սեղմ ժամկետում ավարտել դրանք:
Կարդացեք նաև
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 9 դեպք, 10 նմանատիպ շինությունների դեպքում իրականացվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով պարբերաբար իրազեկել հանրությանը կատարվող աշխատանքների մասին, ինչն իր հերթին որոշակիորեն կնպաստի ապօրինությունների նվազեցմանն ու բացառմանը:
Մայրաքաղաքի ծաղկապատման աշխատանքների հետ կապված` զեկուցվել է, որ առաջիկայում ներկրվելու է կակաչների 500 հազար սոխուկ և 1 միլիոն այլ ծաղկասածիլ: Բացի այդ, ծաղիկներ կաճեցվեն նաև ջերմոցներում:
«Արդեն այսօրվանից պետք է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել 2014 թվականի ծաղկապատման ուղղությամբ: Փորձը ցույց է տվել, որ, ընտրելով բազմամյա ծաղիկներ և ապահովելով պատշաճ խնամք, կարող ենք տարեցտարի մայրաքաղաքում կրկնապատկել ծաղկապատ տարածքների ծավալները: Ուստի, պետք է մասնագետների հետ համագործակցված որոշել և ընտրել մեր բնակլիմայական պայմաններին համապատասխան ծաղկատեսակներ»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով աշնանային ծառատունկի պատշաճ կազմակերպմանը՝ զեկուցվել է, որ տարվել են նախապատրաստական աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ նոյեմբերի 1-ից կմեկնարկեն և մինչև դեկտեմբերի 25-ը կշարունակվեն չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտման աշխատանքները: Հանձնարարվել է աշխատանքներ տանել փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու ուղղությամբ՝ բացառելով տերևներն այրելու հնարավոր դեպքերը:
Օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանողների նկատմամբ նախորդ շաբաթ կազմվել է 67 վարչական արձանագրություն: Զուգահեռ ընթանում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ:
Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ պատրաստ են Ժամանակակից արվեստի թանգարանի և Համազգային թատրոնի շինության նախագծանախահաշվային փաստաթղթերը: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են Հյուսիսային պողոտայի սալիկապատման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն