Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Սիրո, հավատքի և հավատարմության ուխտերթ` կազմակերպված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդաց միավորման, մի շարք երիտասարդական կառույցների և հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Ուխտերթը կոչված էր վերահաստատելու հայ երիտասարդության հավատարմությունը ազգային-հոգևոր արժեքների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու հայ ժողովրդի կյանքում նրա անխաթար առաքելության հանդեպ:
Ուխտերթը, որին մասնակցում էին հազարավոր երիտասարդներ Հայ Եկեղեցու Հայաստանի, Արցախի և Վրաստանի թեմերից, հասարակական կազմակերպություններից ու երիտասարդական միություններից, մեկնարկեց Երևանի Ազատության հրապարակից, որտեղից ուխտավոր հայորդիները խաչերով, խաչվառներով ու ազգային-հոգևոր արժեքների պահպանության կարգախոսներով քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Մեկնելով Էջմիածին` ուխտերթի բազմահազարանոց թափորը Ս. Հռիփսիմե վանքի մոտակայքից հոգևորականների առաջնորդությամբ, հոգևոր երգասացության ու թմբուկների զարկերի ներքո շարժվեց դեպի Մայր Աթոռ Ս. Էջմիածին, ուր Ս. Տրդատի բաց խորանի առջև տեղի ունեցավ միասնական աղոթք:
Տերունական աղոթքից հետո ուխտավորները երգեցին «Օրհնեալ է Աստուած» շարականը, ապա ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանի գլխավորությամբ ընթերցեցին ուխտերթի ուխտագիրը, որում ասված է. «Ես` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավատարիմ զավակն ու կրողը, ուխտո՛ւմ եմ իմ ամբողջ հոգով հավատարիմ մնալ մեր հոգևոր և ազգային ինքնությանն ու արժեքներին, սիրել իմ հայրենիքը, իմ Սուրբ Եկեղեցին, հավատարիմ մնալ հայ ընտանիքին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր ժառանգությանը: Այս իմ ուխտին վկա է Աստված, Հայոց Հայրապետը, այս Սուրբ Տաճարը, մեր սուրբերը և այստեղ հավաքված իմ եղբայրներն ու քույրերը»: «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի միասնական երգեցողությունից հետո ուխտավորներին իր օրհնությունն ու հայրապետական պատգամը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «301 թվականին տեղի ունեցավ ազգային մեր կյանքում մեր ժողովրդի հավատքի առաջին հրաշքը` Հայաստանում քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն և Լուսավորչի տեսիլքի համաձայն` այստեղ կառուցվեց Միածնաէջ Ս. Տաճարը, որի Իջման Ս. Սեղանի առջև ազգս հայոց` թագավոր, իշխան և ժողովուրդ, ուխտեցին սիրել Աստծուն իրենց ամբողջ սրտով և ամբողջ հոգով, ուխտեցին լինել Աստծո հավատարիմ ժողովուրդ բոլոր ժամանակներում, բոլոր պաշտոնների մեջ և նաև ուխտեցին, որ ոչինչ պիտի կարողանա խաթարել իրենց հավատքը, որ իրենց հավատքը պիտի լինի զորեղ, պիտի լինի հաստատուն, հավատքով պիտի դիմակայեն չարի բոլոր փորձություններին: Մեր ժողովրդի դեպքում հավատքը շարունակեց իր հրաշագործությունը, որովհետև ազգս հայոց եղավ մշտապես հավատարիմ իր Փրկչին` մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որի արդյունքում ստեղծվեցին Հայոց այբուբենի տառերը` որպես անպարտելի զինվորներ, որպես երաշխավորներ մեր հոգևոր արժեքների: Եվ ապավինած հոգևոր և ազգային այս արժեքներին` մենք քայլեցինք փոթորկահույզ դարերի միջով` դիմագրավելով բոլոր փորձությունները ու բոլոր գայթակղությունները: Այդ հավատքով մենք հաղթեցինք Ավարայրը, հաղթեցինք Սարդարապատը, հաղթեցինք նաև Արցախում, այդ հավատքով մենք անկախ հռչակեցինք հայոց պետականությունը…: Հավատքը շարունակաբար հրաշագործեց մեր ժողովրդի կյանքում: Այսօր էլ մենք տեսնում ենք հավատքի մի վկայություն` ի դեմս այստեղ հավաքված ուխտավոր հայորդյաց, որ վկայությունն է մեր ժողովրդի հոգևոր վերազարթոնքի», – նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում:
Անդրադառնալով ուխտագրով հռչակված սիրո, հավատքի և հավատարմության գաղափարներին` Վեհափառ Հայրապետը հորդորեց երիտասարդներին, որ դրանք կյանքի կոչեն, արմատավորեն իրենց աստվածահաճո գործերում: «…Եթե Քրիստոս չի ապրում մեր հոգիների մեջ, եթե Քրիստոս չի առաջնորդում մեզ, ու±ր է կյանքը: Քրիստոս Լույս է, և եթե Լույսը բնակություն հաստատի մեր հոգում, այնտեղ խավար և խավարի գործեր չեն կարող տեղ գտնել: Քրիստոս սեր է, եթե այդ սերն արթնացնենք մեր հոգում, այնտեղ չեն կարող մտնել չար մտածումներ ու խորհուրդներ: Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին անկախ պետականության պայմաններում իրականացնում է իր առաքելությունը ժողովրդի կյանքում», – ասաց Նորին Սրբությունը:
Վեհափառ Հայրապետը խոսեց նաև հայ հասարակության կյանքում առկա բազում փորձությունների ու գայթակղությունների, ինչպես նաև այն երևույթների մասին, որ անհարիր են հայ նահապետական ընտանիքի կանոններին, խորթ մեր պատմությանը, քրիստոնեական մեր հավատքին, հոգևոր մեր արժեքներին: «Այս ամենը մենք պիտի կարողանանք հաղթահարել` ապավինելով մեր Տեր Աստծուն, այս ամենին պիտի կարողանանք դիմակայել` հավատարմությունը մեր պահելով հանդեպ մեր Ս. Եկեղեցին: Ճշմարտություն է` եթե Աստված մեզ հետ է, ոչ ոք չի կարող մեզ հակառակ լինել: Աստծո հետ մենք կերտել ենք հաղթանակները մեր ազգային կյանքի, Աստծո հետ մենք հաղթանակած ժողովուրդ ենք եղել: Ուրեմն, այս վստահությամբ ապավինենք մեր Երկնավոր Տիրոջը, որպեսզի հաղթանակները մշտապես ուղեկից լինեն մեր կյանքի բոլոր ճանապարհների ու բոլոր ընթացքների մեջ: Մեր զորեղ հավատքն է, որ պիտի մշտապես պայծառ պահվի մեր Ս. եկեղեցում: Մեր զորեղ հավատքն է և ամբողջական սերը, որ շեն պիտի պահեն Հայոց երկիրը, և այդ հավատքով ու սիրով մենք պիտի կարողանանք դիմակայել բոլոր դժվարությունները մեր կյանքի», – շեշտեց Նորին Սրբությունն իր խոսքում:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խոսելով ազգային կյանքում հայ երիտասարդին վերապահված կարևոր դերակատարության մասին, հորդորեց յուրաքանչյուր ուխտավոր հայորդու` լինել արժանավոր զավակներն իրենց հայրերի, հոգիներում արթուն պահել քրիստոնեական հավատքը, Տիրոջ պատգամներն ու պատվիրանները ու Տերունական Ս. Խաչի ներքո ապրել այդ արժեքներով, որպեսզի երկնքից շնորհներն առատորեն հեղվեն հայոց կյանքում, որպեսզի Տիրոջ ողորմությունն ու գթությունը միշտ լինեն հայոց ազգի հետ:
Վերջում իր հայրապետական գնահատանքը բերելով ուխտերթի կազմակերպիչներին, ուխտերթի իրականացմանն աջակցած թեմակալ առաջնորդներին ու հոգևոր հովիվներին և ուխտավոր երիտասարդներին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ուխտերթի մասնակիցներին. «Մնացե՛ք մեր եկեղեցու օրհնության ներքո, բանու՛կ պահեք դեպի եկեղեցի առաջնորդող ճանապարհները. այստեղ է, որ դուք պիտի հանդիպեք մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին, այստեղ է, որ դուք պիտի զորանաք, այստեղ է, որ ձեր հոգին պիտի լցվի ուրախությամբ, այստեղ է, որ օրհնությունները պիտի իջնեն ձեր կյանքից ներս:
Հավատարի՛մ մնացեք Ձեր ուխտի գաղափարներին, որ այսօր հռչակեցիք այստեղ` որպես սրբազան երդում, և այդ գաղափարներո՛վ ապրեք, լուսավորե՛ք ձեր կյանքը, զորացրե՛ք այդ արժեքներով հայոց հայրենիքը, որպեսզի հայրենիքի խաղաղ երկնքի ներքո ապահով շարունակի ապրել և արարել ազգս հայոց»:
Հայրապետական օրհնության խոսքից հետո ուխտերթի մասնակիցները Բաց խորանի առջև ծնրադիր երգեցին «Տեր ողորմեա»-ն, ապա «Քրիստոս ի մեջ մեր յայտնեցաւ» շարականի ներքո ողջագուրվեցին Քրիստոսի հայտնության ավետիսով:
Ուխտերթն ավարտվեց Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ