Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյանը՝ ՀԳՄ համագումարի մասին. «Մի կտոր ոսկորի կռիվ էր» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2013 13:42

Սիրված գրող Լեւոն Ջավախյանն այսօր «Հայելի» ակումբում հիշեց, որ երկուսուկես տարի առաջ ՀԳՄ անդամ էր, սակայն որոշեց դիմում գրել ու հրաժարվել միության անդամությունից, քանի որ դա որպես գրող իրեն ոչինչ չէր տալիս:

Խոսելով ՀԳՄ օրերս կայացած արտահերթ համագումարի մասին, գրողը նշեց. «Երեկ հեռուստատեսությամբ մի արար տեսա՝ ոնց որ Օսկան Պետրովիչի հայտնվելը դժոխքում, բայց այս դժոխքը իրական դժոխք էր Գրողների միությունում, ականատեսներն ասում էին, որ ստեղից-ընդեղից արաղի հոտ էր գալիս… Իմիջիայլոց Էդ աթոռը (ՀԳՄ նախագահի) բեխեր աթոռ ա, անկախությունից հետո ոչ մեծ գրողը դիմացավ էդ աթոռի վրա, ոչ պուճուր գրողը…Էդ գրողների տունը տուն չի, կոշկին դոմ ա, ոչ ավելին…Ստեղ ոչ ստեղծագործական կյանք կա, ոչ կազմակերպչական բաներ, մի կտոր ոսկոր կա՝ ունեցվածքը, դրա վրա էլ գնում ա կռիվը»:

Ջավախյանի համոզմամբ, «Գրող լինելու համար Գրողների միություն անհրաժեշտ չի»: Նա հավելում է, որ «Լավ կլինի՝ մի լուծարային հանձնաժողով ստեղծվի, միությունը լուծարվի, մի կտոր ոսկորը՝ ունեցվածքը ախպերափայ անեն, նաեւ քուրերի մեջ բաժանեն պրծնի, գնա»: Նրա ձեւակերպմամբ, գրողներին կռվացնողները նրանք են, ովքեր ուզում են միության նախագահ դառնալ. «Գրողների վիճակը սարսափելի ծանր ա, այդ պատճառով՝ մի կտոր ոսկորի համար փրփուրից են կախվում»:

Գրողը զարմանում է, որ որոշ գրողներ նեղվում են, թե քիչ են կարդում իրենց: «Բան գրեք, բան կարդան… լրագրությունն այս պարագայում բավականին առաջ է գնացել գրողների ստեղծագործություններից, լրագրությունը ժամանակին հարիր է գնում, իսկ ՀԳՄ-ում գրում են էնպես, ոնց որ իրենց պապերն ու հայրերն են գրում…Գրողների միություն ես մտնում, ասես եգիպտական դամբարան լինի, մումիաներ… Եվ հետո կան բավականին տաղանդավոր գրողներ եւ ծանոթով անդամ դարձած գրողներ, ես նրանց միությունը ոչ մի կերպ չեմ հասկանում: Եթե ուզում են, թող գրողի աջակցության կենտրոն ստեղծվի, ախր Գրողների միությունն ավելի շատ ՀԳՄ նախագահների համար է…Ասեմ, որ իմ ստեղծագործական ազատությունը եղավ, հենց ձեռ քաշեցի Գրողների միությունից, այժմ ես կատարյալ ազատ մարդ եմ, իմ առեւտուրն է, գիր-գրականությունն ու ընթերցողը»,-նշեց նա:

Լեւոն Ջավախյանը տարակուսել է, որ ՀԳՄ ներկայիս նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հեռուստատեսությամբ հայտարարել է, թե չկա մի լավ գրող, որ տպագրեն, այն դեպքում, երբ նրա առաջարկով ինքը տարել է ու մերժվել: Այժմ իր «Վերնիսաժ» գիրքը «Վան Արյան» տպարանում է եւ մեկ ամսից կլինի ընթերցողի սեղանին: «Մի հովանավոր կա, անունն էլ չի ուզում բարձրաձայնվի… Ցավոք, այսօր մարդիկ տանձ ու խնձորի, պոմիդորի փող են տալիս, գրքի փող չեն տալիս»,-ասում է նա:

Սիրված գրողը առանձնացնում է իր կարծիքով երեք երիտասարդ շնորհալի գրողների՝ Պաչյան Արամ, Համբարձում Համբարձումյան եւ Հրաչյա Սարիբեկյան. «Առաջին երկուսը սկզբունքորեն ՀԳՄ անդամ չեն, բայց դրանից նրանց գրականությունը չի տուժում»:
Ինչ վերաբերում է իրեն. «Գրականությունը ինձ համար կրոնի, հավատքի նման բան է, եթե ընթերցողը հավատում է գրողի գրածին, ինքը կյանք ունի, չի հավատում՝ մեռելածին է: Թե չէ այսօր ամեն ստատուս գրող իրեն գրող է համարում…»:

Լեւոն Ջավախյանը ասուլիսի վերջում ասաց, թե համոզված է, որ էդվարդ Միլիտոնյանի՝ նախագահ ընտրվելով՝ ոչինչ չի փոխվելու. « Էն, ինչ մեռնելու է, պիտի մեռնի, թե չէ՝ էսօր մահը չկա, խռխռոցն է…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031