Հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Երևանում բացեցին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը:
Խորհրդաժողովը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:
Միջոցառման բացման արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը, ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Մայքլ Օ’Բրայենը, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հավասարության և խտրականության բացառման հանձնաժողովի անդամ Յոնաս Գունարսոնը, Եվրոպայի խորհրդի Միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների Կոնֆերանսի նախագահ Ժան-Մարի Հեյդտը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մոհամեդ Ջավադը։
Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, ԵԽ հիմնական կառույցների՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Գլխավոր քարտուղարության, ինչպես նաև միջազգային հաստատությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները:
Երևանյան երկօրյա խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են ԵԽ անդամ պետությունների հասարակություններին հուզող այպիսի հարցեր, ինչպիսիք են ռասիզմի և ատելության խոսքի դրսևորումները քաղաքական բանավեճում, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության դերը այդ երևույթների դեմ պայքարի գործում, կանխարգելող միջոցների արդյունավետ օգտագործումը, ռասայական կարծրատիպերի հաղթահարումը, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումների և ատելության խոսքի տարածման բացառումը և այլն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ