Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյան սկսվեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի կողմից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդեպ իրականցված «գրոհով»՝ կապված սեպտեմբերի 25-ին Մեղրիի մոտ ռուսական ФСБ աշխատակիցների կողմից տիկին Փոստանջյանին ճնշումների ենթարկելու հետ:
Մինչ կընդունվեր եւ կքվեարկվեր օրակարգը, բոլոր հնարավոր առիթները, որ ընձեռնված էին կանոնակարգով, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը այդ նույն թեմայի հետ կապված հարցերով դիմում էին ԱԺ նախագահին՝ ի՞նչ հիմունքներով էին ռուսական զորքերը մեր ճանապարհների վրա ստուգումներ անցկացնում՝ առանց ՀՀ իրավապահների մասնակցության եւ այլն:
Նա սկզբում պատասխանեց, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի ղեկավարից ստացել է պատասխան նամակ՝ իր հարցմանը, որում, մասնավորապես, ասված է, որ իրականում նրանք հայաստանյան իրավապահների հետ միասին են անցկացրել այդ ստուգումները՝ հանցագործ տարրերի հայտնաբերելու ուղղությամբ, եւ այդ նամակը ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, եւ եթե կարիք կա, բոլոր պատգամավորներին կտրամադրի: Սակայն ընդդիմադիր պատգամավորներին այս պատասխանը չբավարարեց, եւ նրանք սկսեցին պահանջել մանրամասներ:
Երբ հերթական անգամ այդ հարցի մասին բարձրաձայնեց պարոն Փաշինյանը, ԱԺ նախագահը չդիմացավ. «Մի բանը մի անգամ են ասում, դուք ուզում եք, որ հարյուր անգա՞մ ասեմ: Ես ձեր մասին լավ կարծիք ունեի, կարծում էի, որ լավ ընկալում ունեք», ու նորից կրկնեց ռուսական զորքերի ղեկավարի ուղարկած նամակի մասին: Զարուհի Փոստանջյանը զարմացավ, որ ԱԺ նախագահը հավատում է ոչ թե ԱԺ պատգամավորի ասածներին, որ այնտեղ միայն ռուս ФСБ-ականներ էին, այլ՝ ռուսների նամակին: Եվ քանի որ դրանով, ըստ տիկին Փոստանջյանի, պարոն Աբրահամյանը խորհրդարանի դերը նսեմացնում է, իր հերթին խորհրդարանի հետ չխորհրդակցելով Մաքսային միությանը միանալու հայտարարություն է անում Սերժ Սարգսյանը, պատգամավորն առաջարկեց՝ գուցե պետք է լուծարվի՞ այս խորհրդարանը, մեր համաքաղաքացիները այդքան գումարներ չծախսե՞ն՝ այս խորհրդարանը պահելու համար:
Կարդացեք նաև
Հովիկ Աբրահամյանը ի պատասխան ասաց, որ իսկապես չի հավատում տիկին Փոստանջյանի հայտարարություններին, քանի որ «փորձը ցույց է տալիս, որ դուք կարող եք զրպարտել, իրականությանը չհամապատասխանող բաներ ասել», այդ իսկ պատճառով ինքը հավատում է գրավոր նամակներին: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ծառայողական քննություն սկսել՝ հասկանալու համար, թե ում հավատալ, նաեւ հույս հայտնեց, որ դահլիճում ներկա իրավապահները (խոսքը ՀՀ փոխոստիկանապետ Օսիկյանի մասին էր, որը եկել էր կոնկրետ քննարկմանը մասնակցելու համար) սա կընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին եւ հետաքննություն կանանկացնեն այդ օրվա միջադեպի հետ կապված:
Իսկ տիկին Փոստանջյանը ԱԺ նախագահին հարցրեց՝ «Ձեր վերադասը ФСБ-ն է՞», պարոն Աբրահամյանը պատասխանեց՝ «Դուք ձեր ասածին հավատո՞ւմ եք», ապա կոչ արեց քառօրյան չփչացնել՝ տրամադրություն ստեղծելով, քանի որ դա չի բխում ոչ մեկի շահերից, պետք է աշխատել՝ «ես ձեզ խնդրում եմ, հորդորում եմ, շատ եմ խնդրում, կառուցողական լինենք եւ աշխատենք»:
ԱԺ նախագահի այս խոսքերը ՀՀԿ-ական պատգամավորները կարծես ընկալեցին որպես հրահանգ: ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, բարկությունը չզսպելով, նկատողություն արեց իր ընդդիմադիր գործընկերներին, շեշտելով, որ կանոնակարգ-օրենքը նրանց հնարավորություն է տալիս օգտվել առիթից եւ նույն հարցը մի քանի անգամ տալ. «Մենք քառօրյան ենք սկսել, օրակարգ ենք հաստատում, իսկ դուք…. Այդ հարցերը կարող էիք տալ այս ամբողջ ընթացքում եւ տվել եք», հետո հայտարարեց, որ «ոտնահարվում են մեծամասնության իրավունքները», բայց նկատեց, որ կանոնակարգը չեն կարող փոխել՝ «մենք ժողովրդավարական պետություն ենք», ու հասցրեց մի անեկդոտ պատմել փեսայի մասին, որը զոքանչին ուսերին դրած է ման տալիս՝ ոչ թե շատ սիրելուց, այլ որպեսզի երեսը չտեսնի՝ ակնարկելով, որ իրենք՝ մեծամասնությունը, փոքրաթիվ ընդդիմությանը ուսերի վրա է պահում, այդուհանդերձ, կոչ արեց «չափի զգացողությունը» պահել, այլ կերպ ասած՝ մնալ փոքրամասնության դերում:
Վարդան Այվազյանն էլ որոշեց մի թեթեւ դաս տալ իրենց տեղը չճանաչող ընդդիմադիրներին՝ «մենք գերի չենք կանոնակարգին, երեսունհինգ րոպե է նույն բանի մասին եք խոսում», եւ առաջարկեց, որ եթե օրակարգի մասին է հարցը, ապա դրանից դուրս հարցերը չլսեն եւ չպատասխանեն:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
եթե այդպես է, ուրեմն ժողովուրդը հհկ-ին պիտի ուսերի վրա տաներ, որ իրենց ստոր, խարդախ, ամեն ինչի ընդունակ երեսները չտեսներ.