Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխվել է ռուս ազգայնականների գրոհը այլազգիների դեմ

Հոկտեմբեր 21,2013 13:00

«Ազատություն» ռադիոկայան. Սերգեյ Սոբյանինին խոսում է Մոսկվայում և Մոսկվայի մարզում միգրանտների համար հատուկ ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին։

Մերձմոսկովյան Խիմկիում ոստիկանները կասեցրել են ապօրինի ներգաղթյալների դեմ արշավը, որը փորձել են իրականացրել ազգայնական ակտիվիստները։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը վկայակոչել է «Ռուսսկիե» ազգայնական միավորման ղեկավար Դմիտրի Դեմուշկինին, ով ասել է, թե ակտիվիստները մտադիր էին բացահայտել ապօրինի միգրանտների կոնկրետ հասցեները։

Գործակալության փոխանցմամբ՝ ակտիվիստների մոտ գտել են Խիմկի ավանի տարբեր շրջանների շենքերի բնակիչների ցուցակը, որում այլազգիների ազգանունների կողքին հատուկ նշումներ են եղել։

Ակտիվիստներից երեքին բերման են ենթարկել։ Նրանց ազգանունները չեն հրապարակվել, ոստիկանները միայն հայտնել են, որ երեքից երկուսը Ռյազանից ժամանած ջահել տղաներ են, մեկն էլ Ադիգեայում ծնված ջահել աղջիկ է։ Այդ երեքին մի քանի ժամ ոստիկանության բաժանմունքում պահելուց հետո ազատ են արձակել։

Եվս մոտ չորս տասնյակ ակտիվիստների հետ ոստիկանները Խիմկիի քաղաքային զբոսայգում «բացատրական աշխատանք» են կատարել։

«Ռուսսկիե» միավորման ղեկավարի խոսքերով՝ ակտիվիստներն ամեն տարի են նման արշավ անցկացնում։

Նախօրեին Լյուբերցիում ոստիկանները բերման են ենթարկել դիմակներով երեսները ծածկած և ծեծաններով զինված մոտ ութ տասնյակ մարդկանց, ովքեր մտադիր էին հարձակվել այլազգիների վրա։

Ոստիկանները հայտնել են, որ բերման ենթարկվածներից 18-ը հարբած էին, մեծ մասը դեռահասներ են եղել։

Նրանք իրենց ակցիայի մասին հաղորդել են սոցիալական ցանցում, ինչը ոստիկաններին ընձեռել է ղեկավարին բացահայտելու և ակցիան խափանելու հնարավորություն։

«Ռուսսկայա սլուժբա նովոստեյ» մասնավոր ռադիոկայանի փոխանցմամբ՝ նրանք մտադիր էին վրեժ լուծել հինգշաբթի օրը տեղի ունեցած բռնաբարության համար։ Հետագայում պարզվել է, որ Ղրղըզստանից ժամանած երեք տղամարդիկ ծեծել, ապա բռնաբարել են մոսկվացի մի կնոջ։ Երեք միգրանտներին ոստիկանները կալանավորել են։

Ռադիոկայանը վկայակոչել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, ով ասել է, թե Մոսկվայում և Մոսկվայի մարզում միգրանտների համար անհրաժեշտ է սահմանել հատուկ ռեժիմ։ Միաժամանակ, նա ասել է, որ հնարավոր չէ երկրի ներսում ինչ-ինչ սահմաններ գծել։

Սոբյանինը նշել է, որ միայն Մոսկվայում ապրում է 500-600 հազար միգրանտ, իսկ Մոսկվայի մարզում նրանց թիվը հասնում է մոտ երկու միլիոնի։

Ռուսաստանում այլազգիների նկատմամբ ատելության նոր ալիքըբարձրացել է այն բանից հետո, երբ Մոսկվայում հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը դանակահարվել և մահացել է Եգոր Շերբակովը։ Երիտասարդի սպանության գործով ձերբակալվել է ադրբեջանցի միգրանտ Օրհան Զեյնալովը, ով մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման։

Արմեն Քոլոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031