Այսօր ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը «Հենարան» ակումբում խոսելով ազատամարտիկների եւ կուսակցությունների կլոր սեղան քննարկումների մասին՝ ասաց, որ մի քանի հյուրանոցներից հրաժարվել են իրենց ընդունել ու քննարկումներն այնտեղ անցկացնել. «Մետրոպոլ» հյուրանոցում ասել են՝ ստեղ չի անցնելու: Ասեցին՝ զանգահարել եւ ասել են: Թե ով էր զանգահարել՝ չգիտեմ: Առայժմ մեր իշխանությունները չեն ուզում քաղաքակրթվել: Պաշտոնական հայտարարեցին, որ իրենք առաջարկել են, մենք չենք ուզել»:
Հարցին՝ դա ճնշո՞ւմ եք ընդունում եւ մտավախություն չունե՞ք, որ ավելի լուրջ ճնշումների կենթարկվեք՝ նա պատասխանեց. «Ի՞նչ պիտի անեն, պիտի գան ձերբակալե՞ն»: Դիտարկմանը, որ Վոլոդյա Ավետիսյանը սոցիալական պահանջներ էր ներկայացնում, արդեն ճաղերի հետեւում է, իսկ դուք քաղաքական պահանջներ ունեք՝ Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Սոցիալական խնդիր ներկայացնող ազատամարտիկ, ըստ էության, Հայաստանում այսօր չկա, կա իշխանական պրոյեկտ, որ փորձեցին իրականացնել իշխանությունը մեր ընկերոջ՝ Վոլոդյա Ավետիսյանի միջոցով: Նա ազատամարտիկ է եւ վատ է, որ ճաղերի հետեւում է: Չգիտեմ ինչ են ուզում անեն, նախ ինչու հերոսացրեցին, ինչու հետո ձերբակալեցին, հետո ինչու հիշեցին, որ 5 տարի առաջ մեկը կաշառք է տվել: Իսկ վերջերս Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ պիտի դուրս գա եւ համագործակցի Նախախորհրդարանի հետ: Այսինքն` հասկանալի է, թե ինչն ուր է գնում»:
Ըստ Սուրեն Սարգսյանի, երկրի այս ծանր իրավիճակում ազատամարտիկն իրավունք չունի լուծելու սեփական սոցիալական խնդիրը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ