Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպացի չինովնիկները ահազանգում են այլատյացության և խտրականության հանցագործությունների թվի աճի մասին

Հոկտեմբեր 21,2013 12:25

«Հանդուրժողականությունը չի նշանակում հանդուրժել անհանդուրժելին»,-այսօր «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Շարունակելով խոսքը՝ նա նշեց. «Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը տարիներ ի վեր գտնվում է ԵԽ ուշադրության կենտրոնում: Ընդունվել է հստակ հայտարարություն և գործողությունների ծրագիր: Օրինակ՝ 1997-ի Ստրասբուրգի գագաթաժողովը կարևորեց այս հարցերը, կարևորվել են նաև ազգային փոքրամասնությունների պաշտպանության, ռասիզմի, ծայրահեղության տարբեր դրսևորումների դեմ պայքարը, որոնք նոր երևույթներ չեն»:

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այս առիթով նկատեց.«Խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը պետք է աջակցություն ստանա ոչ միայն քաղաքական ճառերի, այլև հստակ գործողությունների շրջանակներում: Իմ խորհուրդը հստակ է՝ քաղաքական առաջնորդները պիտի դիրքորոշում ընդունեն փոքրամասնությունների դեմ խտրականությունների կանխման հարցում: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը առաջին հերթին մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն են վերաբերում: Հարձակումները փոքրամասնությունների վրա հաճախ հանգեցնում են լուրջ հակամարտությունների և պատերազմների»:

ԵԽԽՎ հավասարության և անխտրականության հանձնաժողովի անդամ Յոնաս Գունարսոնն էլ նշեց. «Վեհաժողովի հավասարության և անխտրականության հանձնաժողովը նոր օրակարգ է ընդգրկվել, որտեղ առաջնային է ռասիզմի և փոքրամասնությունների դեմ պայքարը: Մեր հանձնաժողովը նաև ենթահանձնաժողով է ստեղծել, որը զբաղվում է հատուկ այդ հարցերով, մասնավորապես հակագնչուական դրսևորումների բացահայտման խնդիրներով. հիշում եք՝ Շվեդիայում վերջին ոստիկանական հարձակումները գնչուական փոքրամասնությունների դեմ»:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը առանձնացրեց անհանդուրժողականության զոհ դարձած թիրախները. «Անհանդուրժողականության զոհերն ու թիրախները բազմաթիվ են՝ միասեռականներ, գնչուներ, փախստականներ, հրեաներ և այլն: Վերջին տարիներին տեսել ենք բազմաթիվ ատելության խոսքեր և ատելության թիրախներ և այլն: Ցավոք, նկատվում է այլատյացության և խտրականության հանցագործությունների աճ: Այս հարցում հստակ բանավեճի խնդիր կա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031