Այսօր «Հենարան» ակումբում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, խոսելով կուսակցությունների հետ կլոր սեղան քննարկումների մասին՝ ասաց. «Մենք փորձեցինք ազատամարտիկներով հանդիսանալ այն միջնորդը, մերանը, որ քննարկենք երկրի խնդիրները: Կուսակցությունները նույնիսկ 70 տոկոսանոց վստահություն չունեն, մենք առաջարկում ենք այլընտրանքային կառավարման մի ձեւ: Առաջին հարցը, որ առաջարկել էինք կուսակցությունները ներկայացնեին՝ երկրում տիրող իրավիճակն ինչպես են գնահատում: Իրենց կարծիքները թղթի վրա ենք ուզում տեսնել, որից հետո կհավաքվենք, համատեղ հայտարարությամբ հանդես կգանք, կոչ կանենք ժողովրդին միավորվել, որ կարգի բերենք այս իշխանության ղեկը, որը շեղվել է այլ տեղ: Այս երկրի իշխանությունները, որ հարուստ լափի տեր են դարձել` դարձել են նաեւ ազատամարտիկների շնորհիվ»:
Ըստ Սուրեն Սարգսյանի, իշխանություններն իրենց միամիտի տեղ են դնում, թե լավ է, երկիրն առաջ է գնում, բայց գյուղ կա, որ մեկ առաջին դասարանցի չունի. «Ոչնչի չեն ընդառաջում, գյուղացին գնում է: Ամբողջ երկիրը զբաղված է քցելով: Մեր տղերքը Եռաբլուրում դրա համար չեն գնացել»:
Հարցին՝ կուսակցությունների հետ համագործակցությունը չի՞ ձախողվի, երբ մարդիկ այլեւս չեն վստահում կուսակցություններին՝ Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Այս վիճակի համար բոլորս ենք մտահոգ, այդ թվում նաեւ՝ ազատամարտիկները: Մենք պիտի կարողանանք մի կողմ թողնենք ամեն ինչ եւ սկսենք մաքուր կետից: Հա լավ, էդ մարդիկ հայ են, չէ՞: Ինչ-որ մի պահի բոլորն էլ կարող են շեղվել: Ով ինչ արել է, այսօրվանից պետք է աշխատի ժողովրդի աչքի առաջ»:
Սուրեն Սարգսյանն ասաց, որ պայմանավորվել են Սերժ Սարգսյանի հետ եւ հանդիպում է լինելու, դրա համար ՀՀԿ-ի ներկայացուցիչներին քննարկմանը չեն հրավիրել. «Գուցե պարոն Սերժ Սարգսյանը տեսնում է խնդիրները: Ինչ-որ բան գիտի, ինչ-որ բան տեղ չի հասնում»:
Կարդացեք նաև
Սուրեն Սարգսյանը վստահեցրեց, որ իրենց որեւէ պաշտոն պետք չի. «Ես թքած ունեմ: Կա Կովալ Շահգալդյան (նկատի ունի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին,-Հ. Ջ.), որ իրեն թույլ է տալիս ասել՝ թող ազատամարտիկները չկռվեին: Հիմա ինքը լափում է դրա հաշվին: Նման մարզպետը ոչ միայն պիտի հեռացվի, այլեւ հրապարակում պիտի հետեւը դաղեին: Պատի տակի չալպուտուլիկները էսօր ասում են՝ կռվել ենք, երբ շատ պաշտոնյաներ նույնիսկ բանակում չեն ծառայել»:
Սուրեն Սարգսյանը սպառնաց հրապարակել այն բոլոր պաշտոնյաների անունները, որոնք զարտուղի ճանապարհներով նույնիսկ փախել են Հայաստանից, որ բանակում չծառայեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ