«Առաջին լրատվական». Անցյալ շաբաթավերջին Ազգային ժողովում ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, թե ինքը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Հայաստանը ձախողել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Նրա խոսքերով` Հայաստանը կարիք ունի արդիականացնելու ԵՄ հետ հարաբերությունների իրավական հիմքերը: Եվ այժմ պաշտոնական Երեւանը աշխատում է նորոգել թե՛ Ասոցացման համաձայնագիրը, թե՛ ԵՄ հետ համագործակցության ու փոխգործակցության պայմանագիրը, որը գործում է 1999 թվականից: Հիշեցնենք, որ Զ. Մնացականյանը Ասոցացման համաձայնագրի շուրջ ԵՄ հետ 3,5 տարի տեւած քննարկումներում հայկական կողմի գլխավոր բանակցողն է եղել: Այսինքն` նա այն պաշտոնյան է, ով քաջ ծանոթ է այդ գործընթացի բոլոր մանրամասներին եւ այսօր էլ շարունակում է վարել ԵՄ հետ հնարավոր փոխգործակցության բանակցությունները: «Առաջին լրատվական»-ը փորձեց նրանից պարզել, թե Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից հետո ի՞նչ գործընթացներ են ընթանում Եվրամիության հետ, եւ ՀՀ-ն ի՞նչ փաստաթուղթ կարող է ստորագրել այդ կառույցի հետ:
– Պարոն Մնացականյան, Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ձախողելուց հետո Հայաստանն ի՞նչ նոր փաստաթուղթ կարող է ստորագրել Եվրամիության հետ:
– Ասոցացման համաձայնագիրը բավականին մեծ, ծավալուն փաստաթուղթ է, որն առնչվում է բազմաթիվ բնագավառների: Այդ համաձայնագիրը բավական լուրջ հիմք է, թե մենք ինչպես կարող ենք արդիականացնել, նորոգել մեր հարաբերությունների իրավական հիմքերը, որոնց ծավալը բավականին մեծ է: Մենք այսօր քննարկեցինք մեր համագործակցությունը երկու ուղղություններով, որոնք արդեն իրավական հիմք են ստանում: Առաջինը վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերն են, մյուսը գործակալություններին եւ ծրագրերին մասնակցելու Հայաստանի հնարավորություններն է: Սրանք ԵՄ-ի ու ՀՀ-ի միջեւ առկա օրակարգի միայն երկու օրինակներն են:
– ԵՄ հետ նո՞ր փաստաթուղթ է պատրաստվում, թե՞ Ասոցացման համաձայնագիրն է փոփոխվելու:
Կարդացեք նաև
– Դա մի գործընթաց է, որը ժամանակ է պահանջում: Ես չեմ ուզում ասել, որ Ասոցացման համաձայնագիրն այլեւս չի լինելու: Ո՛չ, մենք ձգտում ենք դրան, բայց պետք է աշխատենք, սա իրավական աշխատանք է լինելու, որին ներգրավված են լինելու փորձագետներ: Մենք փորձելու ենք գտնել փաստաթղթի համապատասխան տարբերակը: Իհարկե, հնարավոր է` ունենանք այն, ինչին ձգտում ենք` Ասոցացման համաձայնագիրն այնքանով, որքանով այն համապատասխանում է մեր նպատակներին եւ մեր ներկա իրավիճակին:
– Ասում եք` Ասոցացման համաձայնագիրն ընդգրկում էր մեծ ծավալներ, այս նոր փաստաթուղթն իր ծավալով կունենա՞ այդ տարողունակությունը:
– Մենք փորձելու ենք ամփոփել եւ առաջ բերել բոլոր այն ուղիները, այն բնագավառները, որոնք կխորացնեն մեր հարաբերությունները ԵՄ հետ: Հաշվի են առնվելու իրողությունները, ու ամենալայն ծավալներով ընդգրկվելու են այն ոլորտները, որտեղ մենք համագործակցելու ենք:
– Արդյո՞ք այդ նոր փաստաթուղթը պատրաստելու հիմնական սկզբունքներից մեկն այժմ պետք է լինի այն, որ դա չպետք է հակասի Մաքսային միությանը:
– Ասոցացման համաձայնագիրն ունեցել է բազմաթիվ ոլորտներ ու բաժիններ: Այն ներառել է քաղաքական բաժին, արդարությունների եւ ազատությունների բաժին, տնտեսական, առեւտրային ու սակագնային ոլորտներին վերաբերող 2 ծավալուն բաժիններ եւ այլն: Փաստաթուղթը մոտ 30 ոլորտ է ներառել: Այսպես, թե այնպես, մենք ԵՄ հետ այս բոլոր հարցերի շուրջ ունենք ձեւավորված հարաբերություններ, ձեւավորված համագործակցություն: Հարցն այն է, թե մենք որքանով կարող ենք արդիականացնել մեր օրենսդրական դաշտը որոշ նորմեր ու ստանդարտներ համապատասխանեցնելու համար: Եվ, այո՛, պետք է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ այսօր գոյություն ունի հարաբերությունների այլ շրջանակ, որը պարունակում է ինտեգրացիոն գործընթաց: Իսկ այստեղ համատեղելու խնդիրը լինելու է շատ էական: Մենք ինչպե՞ս կկարողանանք համատեղել: Սա մեր միակողմանի պայմանագիրը չէ, գոյություն ունի մյուս կողմը, որի հետ էլ այդ բոլոր հարցերի շուրջ մենք պետք է աշխատենք: Եվ ես հուսով եմ, որ մենք կկարողանանք եզրեր գտնել:
Արմինե Ավետյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում