Սուրբ թարգմանչաց տոնը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է: Տոնի առիթով այսօր «Հայ Եկեղեցու երիտասարդաց միավորումը» և մի շարք երիտասարդական կառույցներ Երևանի ազատության հրապարակից քայլերթ կատարեցին Հանրապետության հրապարակ, որտեղից ավտոբուսներով տեղափոխվեցին Էջմիածին:
Ուխտերթն ուներ Սիրո, Հավատքի և Հավատարմության խորհուրդը և ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, հոգևոր-ազգային և ընտանեկան ավանդական արժեքների պաշտպանությանը:Քայլերթին մասնակցում էին տարբեր համայնքների երիտասարդներ ու միություններ: Քայլերթի ուղեկցվում էր աղոթքներով և երգերով: «Ուխտերթը ոչ միայն սեր,հավատք և հավատարմություն էր տարփողում,այլ նաև ցնծություն բերեց մարդկանց ու շուրջը արթնության ղողանջներ սփռեց»- ,ասաց Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը: Մայր Աթոռի նորակառույց Բաց խորանի առջև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ օրհնության կարգ և Հայրապետական պատգամ: Ուխտերթին մասնակցող «Մանանա» երիտասարդական ծրագրի մասնակիցները բերել էին գունավոր տառերով գրված իրենց կարգախոսը`«Ձեր ամեն ինչը սիրով թող լինի»:
«Առաջին անգամ եմ մասնակցում ուխտերթին ու հուսով եմ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն,քանի որ դրանք ավելի են համախմբում երիտասարդներին»,ասաց Աբովյան քաղաքի «Մանանա» ծրագրի մասնակից Մանե Հայրապետյանը: Կաթողիկոսի օրհնությունից հետո երիտասարդները տոնը շարունակեցին ազգագրական պարեր պարելով:
Անուշ ԱՌԱՔԵԼՅԱՆ