Երեւանի «Միկան» արդեն ապահովել է հաղթանակը:
Հռոդոս կղզում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնության մեկնարկային տուրը դեռ շարունակվում է, սակայն Երեւանի «Միկան» այս պահի դրությամբ արդեն ապահովել է հաղթանակը՝ «Վիլնյուս Ֆորտասի» նկատմամբ՝ առջեւում ընթանալով 2,5:0,5 հաշվով: Առաջին միավորը մեր թիմին բերեց 4-րդ խաղատախտակի առջեւ սեւ խաղաքարերով հանդես եկող Լելա Ջավախիշվիլին (լուսանկարում)՝ արդեն 12-րդ քայլում պարտության մատնելով Գինտարե Պաուլաուսկայտեին:
Հաղթանակով մեկնարկեց նաեւ իր համար անսովոր 3-րդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Էլինա Դանիելյանը, որը 45-րդ քայլում կոտրեց Դոմինիկա Բատկովսկայտեի դիմադրությունը: Սալոմե Զակսայտե-Լիլիթ Մկրտչյան զույգը երկրորդ խաղատախտակի առջեւ 29-րդ քայլում բաժանեց միավորը, իսկ Հարիկա Դրոնավալի-Դեյմանտե Դաուլայտե պարտիան դեռ շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chess-news.ru-ի