Ոստիկանությունը արգելել է վարորդներին սպասարկել գիծը
Երեկվանից Գյումրու նախորդ ու ներկա քաղաքապետերի միջև պատերազմ է սկսվել ամենաշահութաբեր բիզնեսի` տրանսպորտային գծերի համար:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը արգելել է կենտրոնական գծերից մեկը շահած, թիվ 20 երթուղին սպասարկող Գյումրու «Ամուր հիմք» կազմակերպության գործունեությունը: Ըստ շրջանառվող տեղեկությունների, այն պատկանում է նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին: Պատճառը, ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը, այն է, որ հայտնաբերել են մրցույթի անցկացման կարգի կոպիտ խախտումներ: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած կազմակերպությունը, համաձայն կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշման, պետք է ունենա մեքենաների գոնե կեսը, իսկ տվյալ դեպքում տվյալ ընկերությունը վարձակալական հիմունքներով է վերցրել մեքենաները: Թիվ 20 երթուղու վարոդներն էլ, տեսնելով, որ ոստիկանները իրենց արգելում են գիծ դուրս գալ, այսօր բողոքի ակցիա են անցկացրել Գյումրի –Երևան մայրուղում `փորձելով փակել ճանապարհը:
Կարդացեք նաև
Միջամտել են տեղի ոստիկանները` երկու հոգու հրավիրելով ոստիկանություն ու նախազգուշացնելով , որ նման բան այլևս չկրկնվի: Իհարկե, անկախ այն հանգամանքից` տվյալ կազմակերպությունը պատկանում է Վարդան Ղուկասյանին, թե Սամվել Բալասանյանին, վարորդները մտահոգվելու պատճառ ունեն, եթե նրանց արգելեն աշխատել, գործազուրկ քաղաքը կհամալրվի ևս 30 գործազուրկներով:
Թե ինչպես է լուծվելու այս վարորդների աշխատանքի , ինչպես նաև թիվ 20 երթուղու սպասարկման հարցը, վաղը կփորձենք մանրամասներ ճշտել Գյումրու քաղաքապետարանից: Այժմ միայն նշենք` չի բացառվում , որ Սամվել Բալասանյանը դիմի մարզի դատախազին` Գյումրու նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Բանն այն է, որ մրցույթն անցկացնող 7 հոգանոց հանձնաժողովի նախագահն եղել է Վարդան Ղուկասյանի տեղակալ Գագիկ Մանուկյանը, ով և աչք է փակել կառավարության պահանջների վրա:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ