Մոտ երեք ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի առջև սկսվեց երկու կոռումպացված պաշտոնյաներ Հ. Նավասարդյանի և Մ. Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով նստացույց, որի մասնակիցները եղանակային պայմաններից պաշտպանվելու նպատակով իրենց ավտոմեքենաները կայանում էին քաղաքապետարանի առջևի ավտոկայանատեղիում՝ զրկված լինելով վրանի կամ հովանոցի տեղադրման հնարավորությունից: Սեպտեմբերի 21-ից սկսած, «ԶԻԼ» բեռնատարով նստացույցի մասնակիցների մեքենաներին հարվածելուց և տուգանային հրապարակ տեղափոխելուց հետո, ոստիկանությունը հանկարծ սկսեց ակտիվ կերպով հսկողություն իրականացնել՝ թույլ չտալով քաղաքապետարանի առջև կայանել ոչ ծառայողական որևէ ավտոմեքենա: Քաղաքապետարանի առջև ոչ ծառայողական համարանիշերով մեքենա հայտվելու դեպքում շուրջօրյա հերթապահություն իրականացնող ոստիկանի կողմից այն անմիջապես հեռացվում է տարածքից՝ անհրաժեշտության դեպքում քարշակով: Երևան քաղաքում՝ որևէ այլ տարածքում ոստիկանությունը նման հսկողություն չի իրականացնում, ինչն ինքնըստինքյան հուշում է այս ամենի իրական նպատակի մասին՝ ամեն գնով նստացույցի պայմանները վատթարացնել:
Եւ այսպես՝ իրականում քաղաքապետարանի առջև ոչ ծառայողական ավտոմեքենա կայանելն արգելված չէ, քանի որ կայանատեղիի մոտ փակցված է կամայական նշան: Նման ճանապարհային երթևեկության նշան գոյություն չունի. դրա տեղում կարող էր փակցված լինել ցանկացած պատկեր: Սա նշանակում է, որ փակցված նշանն իրավական ուժ չունի: Հետևաբար` ոչինչ չի արգելում քաղաքացուն այդ հատվածում կայանել իր մեքենան: Արդեն 10 օր է այս խնդրի մասին տեղյակ են ճանապարհային ոստիկանությունում, ՄԻՊ գրասենյակն էլ այդ հարցով գրագրության մեջ է նրանց հետ, սակայն մինչ օրս ոստիկանությունը չի կարողացել իրավական հիմքեր ներկայացնել։ Փաստորեն՝ չկա իրավական հիմնավորում քաղաքացիներին երթևեկության կանոն խախտելու համար տուգանելու, ավտոմեքենան տուգանային հրապարակ տանելու և սեփականատիրոջը ձերբակալելու համար։ Ավելին` բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին իրացնում է իր սահմանադրական իրավունքը, որը գերակա է տվյալ դեպքում ճանապարհային երթևեկության ենթադրյալ կանոնին։ Նույնիսկ եթե պայմանական ընդունենք, որ քաղաքապետարանի առջև կայանելն արգելված է, եթե քաղաքացիները հայտարարել են նստացույց, ապա պետությունը պարտավոր է ապահովել նրանց բողոքի իրականացման և առողջության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ։ Սրա մասին բազմիցս հայտարարել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, իսկ կոնկրետ այս դեպքով տվել եզրակացություն և դիմել ոստիկանապետին, որպեսզի պատասխանատվության ենթարկի օրինախախտ ոստիկաններին: Վատ եղանակ է, կայանատեղին դատարկ է, և մեքենան որևէ մեկին չի խանգարում, ուրեմն՝ նույնիսկ մեր պայմանական դեպքում դրա կայանումն արգելելը և մարդուն ցրտին անձրևի տակ անպաշտպան թողնելը մարդու իրավունքի կոպիտ խախտում է: Նստացույցի մասնակիցների առողջությանը հասցված վնասի համար պատասխանատուն միմիայն պետությունն է՝ ի դեմն ոստիկանության։
«Ազատագրում»