Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզկենտրոն Կապանը տոնեց 75-ամյակը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2013 23:31

Կապան քաղաքի փողոցներն այսօր սովորականից մարդաշատ էին: Սյունիքի մարզկենտրոնն այսօր տոնում էր քաղաքի կոչում ստանալու 75-ամյակը: Քաղաքի տարբեր փողոցներում  տոնական միջոցառումները մեկնարկել էին դեռ վաղ առավոտից  եւ շարունակվել  մինչեւ ուշ երեկո: Ամենուր շնորհավորանքներ, մաղթանքներ ու ցանկություններ՝ ուղղված Կապանին ու կապանցիներին:Kapan5Kapan4

Այս տարի Կապանի տոնական տորթը 4 մ երկարություն եւ 2.5 մ լայնություն ուներ, որը կապանցի երիտասարդները մասերի են բաժանել եւ հյուրասիրել քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներին: Պատարագ, ծաղկադրում Բաղաբուրջի հուշահամալիրում, փողային նվագախմբի ելույթ, շնորհավորանքի ելույթներ, այց Կապանի երկրագիտական թանգարան, գեղանկարների եւ ձեռքի աշխատանքների  մանկական ցուցահանդես, մանկական համերգ, հեծանվավազք,  գեղարվեստական մարմնամարզության  դպրոցի սաների  եւ մյուս սպորտաձեւերի  ցուցադրական ելույթներ, տոնական ուրախ տոնավաճառ, լարախաղաց եւ այլ միջոցառումներ էր կազմակերպվել՝ կապանցիների եւ քաղաք ժամանած հյուրերի համար:Kapan10Kapan

Կապանցիներն այսօր տարբեր ցանկություններ էին հնչեցնում՝ Կապանի օդանավակայանի շահագործում, Կապանում նոր աշխատատեղերի ստեղծում, երիտասարդության համար ժամանցի հետաքրքիր վայրերի կառուցում, նոր հանգստյան գոտիների ստեղծում եւ այլն: Պատերազմ տեսած հերոս քաղաքը եւ այդ քաղաքի բնակիչները լավ ու արժանի պայմաններում ապրելու եւ աշխատելու լիարժեք իրավունք ունեն, ուստի բնակինչների հիմնական ցանկությունը մեկն է՝ Կապանցին իր քաղաքից այլեւս չթողնի հեռանա, այլ պայամններ ստեղծվեն արտագաղթը կանխելու եւ քաղաքից հեռացած կապանցիների վերադարձի հնարավորություն տալու համար: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շնորհավորելով կապանցիներին՝ նշեց, որ այս տոն օրը յուրաքանչյուրին պարտավորեցնում է խորհել անցած մեկ տարում իր կատարած աշխատանքի մասին, ուստի պետք է այնպես ապրել, որ ամեն տարի այս օրը յուրաքանչյուր կապանցի ասելիք ունենա եւ հպարտանա իր արածով:

«Իսկ կապանցին արդեն իսկ ապացուցել է, որ իր անկոտրում կամքով ու անբասիր աշխատանքով կարող է հասնել ամեն ինչի: Դրա ապացույցը, նախեւառաջ, մեր փառավոր հաղթանակներն են ու այսօրվա մեր չքնաղ Կապանը, որը դարեր շարունակ ոչ միայն կարողացել է գոյատեւել, այլեւ խարխուլ խրճիթներով մի աննշան բնակավայրից դարձել է Սյունիքի թագավարության մայրաքաղաք, այնուհետեւ` Դավիթ-Բեկի ազատագրական շարժման կենտրոն, իսկ այսօր` Սյունիքի մարզկենտրոնն է:
Սիրելի’ կապանցիներ,
մեր քաղաքի պատմության այս ժամանակահատվածի կերտման պատասխանատվությունը մեզ վրա է դրված: Այդ դժվարին, բայց միաժամանակ փառավոր գործը շարունակենք նոր ոգով ու եռանդով` լիահույս լինելով, որ այդ ճանապարհին ունենալու ենք նորանոր հաջողություններ ու միասին տոնելու ենք շատ հաղթանակներ»,- կապանցիներին ուղղված իր շնորհավորանքի խոսքում ասաց Կապանի քաղաքապետը: -:

84-ամյա Վոլոդյա Հայրապետյանը վեց տասնամյակ առաջ է Դավիթ-Բեկ գյուղից  Կապան տեղափխվել եւ արդեն 60 տարի է՝ մարզկենտրոնում է ապրում, ասում է՝ այն ժամանակվանից շատ բան է փոխվել Կապանում:

«Ես 40 տարի վարորդ եմ աշխատել, ասֆալտ չկար փողոցներում, քարուքանդ փողոցներով էինք մեքենաները քշում, ճաշարանի կտուրներից հող էր թափվում մեր գլխներին եւ այլն…ամեն ինչ շատ դժվար էր: Իսկ հիմա ճանապարհներն ասֆալտապատ են, ճաշարանի տանիքներից հող ու անձրեւաջեուր չի թափվում, մենակ խաղաղություն լինի, այլեւս պատերազմի երես չտեսնի կապանցին ու գոնե բարձր աշխատավարձ ստանա, որ կարողանա նորմալ ապրի: Կապանցիները լավ մարդիկ են, բարի են, կռվարար չեն, ձեռք մեկնող են, Կապանն էլ աշխատավոր քաղաք է, միակ ցանկությունս էն է, որ Կապանի ժողովուրդն առողջ լինի ու լավ պայմաններում ապրի…», – իր ցանկությունը հայտնեց տարեց կապանցին, ով իր ընկերների հետ այսօր մասնակցելու էր եկել քաղաքին նվիրված տոնական միջոցառումներին:  Իսկ միջոցառումների շարքը եզրափակվեց մեծ տոնական մեծ հրավառությամբ ու երեկոյան կազմակերպված տոնական համերգային ծրագրով, որին մասնակցում էին կապանցի, ինչպես նաեւ մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031