Հայաստանում բրիտանական օրերի շրջանակներում անցկացվող միամսյակի շրջանակներում Բրիտանիայի դեսպանատունը մշակութային, կրթական ծրագրերից բացի, իրականացնում է նաեւ մարզական միջոցառումներ:
Այսօր «Դինամո» մարզադահլիճում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Դինամո» մարզական միության հետ համատեղ կազմակերպվել էր մինի ֆուտբոլի հանդիպում Լոնդոնի «Արսենալի» եւ «Լիվերպուլի» ֆան ակումբների միջեւ:
Բրիտանական դեսպանատան մամուլի քարտուղար Լիլիթ Քալանթարյանն Aravot.am-ին ասաց, որ այդպիսի հանդիպում նախօրոք պլանավորված էր եւ դեսպանատունը շատ ուրախ էր աջակցել այն կազմակերպել:
Կարդացեք նաև
Հանդիպումից առաջ դեսպան Ջոնաթան Էյվսը ողջունեց թիմերին: Նա նշեց, որ ուրախ է տեսնել, որ անգլիական ֆուտբոլը մեծ տարածում ունի Հայաստանում եւ թիմերին հաջողություն մաղթեց: ՀՖՖ 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը վստահություն հայտնեց, որ «Արսենալի» եւ «Լիվերպուլի» հայ երկրպագուները կրկնակի երկրպագում են Հայաստանի ազգային հավաքականին: Նա նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ողջունում է ֆուտբոլային նմանատիպ նախաձեռնությունները եւ միշտ պատրաստական է աջակցել դրանց կազմակերպմանը:
Ֆուտբոլասերներից կազմված թիմերը ցույց տվեցին, որ նաեւ լավ տիրապետում են գնդակին: Խաղն ավարտվեց 6:2 հաշվով՝ հօգուտ «Արսենալի»: Հանդիպման ավարտին դեսպան Ջոնաթան Էյվսը հաղթող թիմին պարգեւատրեց խորհրդանշական ֆուտբոլային գնդակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ