Բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ» ֆուտբոլային ակումբում հանդես եկող Նորայր Գյոզալյանը հարցազրույց է տվել « Goals.by» պարբերականին, որտեղ պատմել է իր 350 հյուրերով հարսանիքի մասին, թե ինչպես են Հայաստանում ակումբները լուծարվում և հիշել է Դավիդ դե Խեայի դարպասին խփած գոլը: Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով:
«Չէիք վախենո՞ւմ ռուսալեզու քաղաք գալուց»:
«Մի քիչ տիրապետում եմ լեզվին: Դպրոցում անցնում էինք: Սակայն ֆուտբոլի մարզումների պատճառով միշտ չէր, որ ստացվում էր հաճախել: Չնայած կարողանում էի հասցնել: Ճիշտ է, հիմա հարմարվել եմ ձեր երկրին: Առաջին ամիսը Բելառուսում բավական դժվար էր: Հիմա այնքան էլ վատ չէ»:
«Ռուսաց լեզուն Հայաստանում պե՞տք է գալիս»:
Կարդացեք նաև
«Ոչ այնքան: Մեզ մոտ ամեն ինչ հայերենով է… ինձ զարմացրեց, որ տեսա բելառուսները գրեթե չեն խոսում իրենց մայրենի լեզվով, թեև սովորում են դպրոցում»:
«Ռուսերեն կարդու՞մ եք»:
«Հայերեն: Տոլստոյ եմ շատ սիրում, բայց իմ սիրած գիրքը Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո»-ն է»:
«Դուք վերջերս ամուսնացել եք»:
«Այո: Կնոջս հետ ծանոթացել ենք հինգ տարի առաջ: Մեր ընտանիքներն ընկերություն էին անում: Ստացվեց այնպես, որ ես ու ապագա կինս սկսեցինք հանդիպել ու ամուսնացանք ամռանը: Երեք ամիս առաջ էր հարսանիքը»:
«Մե՞ծ հարսանիք էր»:
«350 հոգի: Դա հյուրերի նորմալ քանակ է մեր երկրում: Գիտեմ, որ Բելառուսում հարսանիքներն ավելի համեստ են»:
«Ի՞նչ կասեք Բելառուսի առաջնության մասին»:
«Բելառուսականը շատ է տարբերվում հայկականից: Մեր ակումբները խաղը կազմակերպում են կարճ փոխանցումներով և գնդակը վերահսկելով: Ձեր առաջնությունում պայքարն ավելի շատ է: Թիմերը փորձում են խաղալ երկար և միջին փոխանցումներով»:
«Բելառուսում ավելի շա՞տ են հարվածում ձեր ոտքերին»:
«Իհարկե, այստեղ հանգիստ չես մնա (ժպտում է): Բելառուսի առաջնության պաշտպաններն ավելի կոպիտ են»:
«Դեռևս Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուն չի կարողանում իրեն դրսևորել Բելառուսի առաջնությունում»:
«Ես արդեն ասացի, որ դուք մի քիչ այլ ֆուտբոլ ունեք: Ավելի ուժային: Կամաց-կամաց հարմարվում եմ: «Իմպուլսում» ես սովոր էի մաքուր հարձակվողի դիրքին: Մարզիչը հաճախ էր ինձ դաշտ հանում որպես միակ հարձակվող: «Տորպեդո»-ում ստիպված եմ մի քիչ եզր քաշվել: Դեռևս մի քիչ անհարմար է այդպես խաղալը: Կարծում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»:
«Ո՞ր առաջնությունում կուզեիք խաղալ»:
«Իմ երազանքների գագաթը Մադրիդի «Ռեալ»-ն է: Մանկուց եմ երկրպագում այդ ակումբին: Պաշտում էի Զիդանի ժամանակաշրջանը: Այդպիսի ուժեղ «Ռեալ» այլևս չկա: Ճիշտ է, այնտեղ խաղալը գրեթե անիրականալի է: Այդ պատճառով ուզում եմ ուժերս փորձել Բելգիայի կամ Ռումինիայի առաջնություններում: Կարծում եմ՝ այդ մեկը կարող եմ անել»:
««Իմպուլս» ակումբը, որտեղ դուք հանդես էիք գալիս, իրեն սնանկ հայտարարեց: Ինչպե՞ս դա եղավ»:
««Իմպուլս»-ը երեք տարի հանդես էր գալիս Հայաստանի բարձրագույն առաջնությունում: Ես այնտեղ անցկացրել եմ մեկուկես տարի: Դարձա մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Մենք լավ ֆուտբոլ էինք ցուցադրում: Մեզ կայուն վճարում էին… Իսկ հետո, մրցաշրջանի մեկնարկից առաջ, մեզ մոտ եկան թիմի ղեկավարներն ու ասացին, որ ակումբը լուծարվում է: Ոչ ոք չհասկացավ ինչու: Մենք չստացանք նորմալ պատասխան»:
«Եվ ի՞նչ արեցիք դուք»:
«Ես առաջարկություններ ունեի Լեհաստանից, Բելառուսից ու Հայաստանից: Ես որոշեցի գնալ «Կրակովիա»: Ճիշտ է, այնտեղ տեղափոխվել չստացվեց: Ամենի մեղավորը գործակալներն էին, որոնք իմ տեղափոխման վրա ուզում էին փող աշխատել: Այդ մարդիկ գումար էին ուզում ակումբներից: Ես անկախ գործակալ էի: Դրա մասին հետո իմացա: Արդյունքում «Կրակովիա»-ում հրաժարվեցին իմ ծառայություններից»:
«Դեռևս դուք խաղացել եք միայն երիտասարդական հավաքականում…»:
«Այո, շատ եմ ուզում հրավեր ստանալ ազգային հավաքականից: Մենք լավ հավաքական ունենք՝ Մխիթարյան, Մովսիսյան, Օզբիլիս… Մխիթարյանի հետ երիտասարդականում ենք խաղացել: Շատ լավ ու բարի մարդ է: Նրա հետ այնքան հեշտ է շփվելը, որ երբեք չես ասի, որ այս մարդը «Բորսուսիա»-ում է խաղում»:
Հարցազրույցի ավարտին, Գյոզալյանը պատասխանելով հարցին, թե ինչն երիտասարդական հավաքականի խաղերից հատկապես տպավորթյուն թողել՝ ֆուտբոլիստը հիշել է Հայաստան Իսպանիա խաղում (2:4) դարպասապահ Դավիդ դե Խեային խփած գոլը. «Այդ դե Խեային դեռ ոչ ոք չգիտեր: Հետո նա սկսեց խաղալ «Ատլետիկո»-ում, այնուհետև տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Այնպես որ, ես աշխարհի համար բացահայտեցի դե Խեային (ժպտում է)»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ