Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) հոկտեմբերի 14-ից 21-ը իրականացնում է «Փոխվի´ր» (Be the change) ուսուցողական դասընթացը, որին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Իտալիայի հասարակական կազմակերպությունների 30 ներկայացուցիչներ: Դասընթացը կազմակերպվել է Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում:
Ծրագրի ընթացքում երիտասարդները կքննարկեն երիտասարդության զբաղվածության, իրավունքների, երիտասարդական նախաձեռնությունների և շարժունակության խնդիրները, կյանքի մասին իրենց տեսլականը: Ըստ ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանի՝ «Երիտասարդությունն այսօր աշխատաշուկայում կանգնած է լուրջ խոչընդոտների առջև: Գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում շատ ավելի բարձր է, իսկ աշխատանքային պայմաններն ավելի վատն են»: «Փոխվի´ր» ուսուցողական դասընթացը նպատակ է հետապնդում խրախուսել երիտասարդների ձեռնարկատիրական նախաձեռնությունները ու զարգացնել հմտությունները: Այն ընդգծում է ռիսկի դրական կողմերը, որ կարող են հանգեցնել փոփոխությունների: Ծրագրի մասնակիցներն արդեն հասցրել են հանդիպել և հարցազրույցներ ունենալ Հրազդան քաղաքի բնակիչների հետ` հասկանալու հայ երիտասարդների հնարավորությունները Հայաստանի մարզկենտրոններում: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ տեղեկացրեց. «Նախատեսվում է կլոր սեղան-հանդիպում երբեմնի արդյունաբերական քաղաք և համահայկական երիտասարդական մայրաքաղաք հռչակված Վանաձորում. մասնակիցները կփորձեն վերհանել տեղի երիտասարդների հիմնախնդիրները, կիսել եվրոպական փորձը»:
Հիշեցնենք, որ Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին: Այսօր կազմակերպությունը միավորում է ավելի քան 90 երիտասարդական մասնագիտական ու տարածքային ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ: Երիտասարդական ակումբների դաշնությունը սերտորեն համագործակցում է տասնյակ օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ` հնարավորություն ընձեռելով հարյուրավոր հայ երիտասարդների մասնակցելու բազմապիսի միջազգային ուսուցողական ծրագրերի:
Կարդացեք նաև
Երիտասարդական ակումբների դաշնություն