«Մենք չենք տեսնում ճանապարհային ոստիկանության կողմից ռազմավարություն, թե ինչ պետք է արվի վաղը, ինչ պետք է արվի մյուս օրը, ինչ պետք է արվի մյուս տարի»,- հոկտեմբերի 19-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարել է «Աքիլլես» ավտովարորդների իրավական պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ Ազգային Ժողովի ընդունած վարչական խախտումների վերաբերյալ 283 հոդվածը հակասում է հատուկ փաստաթղթերի առաքման մասին օրենքին. Քաղաքացին համարվում է ծանուցված անգամ այն դեպքում, երբ ինքը չի գտնվում իր բնակարանում. «Սա ուղղակի մի մեծ խայտառակություն է: Ես դիմում եմ Ազգային Ժողովի նախագահ պարոն Հովիկ Աբրահամյանին, որ վերանա այդ խայտառակ հոդվածը: Չի՛ կարելի ոչ մի տրամաբանության մեջ չմտնող հոդված ընդունել»:
Պարոն Հովհաննիսյանի խոսքով՝ հազարով վարորդներ են պատասխանատվության ենթարկվել անկախ այն փաստից՝ գտնվե՞լ են իրենց բնակության վայրում, թե՝ ոչ: Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ ճանապարհային ոստիկանությունը մտածում է փողոցները տեսախցիկներով և արագաչափերով կահավորելու մասին. «Բա, մնացած հարցերը մենք չունե՞նք, վարորդ հետիոտն հարաբերությունների վերաբերյալ ոչ մի բան չկա՞: Հետիոտների մահացության դեպքերն էլ չեն պակասել»:
Լրագրողներից մեկի հարցին՝ վարորդների՞ խախտումներն են շատ, թե՝ ոստիկանների, Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանեց՝ իհարկե, վարորդների. «Վարորդները չգիտեն երթևեկության կանոնները: Կառավարությունը, որ ընդունեց տեղադրել այդ տեսախցիկները մի քիչ շտապել են, որովհետև մեր վարորդները պատրաստ չեն այդ խախտումներին, որովհետև իրենք սովոր են, որ պիտի գան ու այստեղ կանգնեն ու հիմա սկսել են տուգանել ու ինքը չգիտի, թե ինչի՞ համար են իրեն տուգանում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ