Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2013» խորհրդաժողովը

Հոկտեմբեր 19,2013 13:11

«Անի Պլազա» հյուրանոցի «Անի հոլ» դահլիճում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2013թ.» (ՀԵՄՄ 2013) երիտասարդական խորհրդաժողովի բացումը:

Երիտասարդական մոդելավորման այս ծրագիրն իրենից ներկայացնում է Եվրոպական խորհրդարանի գործունեության քաղաքական մոդելավորումը, որի թեման է «ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողով. Ասոցացման համաձայնագրերին ընդառաջ»:

Խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, որը խոսեց խորհրդաժողովի առանցքային նպատակի մասին, այն է` խթանել քաղաքացիական ակտիվությունը և բարելավել Եվրամիության մասին գիտելիքներն ու եվրոպական իրազեկվածության մակարդակը երիտասարդության շրջանում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը. «Վերջին տասներկու տարվա ընթացքում մենք ունեցել ենք արագ զարգացող տնտեսական գործընթացներ, ինչը թույլ է տալիս պնդելու, որ միայն միջազգային հանրության հետ շփումների միջոցով է հնարավոր հասնել զգալի հաջողությունների: Միջազգային օգնությունն անհրաժեշտ է հատկապես փոքր երկրներին՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկ ռեսուրսների ոլորտներում: ԵՄ-ի համար այժմ արտաքին ճնշումներն անընդունելի են, և այս առումով ես ուզում եմ շեշտել երիտասարդների կարևորությունը»:

Խորհրդաժողովին մասնակցելու համար շուրջ 300 դիմորդներից երկփուլանի մրցակցային գործընթացներով ընտրվել են 100-ից ավելի երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև 12 միջազգային մասնակիցներ եվրոպական տարբեր երկրներից (Լեհաստան, Հունաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, Ավստրիա, Մոլդովա և այլն):

Խորհրդաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 20-ը:

Խորհրդաժողովի ընթացքում կմոդելավորվեն Եվրախորհրդարանի աշխատանքները: Այն միակ ԵՄ կառույցն է, որի ներկայացուցիչներն ընտրվում են ուղղակիորեն` ԵՄ քաղաքացիների կողմից: ՀԵՄՄ 2013-ին նախորդած երեք շաբաթների ընթացքում ընտրված մասնակիցներն արդեն բաժանվել են համապատասխան քաղաքական խմբերի, որոնք ներկայացված են իրական Եվրախորհրդարանում, և խորհրդաժողովի ընթացքում նրանք պետք է իրենց որոշումները կայացնեն Եվրամիությունում ներկայումս առկա քաղաքական ուժերի և ճնշումների համատեքստում` հաշվի առնելով իրենց կողմից ներկայացրած ԵՄ քաղաքացիների խմբերի ազգային շահերը: Խորհրդաժողովին նախորդած շաբաթների ընթացքում միջոցառման մասնակիցները, համապատասխան մասնագետների անմիջական օգնությամբ և օժանդակությամբ, հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու Եվրախորհրդարանի օրենսդրական ընթացակարգերը, ինչպես նաև ծանոթացել և հմտացել են եվրոպական ինտեգրման և ընդլայման քաղաքականությունների մեջ: Խորհրդաժողովի մասնակիցները նաև հնարավորություն կունենան զարգացնելու իրենց բանակցային հմտությունները, ինչպես նաև անգլերենի իմացությունը, քանի որ խորհրդաժողովի պաշտոնական լեզուն անգլերենն է:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031