Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Մեդիագրագիտություն» ձեռնարկի և «Մեդիամարտ» խաղի շնորհանդեսը

Հոկտեմբեր 19,2013 11:04

«Սա ձեռնարկ է, որի հիմքում ընկած է դասընթացների շարք դպրոցների համար, ձեռնարկը ուղղված է ուսուցիչներին, ձեռնարկի մաս է կազմում ստեղծագործական խաղ, որը ուղղված է դպրոցականներին և, որը կարող է գնալ դպրոցներ ոչ միայն ուսուցիչների միջոցով, այլ նաև այլ ազատ անհատների միջոցով»,- հոկտեմբերի 18-ին «Մեդիագրագիտություն» ձեռնարկի և «Մեդիամարտ» խաղի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտերնյուս» ՀԿ) գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:

Ձեռնարկը նախատեսված է բարձր դասարանների աշակերտների համար, այն պարունակում է 10 թեմա, որոնց համապատասխան տեսաձայնային և տեքստային նյութեր կան: Ձեռնարկը երաշխավորվել է Կրթության և գիտության նախարարության կողմից որպես ուսումնաօժանդակ նյութ դպրոցների համար:  Դասընթացը փորձարկվել է մի քանի դպրոցներում և ուսուցիչների վերապատրաստման դասեր են կազմակերպվել Երևանում և մարզերում: Վերապատրաստվել է մոտ 60 ուսուցիչ, մինչև տարվա վերջ այդ թիվը կհասնի 100-ի: Շնորհանդեսի ընթացքում  մրցութային կարգով ընտրված 5 դպրոցների ուսուցիչները շնորհվեցին պատվոգրեր և դրամաշնորհներ իրենց դպրոցներում դասընթացը անցկացնելու համար:

Թիվ 69 դպրոցի փոխտնօրեն Կարինե Սամվելյանը նշեց, որ իր աշակերտները անհամբերությամբ են սպասում մեդիագրագիտության դասին: Տիկին Սամվելյանը կարծում է մեդիագրագիտությունը ունիվերսալ գիտություն է՝ այն կիրառելի է բոլոր առարկաների հետ. «Մեկ տարի առաջ, երբ մասնակցեցի այս դասընթացին, շատ-շատ նոր և հետաքրքիր էր այս ասպարեզը: Ասպարեզը ես գտա, զուտ, որոնելով նորարական մոտեցումներ համացանցում  իմ առարկայի բնագավառում և հասա այն կետին, որ կա մանկավարժության մեջ մի նոր ուղղություն, որ կոչվում է մեդիագրագիտություն»:

Կրթության ազգային ինստիտուտի փորձագետ Լուսինե Ալեքսանյանը շնորհանդեսի ընթացքում հայտարարեց, որ կարծում է՝ առարկան երեխաներին դուր է գալիս, քանի որ ստիպում է նրանց քննադատաբար մտածել. «Մենք հաճախ դպրոցում տալիս ենք «ի՞նչ» հարցը և ակնկալում ենք այդ «ի՞նչ» հարցի պատասխանը, այն ինչ մենք պետք է տանք «ինչպե՞ս», «ինչո՞ւ» հարցերը և երեխաներից պետք է այդ հարցերի պատասխանները ակնկալենք: Այս ձեռնարկը այդ «ինչպե՞ս» և «ինչո՞ւ» հարցերն է տալիս աշակերտներին և ոչ միայն աշակերտներին»:

Ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը պատկերացնում է մեդիագրագիտությունը, որպես առանձին առարկա, իսկ որևէ այլ առարկայի մեջ ներառելու դեպքում՝ պատկերացնում է  հասարակագիտությունը. «Սա հասարակությունը հասկանալու, քո շրջապատը հասկանալու, մեդիան քո կյանքում հասկանալու և մեդիայի միջոցով աշխարհը հասկանալու մասին առարկա է: Ինպե՞ս են գովազդը, լուրերը, ֆիլմերը, երաժշտությունը ազդում քո վրա՝ որպես պատանի, ի՞նչ ես քաղում նրանցից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031