Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բիձինա Իվանիշվիլին կյանքի կկոչի վրացական երազանքը

Հոկտեմբեր 19,2013 14:07

«Վրացական երազանք» դաշինքը ներկայացնող Վրաստանի երիտասարդ սոցիալ-դեմոկրատներ կուսակցության առաջնորդ Գիա Ջիորջոլիանին Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու որոշումը շատ կարեւոր է համարում:

սկիզբը

– Հոկտեմբերի 27-ին Վրաստանում նախագահական ընտրություններ են կայանալու: Ի՞նչ ընտրություններ են սպասվում Վրաստանին:

– Իմ կարծիքով՝ կհաղթի «Վրացական երազանքի»՝ քաղաքական մեծամասնության թեկնածուն՝ Գեորգի Մարգվելաշվիլին, առաջին փուլով: Մեր կուսակցությունը նույնպես պաշտպանել է նրա թեկնածությունը:

Այդ ընտրությունները, կարծում եմ, կլինեն Վրաստանի պատմության մեջ ամենադեմոկրատական եւ թափանցիկ ընտրությունները: Չեն լինի մանիպուլյացիաներ եւ կեղծիքներ: Բայց պետք է նկատի առնենք, որ նախագահի լիազորությունները Վրաստանում կտրուկ նվազեցված են: Դեռ 2010-ին Սաակաշվիլու կառավարությունը սահմանադրական փոփոխություններ կատարեց, քանի որ նա այլեւս չէր կարող վերընտրվել նախագահի պաշտոնում, ցանկանում էր վարչապետ դառնալ: Այժմ, այդ փոփոխությունների համաձայն, Վրաստանում գործադիր մարմնի ղեկավարն առավել լայն լիազորություն է ստանձնելու, իսկ նախագահն առավելապես արարողակարգային գործառույթներ է ունենալու: Հետեւաբար չեմ կարծում, թե նախագահի անձով պայմանավորված՝ Վրաստանի քաղաքական կուրսում կտրուկ փոփոխություններ կլինեն: Իհարկե, կարեւոր է, թե ո՞վ է նախագահը, ի՞նչ քաղաքական ուժ է ներկայացնում, ի՞նչ մարդ է ինքը: Ես կարծում եմ, որ Գեորգի Մարգվելաշվիլին լավ թեկնածու է, եւ Վրաստանում ստեղծված արդի իրավիճակում նա կարող է լուրջ քաղաքական դերակատարում ստանձնել՝ իրադարձությունների վրա դրական ազդեցություն ունենալու առումով:

– Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ ինքը կհեռանա քաղաքականությունից: Նման բան հնարավո՞ր է:

– Գիտեք, դա առավել կարեւոր, արդիական եւ հետաքրքրական հարց է այսօր, քան Վրաստանում նախագահական ընտրությունները: Դա, հավանաբար, այդպես էլ կլինի: Անկեղծ ասեմ, ես, ինչպես նաեւ շատ այլ քաղաքական գործիչներ, սկզբում բավական անակնկալի եկանք այդ որոշումից եւ մի փոքր շփոթված էինք: Բայց ինչքան մտածում եմ, այնքան համոզվում եմ, որ դա շատ կարեւոր քայլ է՝ Վրաստանում պլյուրալիստական քաղաքական դաշտի ձեւավորման, դեմոկրատական զարգացումների խորացման համար: Ես կարծում եմ, որ մենք ունենք հասարակության մեծամասնության վստահությունը վայելող, բավականին խարիզմատիկ վարչապետ: Նա մեծ ներդրում ունի Վրաստանի համար՝ դա ռեպրեսիվ եւ ավտորիտար ռեժիմի փոփոխությունն է:

Ոչ բոլորն են այսօր, այդ թվում նաեւ Արեւելյան Եվրոպայում, պատկերացնում, թե ինչ կատարվեց Վրաստանում: Վրաստանում ռեժիմի փոփոխություն տեղի ունեցավ, ոչ թե մի կուսակցությունը պարտվեց, մյուսը հաղթեց: Վրաստանում այլեւս ռեպրեսիաներ չկան: Մեծ համաներում եղավ: Ողջ աշխարհին է հայտնի, թե ինչ բարքեր էին տիրում վրացական քաղաքականության մեջ, բոլորը տեսել են տեսագրությունները, թե ինչեր էին կատարվում վրացական բանտերում: 17 հազարից ավելի անձնական բնույթի տեսագրություններ կան: Ինքներդ մտածեք՝ այդքան փոքր երկրում՝ 17 հազար տեսագրություն… ամբողջ համակարգեր են աշխատել դրա վրա. մարդկանց տանջել են, շանտաժի են ենթարկել: Բայց այդ ամենն ավարտված է, մարդիկ ազատ են, չեն վախենում: Հիմա, իհարկե, բարդություններ կան այն առումով, որ մենք պետք է իսկապես ժողովրդավարական հասարակություն եւ ժողովրդավարական քաղաքական դաշտ ստեղծենք: Այս առումով շատ կարեւորում եմ եկող տարի մայիսի վերջին կայանալիք ՏԻՄ ընտրությունները: Ես կարծում եմ, որ դրանք իրապես ժողովրդավարական կլինեն, որոնք ի հայտ կբերեն նոր քաղաքական հոսանքներ, որոնք Վրաստանի քաղաքական սպեկտորում իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն:

Բիձինա Իվանիշվիլիի այս քայլը, իմ համոզմամբ, հնարավորություն է տալիս բոլոր՝ հին ու նոր քաղաքական կազմավորումներին սեփական հետաքրքրությունների իրական ագրեգատացման համար, ուստի սա, իմ կարծիքով, շատ դրական քայլ է՝ Վրաստանի հետագա ժողովրդավարական զարգացման ուղղությամբ:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031