Տուժողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու իրական սպառնալիք է եղել
Երեկ ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում ամբաստանյալ Ռաֆիկ Գասպարյանի բողոքի քննությունն էր: Այն կշարունակվի հոկտեմբերի 29-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել Ռաֆիկ Գասպարյանը: Նա չի ընդունել եւ չի ընդունում իրեն մեղսագրված արարքը: Ռաֆիկի մայրը խմբագրություն էր բերել իր նամակը, որտեղ ասվում է, թե անարդարացի են վարվել իր որդու նկատմամբ, եւ պահանջում է հսկողության տակ վերցնել սույն քրեական գործը: Նա նաեւ դժգոհ էր մեր նախորդ հրապարակումից, որում տեղեկացրել էինք առաջին ատյանում հետազոտված ապացույցների, դրա իրավական գնահատականների, մեղադրանքի մասին: Ըստ խմբագրությանը դիմածի տրամաբանության, դիմողը միշտ ճիշտ է:
Հաշմանդամ մայրն ասում էր, որ որդին բնութագրվում է դրական, որ ինքը գտնվում է նրա խնամքի տակ, որ որդին տուժողին պատճառած վնասը կամովին հատուցել է, եւ արարքը կատարել է ալկոհոլ գործածած վիճակում:
Ամբաստանյալ Ռաֆիկ Գասպարյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Ըստ գործի նյութերի, նա անցյալ տարվա սեպտեմբերի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երեւանի Կարմիր Բլուր գերեզմանատանը բռունցքով եւ գարեջրի շշով հարվածներ է հասցրել Գյումրիի բնակիչ Դավիթ Գրիգորյանին ու նրանից բացահայտ հափշտակել էր 90.000 ՀՀ դրամ գումար:
Դատաբժշկական փորձաքննության թիվ 2929 եզրակացության համաձայն, տուժողի՝ Գյումրիի բնակիչ Դավիթ Գրիգորյանի մարմնական վնասվածքները` քթի մեջի աջ կեսի, աջ արմնկային հոդի հետին մակերեսի քերծվածքների, զույգ ակնակապիճների կոպերի արյունազեղումների ձեւերով հասցվել են բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է՝ նշված ժամկետում, եւ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակել:
Նախորդ դատարանում դատաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Ռաֆիկ Գասպարյանն իր մեքենան վարել է Չարբախի գերեզմանատուն եւ տուժող Դավիթ Գրիգորյանին ասել. «Ինձ դավադիտ չանես, մոտդ ինչքան փող կա հանի տուր, թե չէ՝ քո համար վատ կլինի, դու ինձ չգիտես, ես ջղայն եմ, ինձ հանկարծ չջղայնացնես», որից հետո, մերժում ստանալով, գարեջրի շշով հարվածել է Դ.Գրիգորյանի գլխին, ինչի հետեւանքով վերջինս ուշագնաց է եղել եւ օգտվելով այդ հանգամանքից՝ հափշտակել է նրա գրպանում գտնվող 90.000 ՀՀ դրամ գումարը:
Այս գործով հետագայում դատախազը որոշում է ընդունել մեղադրանքը փոխելու մասին:
Դատախազը հղում էր արել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկին`Ժիրայր Ղուկասյանի, Արեն Ղեւոնդյանի եւ Վալերիկ Գրիգորյանի վճռաբեկ բողոքի հիման վրա, 15.02.2013թ. թիվ ԵԷԴ/0091/01/11 որոշման նկարագրական մասում արձանագրել էր. «բռնության տարբեր դրսեւորումների` կյանքի կամ առողջության համար վտանգավոր լինելը որոշվում է ելնելով.
ա/ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանից,
բ/ հանցագործության բնույթից, կատարման եղանակից, կատարման մեխանիզմի առանձնահատկություններից եւ այլն:
Ավազակային հարձակման բնույթից, կատարման եղանակից, կատարման մեխանիզմի առանձնահատկություններից եւ այլնից ելնելով՝ բռնությունը գնահատվում է որպես կյանքի կամ առողջության համար վտանգավոր նաեւ այն դեպքում, երբ դրա կիրառման պահին իրական վտանգ է ստեղծվել տուժողի կյանքի կամ առողջության համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաեւ, որ ավազակության (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդված) եւ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զուգորդված կողոպուտի (ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ) հանցակազմերը տարանջատելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ
ա/ ավազակության հանցակազմի իմաստով կյանքի կամ առողջության նկատմամբ գործադրված բռնությունը կամ դա գործադրելու սպառնալիքը դիտվում է վտանգավոր այն դեպքում, երբ դրա արդյունքում տուժողի առողջությանը պատճառվել է թեթեւ, միջին ծանրության, ծանր վնաս կամ մահ:
բ/ Կյանքի կամ առողջության համար բռնությունը կամ դա գործադրելու սպառնալիքը վտանգավոր է, եթե բռնության հետեւանքով տուժողի առողջությանը վնաս չի պատճառվել, սակայն գործի նյութերով հաստատվել է, որ բռնությունը գործադրելու պահին տուժողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու իրական սպառնալիք է եղել»:
Ըստ դատախազի նոր որոշման. «Սույն գործով դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ հանցանքի կատարման վայրով, սպառնալիքների բնույթով, եղանակով, գործադրված միջոցով, ստեղծված իրադրությունով պայմանավորված՝ Ռաֆիկ Գասպարյանի կողմից տուժող Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կիրառված բռնությունը վտանգավոր է եղել վերջինիս կյանքի կամ առողջության համար եւ գործի նյութերով հաստատվել է, որ հիշյալ բռնությունը գործադրելու պահին տուժողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու իրական սպառնալիք է եղել»:
Դատախազը մեղադրանքը փոխելով՝ վկայակոչել էր նաեւ դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները, մասնավորապես տուժող Դավիթ Գրիգորյանի եւ վկաներ Նազելի Գուլոյանի, Արտյոմ Աբրահամյանի, Մանուշակ Տոնոյանի, Գյուլնարա Գրիգորյանի, Մանյա Գրիգորյանի, Արսեն Վարդանյանի, Արմեն Մարդեյանի, Վասիլ Գասպարյանի ցուցմունքները, վերոհիշյալ դատաբժշկական փորձաքննության թիվ 2929 եզրակացությունը:
Ըստ վկա Նազելի Գուլոյանի ցուցմունքի էլ, շաբաթ եւ կիրակի օրերին Երեւանի «Դինամո» մարզադաշտի ետնամասում գտնվող տոնավաճառում, Ռաֆիկ Գասպարյանի հետ վաճառում է օգտագործված բջջային հեռախոսներ եւ հեռախոսի աքսեսուարներ: Իրենց վաճառասեղանի կողքին աշխատել է Արսեն անունով մի տղա, որը զբաղվում է էլեկտրական տարբեր սարքավորումների վաճառքով: Դեպքի օրը, Արսենի տաղավարի մոտ Ռաֆիկը, Արսենը եւ մի տղա հաց են կերել: Ինքը մոտեցել է նրանց, ծանոթացել անծանոթ տղայի հետ, վերջինս ներկայացել է որպես Դավիթ: Ինքն էլ է օգտվել ուտելիքից, որից հետո Դավիթի հետ գնացել են խանութ, վերջինս օղի, գարեջուր եւ ուտելիք է գնել ու տարել նույն տաղավար: Աշխատանքն ավարտելուց հետո պայմանավորվել են, որ Ռաֆիկի հայրը Դավիթին պետք է տանի Գյումրի, որի համար Դավիթը Ռաֆիկին է տվել 12.000 ՀՀ դրամ գումար: Ճանապարհին Դավիթն առաջարկել է գնալ Երեւանյան լճի մոտից մարմնավաճառ վերցնել եւ չորսով ուրախանալ: Ռաֆիկը մեքենան վարել է Երեւանյան լճի մոտ, սակայն Դավիթը վիճաբանել է մարմնավաճառների հետ, ցանկացել է նրանցից մեկին խփել, որի պատճառով Ռաֆիկի եւ Դավիթի միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ Դավիթը հայհոյել է Ռաֆիկին: Ռաֆիկը մեքենան վարել է դեպի Չարբախի գերեզմանատուն: Հետո վեճ է եղել: «Դավիթը Ռաֆիկին հարցրել է, թե որտեղ են իր փողերը: Ռաֆիկը գրպանից հանել է 30.000 ՀՀ դրամ գումար, տվել է Դավիթին եւ ասել` «վերցրու, քո տված «նոթբուքի» գումարն է»,- ասել էր վկան: Ամբաստանյալ Ռաֆիկ Գասպարյանն էլ ցուցմունք էր տվել, ասել, որ «Ինքը մեքենան վարել է դեպի Բագրատունյաց պողոտա, որտեղ Դավիթը մոտեցել է մի մարմնավաճառ կնոջ, զրուցել են, զրույցը վերափոխվել է վեճի եւ Դավիթը ցանկացել է հարվածել նրան: Ինքը թույլ չի տվել, ինչի համար Դավիթի եւ իր միջեւ վիճաբանություն է սկսվել: Դավիթը հայհոյել է իրեն, ինքն էլ մեկ անգամ ապտակել է նրան: Դրանից հետո ինքը շարունակել է վարել մեքենան: Դավիթն ասել է, որ մարդ է կանչում եւ զանգահարելով ինչ-որ մեկին` ասել է, որ գա Չարբախի գերեզմանատուն: Ինքն էլ զանգահարել է Չարբախի գերեզմանատանն աշխատող իր հորեղբոր որդուն: Երբ հասել են գերեզմանատուն, այնտեղ են եղել նաեւ Դավիթի երկու ընկերները: Վերջիններս հարցրել են, թե ինչ է պատահել, ինքը պատմել է եղելությունը, որից հետո այդ տղաները հեռացել են: Գերեզմանի մոտ ինքը Դավիթին չի հարվածել, նրան ծեծի է ենթարկել գերեզմանտան մոտ` մայթեզրին: Դավիթը ընկել եւ գլուխը հարվածել է գետնին: Այնուհետեւ ինքը Դավիթին նստեցրել է եւ մաքրել նրա կեղտոտված հագուստը: Ինքը նրան շշով չի հարվածել»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ