Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Մոլդովայում ներկայացնում եմ հայ մարդու կերպարը»

Հոկտեմբեր 19,2013 13:14

 Վեներա Գասպարյանը՝ իր եւ Մոլդովայի հայկական համայնքի մասին

Սուրբ Հարություն եկեղեցին Մոլդովայում ապրող հայերի մշակութային կենտրոնն է դարձել: Այդ ամենի «մեղավորը» Մոլդովայում հասարակական ակտիվ գործունեություն ծավալող Վեներա Գասպարյանն է:

Տիկին Վեներան Մոլդովա եկել է 1993  թվականին՝  Արցախից՝ Արցախյան պատերազմի ավարտից հետո՝ ընտանիքով: Իսկ մինչ այդ Արցախի դպրոցներից մեկում, նաեւ պետական համալսարանում  երաժշտություն էր դասավանդում եւ ինքնագործ երաժշտական խմբեր ղեկավարում: Մոլդովայում հաստատվելուց հետո, այստեղ նույնպես հասարակական ակտիվ կյանքով է ապրում: «20 տարի է՝ այստեղ եմ, 17 տարի ակտիվ հասարակական գործունեություն եմ իրականացնում»,- ասում է նա:

Դեռ 2002թ. իմանալով, որ Քիշնեւում Սուրբ Հարություն եկեղեցին 65 տարի չի ծառայում հայությանը եւ գտնվում է լեհ կաթոլիկների ձեռքում, Վեներա Գասպարյանը դիմել է համապատասխան մարմիններին` խնդրելով հայությանը վերադարձնել եկեղեցին: «Փաստաթղթերը մեծ դժվարությամբ գտնվեցին եւ ներկայացվեցին, եւ մեծ ջանքերի գնով եկեղեցին վերադարձվեց մեզ: Իմ ընտանիքի ջանքերով եւ ֆինանսական օգնությամբ վերանորոգեցինք եկեղեցին, բարեկարգեցինք շրջակա տարածքը:  2003 թվականից եկեղեցին գործում է, բոլոր քրիստոնյաների առջեւ դռները բաց են»,- ասում է տիկին Վեներան եւ ավելացնում, որ եկեղեցի այցելում են նաեւ այլազգիները, այստեղ  ծանոթանում հայ մշակույթին ու պատմությանը.  եկեղեցին շրջապատող ցանկապատին բազմաթիվ պաստառներ են փակցված, որոնք «պատմում» են հայոց մշակույթի եւ պետական դրվագների մասին:

2009 թվականին Վեներա Գասպարյանը եկեղեցու տարածքում հիմնադրել է հայ մշակութային կենտրոն՝ «Արմենիա» անվամբ, նույն կենտրոնում բացել է հայկական կիրակնօրյա դպրոց: Ասում է՝ համայնքի անդամները 150-ից ավելի են, կան շատ ակտիվ  երիտասարդներ, որոնք պատրաստ են ամեն ինչ անել համայնքի համար: «Ես չեմ ղեկավարում պատրաստի կազմակերպություններ, ես սիրում եմ անձամբ ստեղծել դրանք եւ ղեկավարել,- ասում է նա՝ համայնքի մասին էլ նշում է,- սա հասարակական կազմակերպություն չի, ազգասիրական է, ես չեմ ընդունում հասարակական կազմակերպություն ասվածը, որովհետեւ երեք հոգի կարող են հավաքվել ու նման բան անել»:

Վեներա Գասպարյանին Մոլդովայում ճանաչում են շատերը՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ: Նա կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք հետք են թողել Մոլդովայի մշակութային կյանքի վրա: «Ապրիլի յոթը՝ Մայրության եւ գեղեցկության տոնը, Մոլդովայի Ազգային պալատում ենք միշտ նշում, մեծ պատվիրակություն է գալիս, բոլորը խոսում են դրա մասին: Ամեն տարի Մոլդովայի ազգային փոքրամասնությունների փառատոնին ենք մասնակցում, Հայաստանի տաղավարը միշտ ամենաշքեղն է լինում»,- ասում է նա: Միջոցառումների կազմակերպման հարցում օգնում է իր՝ արվեստագետի երեւակայությունը:

Տիկին Վեներան հայկական ինքնության պահպանման հարցը նաեւ սեփական ընտանիքում է կարեւորում. զավակները, թոռները գիտեն հայերեն եւ  Աստվածաշունչ, նրանց անուններն էլ հայկական են՝ Դավիթ, Մուշեղ, Տիգրան: «Ես Մոլդովայում ներկայացնում եմ հայ մարդու, հայ կնոջ կերպարը, մեր ազգի բնույթը»,- հպարտորեն ասում է նա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031