Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համար մրցաշրջան 2013-ը դեռ չի ավարտվել:
Առջեւում Եվրոպայի գավաթների խաղարկություններն են եւ հանրապետության առաջնությունները: Սակայն տարվա հիմնական մրցումները, հատկապես աշխարհի առաջնությունը, արդեն ետեւում են:
Անցնող տարվա գլխավոր մեկնարկում մեր ըմբիշների ցույց տված արդյունքներն «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ամփոփել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանը:
– Պարոն Սոֆոյան, մեր վերջին հարցազրույցում մրցաշրջան 2013-ի առաջին կիսամյակն ամփոփելիս ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի բոլոր տարիքային խմբերի հավաքականների աշխատանքը գնահատել էիք բավարար եւ խոստացել, որ մեդալներ էլի կլինեն: Ձեր կանխատեսումներն իրականացան Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում: Գո՞հ եք:
Կարդացեք նաև
– Միանշանակ բավարարված եմ: Մեկական ոսկե եւ արծաթե ու երկու բրոնզե մեդալ աշխարհի հզոր երկրների հետ մրցակցությունում, կարծում եմ, վատ ցուցանիշ չէ: Ֆեդերացիայի համար շատ կարեւոր է, որ 11 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն ազատ ոճում աշխարհի նոր չեմպիոն տվեց՝ ի դեմս Դեւիդ Սաֆարյանի: Հունահռոմեական ըմբիշներն էլ հերթական անգամ ապացուցեցին իրենց բարձր կարգը եւ գործնականորեն հաստատեցին, որ աշխարհի ուժեղագույն երկրների շարքում են: Արթուր Ալեքսանյանը արծաթե մեդալ նվաճեց, իսկ Ռոման Ամոյանն ու Արսեն Ջուլֆալակյանը` բրոնզե: Սրանք հենց այնպես ձեռքբերումներ չեն, եթե նկատի ունենանք, որ ամեն մի ձեւում խաղարկվում է ընդամենը 7 ոսկե մեդալ: Հայաստանի ազատ ոճայինների հավաքականը շուրջ հարյուր երկրների պայքարում նվաճեց դրանցից մեկը, իսկ ընդհանուր մեդալների 28 հավաքածուից մեր հունահռոմեականները տուն բերեցին երեքը:
Մեր ֆեդերացիայի համար աշխարհի այս առաջնությունը կարեւորվեց մեկ այլ առումով եւս, որին մարզասերները, գուցե, տեղյակ չեն եւ այնքան էլ կարեւորություն չեն տալիս: Բանն այն է, որ մեր երկու ոճերի հավաքականների մեջ ընդհանուր ցուցանիշների յուրօրինակ հեռակա պայքար կա: Վերջին տարիներին մեդալների որակի եւ քանակի այդ մրցակցությունում կշեռքի նժարն ավելի շատ հունահռոմեականի կողմն էր: Բուդապեշտում այդ ավանդույթը խախտվեց, եւ ազատ ոճայինները որակի առումով գերազանցեցին իրենց գործընկերներին: Նրանք նվաճեցին մեկ, բայց չեմպիոնական որակի մեդալ: Սա մեզ ուրախացնում է, քանի որ երկու ոճերի միջեւ պայքարն ավելի է սրվում, իսկ դրանից շահում է ըմբշամարտը:
– Դեւիդ Սաֆարյանը Ռուսաստանում չի՞ բնակվում:
– Դեւիդը հայ է, Հայաստանի քաղաքացի եւ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Դուք եւ շատերը, հավանաբար, տեղյակ չեք, որ նա տարվա մեծ մասը Հայաստանում է լինում: Դեւիդը պարտադիր հավաքականի հետ ուսումնամարզական հավաքներում է, որոնք տարվա կտրվածքով տեւում են 200 օրից ավելի, մարզվում է հավաքականի տղաների հետ, հավաքականի մարզիչների ղեկավարությամբ կոնկրետ ծրագրով պատրաստվում այս կամ այն մրցմանը: Վստահեցնում եմ, որ եթե նա Հայաստանում չլիներ, մեկ մրցաշրջանում Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնի տիտղոսները չէր նվաճի:
– Մի տեսակ սովորել ենք, որ մեր հունահռոմեական ըմբիշները աշխարհի առաջնությունում եւ օլիմպիական խաղերում 2-րդ եւ 3-րդ տեղերն են զբաղեցնում: Սառույցը ե՞րբ կկոտրվի:
– Մեր տղաները, հատկապես Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Արթուր Ալեքսանյանը իրենց քաշային կարգերում աշխարհի լավագույն հնգյակում են: Իսկ այնտեղ բացարձակ հավասարազոր ըմբիշներ են, որոնցից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է հաղթել մյուսներին: Եվ մեր տղաները դա բազմիցս են ապացուցել:
Բուդապեշտում, եթե անկեղծ լինենք, չեմպիոնական ոսկին Արթուրինը պետք է լիներ: Ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի հետ եզրափակիչ գոտեմարտի վերջնամասում Արթուրը հավասարեցրեց հաշիվը, որից հետո էլ առավելություն ուներ եւ արդեն ուժասպառ մրցակցից կարող էր էլի միավորներ կորզել: Բայց նրա հետ չար կատակ խաղաց սխալ հաշվարկը: Մտածելով, որ հավասար միավորների դեպքում հաղթանակը, որպես վերջինը հնարք կատարած ըմբիշի, իրեն է շնորհվելու, մոռացել էր, որ ռուսաստանցու մեկի դիմաց ինքը երկու զգուշացում ունի, դրա համար մնացած 15-20 վայրկյաններում սրացումների չգնաց: Եվ եթե լսեր մարզիչների հուշում-հիշեցումները, կասկած չկա, որ առնվազն մեկ միավորանոց եւս մեկ հնարք կկատարեր:
Արսեն Ջուլֆալակյանի պարագայում վիճակահանությունը նրան արդեն երկրորդ գոտեմարտում դուրս բերեց մրցագորգում միակ գլխավոր մրցակցի` Ռոման Վլասովի դեմ, որին դեռեւս հաղթել չի ստացվում: Բայց ոչ թե այն պատճառով, որ զիջում է: Այստեղ ըստ էության հոգեբանական ինչ-որ մի բան խանգարում է, որի մասին ինքն ու հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ավելի լավ կխոսեն: Բայց վստահ եմ, որ Ռոման Վլասովին հաղթելու բանալին նրանք կգտնեն: Եվ այդ օրը հեռու չէ:
Իսկ այն, ինչ արեց Ռոման Ամոյանը, մարզական սխրանք է: 2011 թվականին նրա դեմ կիրառված մրցավարական տեռորից հետո, ինչի հետեւանքով զրկվեց օլիմպիական ուղեգրից, նա պաշտոնական ոչ մի մրցման չէր մասնակցել: Բայց Ամոյանն իր մեջ ուժ ու կամք գտավ, վերսկսեց մարզումները, կրկին ընդգրկվեց ազգային հավաքական եւ 30 տարեկանում դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նրա փոխարեն մեկ ուրիշն արդեն վաղուց մեծ գորգից հեռացած կլիներ: Սակայն Ռոմանը սրանով չի բավարարվելու: Նա որոշել է անպայման հանդես գալ 2016 թվականի օլիմպիական խաղերում եւ աշխարհին ապացուցել, որ արժանի է ամենաբարձր տիտղոսին:
– Հայտնի է, որ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը մարզաձեւի հետ կապված բոլոր խնդիրները լուծում է իրեն հատուկ ամենաբարձր մակարդկով, եւ հայկական ըմբշամարտի վերջին նվաճումները հենց նրա օրոք են ձեռք բերվում: Տարին ավարտվում է, ի՞նչ ծրագրեր կան, որ դեռ պետք է իրականացվեն:
– Այո, իրեն հատուկ բարձր մակարդակով պարոն Կարապետյանը, եթե մի գործ ձեռնարկում է, ապա այնպես, որ նպատակին հասնելուն ոչ մի խոչընդոտ չլինի: Ըմբշամարտը բացառություն չէ: Իսկ ֆեդերացիայի նախագահի նպատակն ու պահանջը յուրաքանչյուր տարի նախորդի արդյունքը գերազանցելն է: Դրա համար նա ոչինչ չի խնայում եւ ճիշտ ու արդյունավետ աշխատանք է պահանջում: Ես էլ նրա` ֆեդերացիայում ինձ տված լիազորությունների շրջանակում հետեւում եմ, որպեսզի Սամվել Կարապետյանի հատկացրած տարեկան ավելի քան 700 միլիոն դրամը ծախսվի նպատակային: Իսկ ինչ վերաբերում է այս տարվա ծրագրերին, առջեւում երկու ոճերի Եվրոպայի գավաթների խաղարկություններն են եւ Հայաստանի առաջնությունները: Ու թեեւ մեր երկու հավաքականների մարզիչները ցանկանում են Եվրոպայի գավաթներում փորձարկել նաեւ տարբեր քաշային կարգերում երկրորդ եւ երրորդ համարներին, կարծում եմ, որ մեդալներ դեռ էլի կլինեն:
– Եվ վերջին հարցը: Այս մրցաշրջանում մեդալներ նվաճած ըմբիշները խրախուսվելո՞ւ են:
– Այո: Եվ ոչ միայն նրանք, այլեւ անձնական ու հավաքականների մարզիչները, բժիշկները, բոլոր նրանք, ովքեր հաջողություններում լումա ունեն: Այդ նպատակով Սամվել Կարապետյանն իր միջոցներից հատկացրել է 300 հազարից ավելի դոլարին համարժեք դրամ մրցանակային գումար:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ