Փաստորեն Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելու է, դա կլինի ինչ-որ հուշագիր, ինչ-որ մտադրությունների նոր հռչակագիր, թե այլ անունով մի թուղթ` արդեն կարեւոր չէ: Մերոնք մի բան ստորագրելու են, մի թղթի կտոր, որի վերաբերյալ առաջին դեմքերը բան չեն ասում, կուսակցապետներն էլ բան չգիտեն, իսկ ահա Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի երիտասարդ ղեկավար Կորյուն Նահապետյանը շատ լավ գիտի, որ այդ ուղղությամբ բանակցություններ կան տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ եւ եվրոպացիների հետ էլ նոր իրողությունների համատեքստում պիտի Հայաստանը այսուհետեւ հարաբերություն զարգացնի:
Այսինքն` քառամյա բանակցված խոր ու համապարփակ փաստաթուղթը (Ասոցացման եւ Խոր ու համապարփակի մասին)` հեչ, հիմա մի թեթեւ թուղթ կունենանք, դե ձեւի համար, որ իբր Եվրոպայի հետ վատ չենք, դուռը չենք փակում, իսկ Մաքսային միություն մտնելուց հետո` կտեսնենք ինչն-ինչպես: Չնայած` մեկ օր առաջ, երբ Կ. Նահապետյանը զուգահեռում էր Վիլնյուսի հնարավոր թուղթն ու Մաքսային միություն մտնելը, նրա կողքին նստած Թեւան Պողոսյանը, որ հիմա, ճիշտ է, «Ժառանգությունից է, բայց նրան պատահական մարդ չես համարի բոլոր տեսակի ընթացակարգերը եւ դրանցից բխող բուն բովանդակությունը ենթատեքստերից անգամ գլխի ընկնելու առումով, քանի որ նախագահի նստավայրով անցած-լավ փորձարկված մարդ է, լրիվ այլ բան էր ասում. նա վստահ էր, որ ԵՄ-ի հետ ամեն ինչ նորից հին ճամփով գնալու է: Գուցե հենց նրա պետական փորձառությունն էր հուշում այն վստահությունը, որ Մաքսային միությունը եւս դեռ օդում մի բան է, ու ի՞նչ իմանաս, դրանից էլ հազիվ թե մի բան դուրս գա:
Ահա այս թեական վիրտուալ միությունների եւ համագործակցությունների առումով տատանվող օդի ելեւէջներին էլ հենց ապրում է երկիրս` օրը կամ մի քանի օրը մեկ մի կարճատեւ ցունամի ապրելով, Զարուհուց անցնելով Զորիին, Զորիից Մանուչարյանին եւ կրկին հետ` ավելի վաղի «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը կամ հանուն Փակ շուկայի` հակալֆիկական շարժմանը: Նոր-հին զբաղեցնողների պակաս չկա. մի պահ Իսագուլյանն էր Հայաստանի երեք նախագահներին ուզում համախմբել-հանդիպեցնել Արցախում (Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Մինսկի խմբի նոր առաջարկներից վա՞խն էր էլի ցեմենտը), դա չի ստացվում, հիմա հայ արի Արմեն Ավետիսյանն է նոր-հին Բարբի տվել հասարակության ձեռքը` «այ, համասեռամոլ պաշտոնյաների ցուցակները կհրապարակեմ» սպառնալիքի տեսքով, դա միշտ եւ հիմա ակտուալ պահելով: Դե, հրապարակի, պրծնենք, էլի, եթե մշտական այդ մահակն այլ նպատակներ չունի իր մեջ` ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ թելը ձգելու մշտական հնարավորությամբ:
Հա, գրողներին մոռացանք, թեեւ նրանցից հազիվ թե ողջ հասարակության համար զբաղմունք դուրս բերենք` այնքան հեռացան-հեռացան-հեռացան նրանք մեր հասարակությունից վերջին քսան տարում, որ ոչ մեկի անունը փաստորեն լայն շերտերը չգիտեն: Բայց դե էլի` երեք թեկնածու, ու ամեն մեկն իր փրկիչ ծրագրերով, ասել է թե` այլընտրանքային ընտրությունների ռեսուրսով գնում են դեպի կիրակի, երբ Լեւոն Անանյանից հետո մեկը երկարորեն Հայաստանի գրողների միությունը կառավարելու հույսը մանդատով կստանա: Դեռ մի ինտրիգ էլ կա, թեկնածուներից մեկն էր ասում` կիրակի համագումարին ով ասես կարող է առաջադրվել. քոռանամ, Վանոն չբուսնի՞ հանկարծ ու առաջադրվի` մի ցունամի եւս առաջացնելով հայոց գրական երկնակամարում:
Կարդացեք նաև
Մարիետա Խաչատրյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում: