Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը գիտի թե ինչ է ուզում՝ ամեն ինչ կամ ոչինչ, իսկ մե՞նք»

Հոկտեմբեր 19,2013 00:10

Այսօր Ազգային Ժողովում, ներկայացնելով Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին ՀՀ օրենքի» նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց. «Կառավարության դիրքորոշումը շատ հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը գտնում ենք ոչ նպատակահարմար»:

Պարոն Քոչարյանն անդրադարձավ եւ թվարկեց Արցախի ճանաչման համար մինչ այսօր եղած «պատեհ առիթները», որոնք բաց ենք թողել, ապա վերադարձավ այս պահին այդ ճանաչման աննպատակահարմարությանը.«Յուրաքանչուր հայի համար հայտնվելը նման իրավիճակում՝ քվեարկիր՝ կո՞ղմ ես թե ոչ, ես համարում եմ, ներողություն, չի կարելի բերել այդ վիճակին: Մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն է, այլ ոչ թե բերել մի վիճակի, երբ բանակցային գործընթացը փլուզում ես եւ ընկնում Թուրքիայի վիճակին՝ Հյուսիսային Կիպրոսի հարցով»:

Ըստ պարոն Քոչարյանի՝ ԼՂ ճանաչումը Հայաստանի կողմից, միանշանակորեն կբերի Մինսկի խմբի ձախողման, իսկ Ադրբեջանին հենց դա էլ պետք է.«Երբ Ադրբեջանն ասում է, որ արդյունք չկա, ինքն իր համար ունի նշագրված արդյունքը՝ դա այն է, որ Լեռնային Ղարաբաղը եւ ազատագրված տարածքներն ամբողջությամբ վերադարձվեն իրեն: Մենք պետք է իմանանք, թե մե՛նք ի՞նչ արդյունք ենք ուզում: Կա երկու տարբերակ՝ մի արդյունք, երբ կա Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն համաձայնեցված ճանաչում, բայց դա չի կարող լինել առանց փոխզիջումների, իսկ Ադրբեջանը փոխզիջումների պատրաստ չէ, եւ անընդհատ ասում է՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, կամ ամեն ինչ կամ պատերազմ: Եվ երկրորդ տարբերակը դա ստատուս-քվոյի պահպանումն է»: Պարոն Քոչարյանը հստակեցրեց, որ Հայաստանը չի կարող գնալ Ադրբեջանի ուզած զիջումներին՝ «ամեն ինչ կամ պատերազմ» տարբերակին, ուրեմն մնում է ստատուս քվոյի պահպանումը:  Իսկ այս պարագայում ԼՂ ճանաչումը կխաթարի ստատուս-քվոն:

Նա նաեւ պնդում էր, որ, բնականաբար, Հայաստանը երբեք չի կարող Արցախի փոխարեն որոշումներ ընդունել.«Առայսօր բանակցությունների ընթացքում որեւէ որոշում չի կայացվել, որոշումներ չեն կայացվում, միջնորդները ներկայացնում են փաստաթղթեր, որոնք փոխզիջումային սկզբունքով ընդունելի կլինեն, բայց առայսօր որեւէ փաստաթուղթ ստորագրված չի, որեւէ որոշում ընդունված չի»: Ըստ պարոն Քոչարյանի՝ երբ կգա որեւէ որոշում ընդունելու պահը՝ առանց Ղարաբաղի մասնակցության դա չի լինի: Նա նաեւ ասաց, որ Հայաստանը շահագրգիռ է եւ ամեն ինչ անում է, որպեսզի Արցախը վերադառնա բանակցությունների սեղան՝ դառնալով լիարժեք բանակցող:

Ի դեպ, այս հարցին անդրադարձավ նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, ասելով. «Այն, որ Հայաստանի Հանրապետությունը բանակցային գործընթացում փոխարինում է Լեռնային Ղարաբաղին, դա ժամանակին թույլ տված  մեծ սխալ էր, մեծ բացթողում: Որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ ասեմ, որ Հայաստանի դիվանագիտական ջանքերը ուղղված են վերականգնելու Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցություններին, բայց դա հանդիպում է լուրջ խնդիրների»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ստեփան Վարդանյան says:

    Նախկինում, երբ հայաստանի իշխանություններին քննադատում էին ԼՂՀ-ի բանակցային գործընթացից դուրս մնալու համար, ՀՀԿ-ականները միահամուռ ընդիմանում էին դրան: Հիմա արդեն ասում են, որ ժամանակին մեծ սխալ է տեղի ունեցել: Իսկ ո՞վ է պատասխան տալու այդ սխալի համար…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031