Իջեւան քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Արսեն Բայրամյանը հանդիսանալով «Բայրամյան» սոցիալական, բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, 2011 թվականի սեպտեմբերի 16-ին եւ 2013 թվականի փետրվարի 12-ին «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության Տավուշի տարածքային մասնաճյուղից ստացել է հումանիտար օգնության բաշխման ցուցակ եւ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ ստորագրությունները կեղծելու միջոցով, յուրացրել է 76 հազար 290 դրամ: Մինչ դատաքննությունը սկսվելը Ա. Բայրամյանը վերականգնել է պատճառված 76 հազար դրամ վնասը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Արսեն Բայրամյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
2013թ. հուլիսի 10-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ա. Բայրամյանին դատապարտել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանքի, նրան 3 տարի զրկելով նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Արսեն Բայրամյանը վերաքննիչ բողոք է բերել, պահանջելով բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, նշանակել համաչափ պատիժ՝ տուգանքի նվազագույն չափը, վերացնել լրացուցիչ պատիժը: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի ՝ հոկտեմբերի 9-ին ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Եվա Դարբինյան) որոշել է բավարարել իր նկատմամբ համաներում կիրառելու մասին Ա. Բայրամյանի միջնորդությունը, բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 10-ի դատավճիռը, Ա. Բայրամյանի նկատմամբ կիրառել ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետը եւ Արսեն Բայրամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական գործի վարույթը կարճել,դադարեցնել քրեական հետապնդումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ