Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը մեծ տոնակատարությամբ կնշվի Կապան քաղաքի 75-ամյակը

Հոկտեմբեր 18,2013 22:58

Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքն արդեն 75 տարեկան է եւ վաղը մարզկենտրոնի բնակիչները կնշեն քաղաքի տոնը, որին ներկա կգտնվեն նաեւ տարբեր վայրերից Կապան ժամանած ծննդով շատ կապանցիներ:  Դեռեւս 1938թ. հոկտեմբերի 1-ին էր ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հրամանագրով Ղափան բանվորական ավանը փոխակերպվել քաղաքի: 1963թ. հունվարի 12-ին Ղափանը դասվեց հանրապետական ենթակայության քաղաքների շարքը, իսկ 1991թ.-ից Ղափանն արդեն անվանվեց Կապան:

Կապան քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները դեռեւս մեկնարկել էին շաբաթվա սկզբից: Թատերական ներկայացումներ, կապանցի նկարիչների   աշխատանքների ցուցահանդես, դասական, էստրադային եւ ժողգործիքների համույթի համերգներ, բանասիրական գիտությունների դոկտոր, կապանցի բանաստեղծ Վաչե Եփրեմյանի մեծարման երեկո եւ այլ տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել քաղաքում: Իսկ այսօր Կապանի մշակույթի կենտրոնում քաղաքին մատուցած ծառայությունների համար պատվոգրեր եւ շնորհակալագրեր հանձնվեցին  մի շարք ոլորտների աշխատակիցների:  «Կապան» ոսկե մեդալի արժանացրեցին մարզիչ Արսեն Պետրոսյանին, ում սաները հանրապետական եւ միջազգային մրցաշարերում լուրջ հաջողություններ են գրանցել: Հետմահու «Կապան» ոսկե մեդալ շնորհվեց  բանաստեղծ Վաչե Եփրեմյանին: Վաղը՝ հոկտեմբերի 19-ին, վաղ առավոտից կմեկնարկեն քաղաքի տոնին նվիրված գլխավոր միջոցառումները, որոնք  կշարունակվեն ողջ օրվա ընթացքում եւ  կավարտվեն ուշ երեկոյան՝ տոնական հրավառությամբ:

2poxoc

3qaxaq

4qaxaqapetaran

5xustup

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ԿԱՊԱՆԻՆ

    Բարձր ու խրոխտ լեռներիցդ կախված առեղծվածային մառախուղից մի շրշյուն գլորվեց լեռներն ու դարերն ի վար ու դարձավ բնակավայր-Սյունիքի սրտում՝Բաղքում,ու կոչվեց Յոթնաբերդ. ու, դարերին հաղթելով, դարձավ Կապան՝ Սյունյաց մայրաքաղաք: Կապանցին էլ այդ խրոխտ լեռների պես լեռ-մարդ է, ու այդ մառախուղի պես՝ մեղմասիրտ,սրտաճմլիկ առեղծված:

    Քաջազն նախնիներիդ ձիու,վահանի,սուր-թրի ու ոտնահետքերի ձայնը դեռ կախված է դեպի վեր տանող նեղ արահետների արևից ճաքած քարերից:Մխիթար Սպարապետ, Դավիթ-Բեկ, Նժդեհ ու դեռ շատ-շա՜տեր. եկան, որ չգնան:Եվ ու՞ր պիտի գնային:

    Լեզուդ՝ Կապանականը, բարձր ու խրոխտ լեռներիդ պես լեռ-լեզու է՝ անհասանելի, բայց ներսից մեղմ ու քաղցր-արևակող լանջերիդ հալվող մեղրի պես քաղցր:Բացված նռան հատիկների պես է հոգիդ՝ դեպի հովիտներ գլորված ու ոչինչ չփնտրող:

    Ու՞ր պիտի փախչեմ քեզանից:Ու՞ր պիտի փախչեմ իմ ծննդավայրի ու մանկության կանչից:Ու՞ր պիտի փախչեմ իմ նախնիների կանչից:Ես՝փոքրս, մի՞թե կարող եմ դիմադրել քեզ:

    Մի՞թե ես քո սրտում չեմ ապրում:Մի՞թե ես չեմ վերադառնում,որ լանջերիդ դառնամ մի ծառ,որի շվաքում տատերիս ու պապերիս պատմածները նորից վերապրեմ:Մի՞թե լեռներիցդ գլորված մի հատիկ-շրշյուն էլ ես չեմ:

    Մի՞թե ավելորդ չէ ասելը,որ սիրում եմ քեզ:

    Քո համեստ ծառան և դեսպանը, ու միշտ քեզ պարտք՝

    Վարազ Սյունի
    Ամստերդամ
    19.10.2013

  2. Վահան says:

    Բա 76 տարի առաջ Կապանի տեղում ի՞նչ էր….մարդ-մուրդ չկա՞ր ապրող…..ոնց ա ստացվել, որ Հայաստանում մենակ Երեւանն ա հազարավոր տարեկան, իսկ մնացած բնակավայրերը 40-50… լավ, 75 տարեկան են….սովետի թվաբանությունն ա՞….չունենք, չկա մեր մեջ ինքնուրույն մտածելակերպ….մեզ ինչ ասում են, էն էլ կրկնում ենք….մեր բնակավայրերի տարիքն էլ, անունն էլ, պատկանելությունն էլ, սահմաններն էլ որոշում են ուրիշները, ոչ մենք….բայց մինչեւ ե՞րբ…

  3. Սասուն Մանուկյան says:

    Կապանին հերթական անգամ քաղաքի կարգավիճակ տալն է /1938թ./75 տարեկան ոչ թե քաղաքի ստեղծման…խնդրում եմ` ՉՇՓՈԹԵԼ, քաղաքը նախկինում հազարամյակների հնություն ունի ու եթե նորմալ պեղումներ լինեն հազրամյակների թիվը կհստականա հիմա շուրջ երկու հազար տարվա պատմություն ունի ԿԱՊԱՆԸ և խնդրում եմ քաղաքի անցյալը` ՉՆՍԵՄԱՑՆԵԼ… համարենք որ պարզապես Կապանի օրն է…

    • Վահան says:

      Կապանի օրվան ո՞վ ա դեմ…բայց քաղաքի ու ընդհանրապես հայկական բնակավայրերի տարիքը սահմանելով այսքան քիչ, մենք մեզ աբորիգենների նման մի բանի տեղ ենք դնում…իսկ ինչ Երեւանը կամ Էրեբունին (ոնց կուզեք) 1000 կամ 2000 տարի առաջ քաղաքի վկայական ունե՞ր կադաստրի կողմից տրված….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031