Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյանն իր փրկած երիտասարդին բանվորի գործ ու սուպերմարկետում աշխատանք է առաջարկել

Հոկտեմբեր 18,2013 22:41

Երկու օր առաջ Դավիթաշենի կամրջից իրեն ցած նետելու փորձի հեղինակը դեպքից անմիջապես հետո անջատել է ինտերնետը, տնեցիներին էլ չի թույլատրում հեռուստացույց միացնել: Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը պատմեց, որ իր հղի կնոջից կատարվածը թաքցնելու համար է այդ ամենն արել:

«Ես թաքցրել եմ, կնոջս չեմ ասել: Դա միշտ պահելու եմ ու չեմ ասելու նրան»,- Aravot.am-ին  ասաց նա (անունը իր ցանկությամբ չենք նշում):

Նրա խոսքով, դեպքի մասին հարազատներից իմացել է միայն մայրը, բայց նա էլ է լռում ու գաղտնիքը թաքցնում հղի հարսից: Հարազատները չեն իմացել, բայց դեպքին ծանոթ ընկեր-բարեկամներն արդեն խառնվել են իրար, եւ բոլորն իր համար գործ են փնտրում. արդեն  բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկներ էլ է ստացել:

Մոտ մեկ տարվա գործազուրկ այս երիտասարդին աշխատանք է առաջարկել նաեւ իր «փրկիչը»՝ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Բայց աշխատանք ոչ թե նախարարությունում, այլ ցանկացած խանութում, սուպերմարկետներում. «Տարբեր աշխատանքներ է առաջարկել՝ խանութում, սուպերմարկետում կամ ինչ-որ մի տեղ բանվորություն: Ասել է՝ որտեղ ուզենաս, կօգնեմ, կմիջնորդեմ, որ դասավորվես աշխատես»:

Ինքնուրույն նմանատիպ աշխատանք փնտրելու փորձ չկատարած երիտասարդի խոսքով, այս պահին  աշխատանքի առաջարկներն այնքան շատ են, որ նա չի կողմնորոշվում՝ որն ընտրի, միայն վստահ է, որ երկուշաբթի օրվանից աշխատանքի է անցնելու, իսկ թե որտեղ ու ինչ աշխատանքի, նա դեռ չգիտի. «Իմ ծանոթներն ինձ կօգնեն, գործի կտեղավորեն կաշխատեմ ու իմ  պարտքերը կփակեմ: Իմաստը ծանրացնելու, բարդացնելու չեմ տեսնում: Պարոն Երիցյանին վարկաբեկելու իմաստը չեմ տեսնում: Մարդկանց չարությունն ինչ աստիճանի է հասել, որ մարդն ինձ լավություն է արել, իմ կյանքը փրկել է, բայց  իր մասին էդքան վատ բաներ են գրում, ինչքան չար ու նախանձ մարդիկ են»:

Հետո էլ հերքեց լուրերը, թե սցենարով մշակված ինքնասպանության փորձի էր դիմել. «Ես ոչ դերասան եմ, ոչ շոումեն եմ»:

Նա պարզաբանեց նաեւ, թե ինչու էր դեմքը փակել. «Եթե մի քանի րոպե էդտեղ կանգնեի, անհնար էր, որ ինչ-որ մեկը հեռախոսով չնկարեր ու youtube  չգցեր: Դրա համար խուսափեցի, մտածեցի փակեմ երեսս, որ ոչ մեկ չտեսներ: Անգամ հնարավոր է՝ այդ տեսանյութն էլ կինս տեսներ, դեմքս կապած լիներ, չպատկերացներ, որ դա ես կլինեի: Այդ ժամանակ հոգեկանս խանգարված էր, չէի մտածում ոչ հորս, ոչ մորս, ոչ երեխաներիս մասին, մտածում էի՝ մենակ կյանքիս վերջ տալու մասին: Կարող է պարոն Երիցյանի տեղը ուրիշը լիներ ու իրար չհասկանայինք, ես ինձ գցեի: Պարոն Երիցյանը այդ պահին իմ հոգեվիճակի մեջ մտավ, հանգստացրեց ինձ, վստահությունս ձեռք բերեց, ասաց՝ լավ կլինի, մի գործով կաջակցենք, խնդիրներդ կհոգաս, աշխարհի վերջը չէ, լավ կլինի: Ես էլ հետ կանգնեցի այդ քայլից»:

Նա նաեւ ճշգրտեց, ոչ թե ինը, այլ 11 ամսական տղա ունի, իսկ  հունվարին էլ հաջորդ երեխան կունենան. «Դեպքի օրն անջատված խոսում էի: Ես կոնկրետ չգիտեմ, թե կինս քանի ամսվա հղիության մեջ է, կարող է ինքն էլ չիմանա ինչքան է իր հղիությունը: Դրա համար ասացի՝ ինն ամսական երեխա ունեմ, մեկն էլ կծնվի երկու ամսից»:

Պարտքերի մարման համար էլ պայմանավորվել է՝ աշխատանքի անցնելուն պես հերթով մարելու է, իսկ պարտապանները համբերությամբ կսպասեն:

Համացանցում աղմուկ հանած այս դեպքի մասին, շատ են կարծիքները, թե նախարարը փորձում էր իր PR անել: Մեր աչքով տեսնելու համար այս երիտասարդի սոցիալական վիճակը, առաջարկեցինք գնալ տուն, նկարահանել, սակայն նա մերժեց:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031