Այսօր, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվում էր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին», ելույթ ունեցող գրեթե բոլոր պատգամավորները խոսում էին այն անելանելի վիճակից, որում իրենց դնում է տիկին Փոստանջյանն՝ այս նախագիծը ներկայացնելով:
Տիկին Փոստանջյանի հետ նույն խմբակցությունը՝ «Ժառանգությունը», ներկայացնող Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ ինքը բավականին բարդ դրության մեջ է. Մի կողմից՝ ժամանակին, որպես ՀՀ արտգործնախարար, եղել է բանակցողներից մեկը, բացի այդ «Ժառանգության» ցուցակով ընտրվել է պատգամավոր, սակայն հիմա չի կարող «կողմ» քվեարկել իր գործընկերոջ օրինագծին:
Նա ասաց, որ ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը, եւ եկել են ընդհանուր հայտարարի, որպեսզի գտնվեն այնպիսի ձեւակերպումներ, որոնցով «Ժառանգության» նախընտրական պլատֆորմում Ղարաբաղի ճանաչումը չնշվի որպես նախընտրական խոստում: Նա, ի հակադարձում մինչ այդ հնչած այն կարծիքների, թե Սերժ Սարգսյանն իրավունք չունի ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ասաց, որ ուզենք թե չուզենք՝ բանակցողները գործող իշխանություններն են եւ դա պետք է ընդունել որպես իրողություն: Շարունակելով միտքը՝ պարոն Արզումանյանը նկատեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է ԼՂ հակամարտության հարցը Մինսկի խմբի ձեւաչափից տեղափոխելու ՄԱԿ-ի ամբիոն, ինչն ամենեւին ձեռնտու չի Հայաստանին:
«Ինձ համար բարդ է «կողմ» քվեարկել մի բանի, որը, համոզված եմ, որ այս պահին սխալ է, եւ ես հազար պատճառաբանություն կարող եմ բերել, թե ինչու է սխալ»,-ասաց պարոն Արզումանյանը՝ նկատելով, որ այսօր, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը խիստ բարդ է, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, մենք բարոյական իրավունք չունենք ավելի բարդացնելու Ղարաբաղի իրավիճակը. «Իշխանությունների լեգիտիմությունը ինձ չի հետաքրքրում, էական չի, ավելի մնայուն բաներից ենք խոսում, եւ հիմա վտանգավոր է խաղաղ գործընթացը վտանգելը»:
Կարդացեք նաև
Նա նաեւ, դիմելով տիկին Փոստանջյանին, ասաց. «Եթե մեր նպատակն է հայտարարել, որ Ղարաբաղի համար կյանք կտանք՝ խնդրեմ: Դուք, կարող է, ինձնից ավելի հայրենասեր եք, ես ընդունում եմ դա, հպարտանում եմ ձեզնով: Բայց սա պատգամ չի, որ դուր գանք ժողովրդին: Մաքսային միություն ե՞ն մտնում՝ դե թող Մաքսային միության հետ բանակցեն, ճանաչի Ղարաբաղը, բայց մեր ճանաչելը պետք չի, դրանով կվտանգենք Մինսկի խմբի գործընթացը, դա կլինի ուղակի քայլ՝ պատերազմի վերսկսման ուղղությամբ, մենք հիմա իրավունք չունենք այսքան պրոբլեմների բեռի տակ մի լրացուցիչ բեռի տակ մտնենք»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մինսկի խումբը տեղում դոփում է, պարզից էլ պարզ է,որ նա արել է առավելագույնը իր ձևաչափում։ Ում ենք սպասում։ Աշխարհի բոլոր երկրներն էլ ճանաչեն Արցախը, բայց Ադրբեջանը չճանաչի՝ հարցը բաց է մնալու։ Սահմանները հատուկ ուժեղացված վիճակում պահեք, մի քանի ամիս ուժեղացրեք աշխարազորայիններով և հայտարարեք Արցախի ճանաչման մասին Հայաստանի կողմից։ Ազերիները ինչ-որ ժամանակ կղժժան և․․․կհամակերպվեն։ Հետագայում էլ, եզրափակվելու համար, Արցախը պետք է դիմի Հայաստանին ֆեդերացիայի սկզբունքով միանալու խնդրանքով։ Տարօրինակ է, հաղթել ենք և այն մարսելու համար թույլտվություն ենք ուզում ումից – Ադրբեջանից․․․, գորդյան հանգույցը կտրել է պետք մի հարվածով – քայլով։ Ինչքան շատ մտածեք՝ոնց անենք, այնքան խճճվելու եք․․․․
Ալիկը լուրջ աճել է քաղաքականապես, չէի սպասում, բայց հաճելիորեն զարմացրեց: Ասում եմ` ԲՐԱՎՈ
Մի կողմից հաղթել ենք պատերազմում, չնայած մեր բարեկամ երկրները իրենց շահերից ելնելով թույլ չտվեցին դա ամրագրել գրավոր, մյուս կողմից ապրում ենք ամեն վայկյան պատերազմի վերսկսման վտանգով: Իհարկե, չենք կասկածում մեր տղաների ուժին և չենք մոռացել մեր եղբայրների մղած պայքարը ու չենք կասկածում նրանց հաղթանակին: Մյուս կողմից՝ յուրաքանչյուր պատերազմ մեզնից խլելու է բազմաթիվ կյանքեր՝ այդ թվում երեխաների: Ես անձամբ սարսռում եմ պատերազմի վերսկսվելու վտանգից՝ չնայած ԼՂՀ-ում չեմ ապրում և պատերազմի ականատես չեմ եղել:
Իսկ Ադրբեջանը միայն պատեհ առիթի է սպասում պատերազմական գործողությունները վերսկսելու համար:
Համոզված եմ, որ խորհրդարանում գտնվողներից և ոչ մեկը չի կռվելու պատերազմի վերսկսման դեպքում, ոչ էլ իրենց որդիներին են ռազմաճակատ ուղղարկելու: Հեշտ է բարձր ամբիոնից խելացի ճառեր ասելը, երբ իրենց մերձավորների կյանքը չի վտանգվելու: