Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ««Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը պատմեց, որ «շոկային տեղեկատվություններ» է ստանում կաթողիկոսի մասին, այն ունեցվածքի մասին, որ նա փորձում է եկեղեցու միջոցով ձեռք բերել. «Ես առաջին անգամ եմ հայտարարում դրա մասին: Խորապես ցնցված էի, երբ պարզեցի, որ օրինակ, Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Գայի արձանի վերեւում գտնվող այգին պատկանում է Մայր աթոռին եւ կաթողիկոսին եւ այն չի խնամվում թաղային իշխանությունների կողմից, որովհետեւ ունի այլ սեփականատեր»:
Մենք ճշտեցինք՝ դա կաթողիկոսի անձնակա՞ն սեփականությունն է դարձել, թե՞ Էջմիածնի՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ինձ չի հետաքրքրում՝ դա անձնապես կաթողիկոսի՞ն է պատկանում, թե՞ Մայր աթոռին: Դա Մայր աթոռի քաղաքականությունն է դարձվել կաթողիկոսի կողմից, եւ նա զավթել է հանրային այգիներ: Նման պահվածք ցուցաբերող Վեհափառը չի կարող հարգանքի արժանանալ առնվազն իմ կողմից եւ, եթե ես նրան անգամ սատանա չանվանեմ, հաստատ դրական եւ դրվատանքի խոսքեր չեմ ասի նրա հասցեին»:
Ստյոպա Սաֆարյանը նաեւ հավելեց, որ պարզել է՝ կաթողիկոսը Երեւանում զավթել է ոչ միայն այդ այգին, այլեւ ուրիշ այգիներ էլ, ինչպես Լեզվի ինստիտուտի տարածքը. «Դրանք ուղղակի ձեռք է բերել՝ պետական լծակներն օգտագործելով: Նույն կերպ հիմա կաթողիկոսը, եթե չի ցանկանում, որ իր դեմ ատելությունը եւ քննադատությունը շարունակվեն, պիտի ձեռնպահ մնա աշխարհիկ գործերին եւ աշխարհիկ մարդկանց կարգավիճակներին խառնվելուց: Չպետք է թույլ տրվի, որ կաթողիկոսը մշակույթի նախարարին կամ որեւէ լծակ օգտագործի՝ իրեն անհաճո քննադատության հեղինակին աշխատանքից ազատելու: Եկեղեցին ինքը տարիներ շարունակ հետապնդվել է խորհրդային միության կողմից: Եվ այսօր եկեղեցին կարծեք թե փորձում է ինքը դառնալ հետապնդող՝ քաղաքացիների ազատ խոսքի եւ ազատ մտքի: Այս կապակցությամբ ուղղակի դատապարտելի է, եւ կարծում եմ, հասարակությունը թույլ չի տա, որ իր եկեղեցին դարձնեն սատանա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ես էլ լսել եմ,որ հյուսիս արևելյան շրջաններից մեկում տեղի հոգևորականը այգիներ է գնում,բայց թե ում համար,այ դա չգիտեմ