Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են պատգամավորները կարծում, որ առայժմ նպատակահարմար չի ճանաչել ԼՂՀ-ն

Հոկտեմբեր 18,2013 21:45

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագիծը, որը, ի վերջո, բացասական եզրակացություն ստացավ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր կայացած քննարկման արդյունքում, բուռն քննարկումների առիթ տվեց:

Պատգամավորները նշում էին, որ երկու ձեռքով կողմ են Ղարաբաղը ճանաչելուն, միայն թե՝ ոչ այսօր:

ՕԵԿ-ի ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը նշեց, որ աշխարհի ոչ մի հայ այլ կարծիք չի կարող ունենալ, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի ճանաչված է Հայաստանի կողմից, սակայն օրինագծի ընդունումը այս պահին կարող է ավելի շատ վտանգել պայթյունավտանգ զինադադարը, որում գտնվում ենք, քան օգուտ տալ Ղարաբաղին:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ այս օրինագիծը մի քանի անգամ է շրջանառվել Ազգային ժողովում եւ ամեն անգամ չի հաջողել հենց նույն՝ «անպատեհության» հիմնավորմամբ, եւ հիմա էլ, ըստ պատգամավորի, ներկայացվում են «միեւնույն հիմնավորումները, որոնց որեւէ բան չի ավելացվել նպատակահարմարության առումով»: Նա նույնիսկ հարցրեց տիկին Փոստանջյանին, արդյոք նա գիտակցո՞ւմ է, որպես մայր, որպես պատգամավոր եւ որպես ՀՀ քաղաքացի, որ նման օրինագծի ընդունմամբ կվտանգվի սահմանին կանգնած զինվորի անվտանգությունը՝ «սա հակակոռուպցիոն նախագիծ չի, էլի, որ բերեք, հետո էլ ձեր ընտրողներին ասեք՝ մեր քաղաքական ուժը պայքարում է, ուզում է մի բան անի»:

Տիկին Փոստանջյանը ասաց, որ մենք այսպես թե այնպես չունենք խաղաղության պայմանագիր եւ ընդամենը զինադադարի մեջ ենք, եւ Ադրբեջանի ագրեսիան, անկախ ամեն ինչից, անընդհատ կա, եւ օրինագծի ընդունումից դա ոչ ավելանալու է, ոչ պակասելու: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի գործունեությանը, ապա պետք է ամեն ինչ անենք, որ դրանում որպես լիիրավ անդամներ ընդգրկվեն Արցախի ներկայացուցիչները, որոնք դուրս են մղվել բանակցային պրոցեսից:

ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ Ադրբեջանն իր ամբողջ ռազմավարությունը կառուցում է նրա վրա, որ բանակցային գործընթացը ձախողված է, արդյունավետ չի, չի բերում խնդրի կարգավորմանը, եւ մենք կօգնենք ադրբեջանական դիվանագիտությանը, եթե տանք որեւէ հիմնավորում, որ միջազգային ասպարեզներում ասեն՝ տեսեք, Հայաստանը ձախողում է բանակցային գործընթացը: Տիկին Փոստանջյանն էլ հակադրվեց, թե եթե մեր իշխանություններն ընդունել են մադրիդյան սկզբունքները, որոնց արդյունքում, եթե մեր արեւելյան սահմանում որեւէ թիզ հողի խախտում տեղի ունենա, եւ եթե այդ սկզբունքներով հնարավոր է «հողերի տեղաշարժ, զիջումներ», ապա դա իսկապես նշանակում է, որ մենք ձախողել ենք բանակցային գործընթացը:

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը նկատեց, որ տիկին Փոստանջյանի այն հիմնավորումը, թե՝ սկզբում մենք պետք է ճանաչենք Ղարաբաղը, որպեսզի հետո մյուս երկրները ճանաչեն, այնքան էլ հիմնավոր չէ, քանի որ ունենք Թուրքիայի օրինակը, որը Հյուսիսային Կիպրոսը զավթելուց հետո միակն էր, որ ճանաչեց այն որպես միավոր, սակայն որեւէ այլ երկիր չհետեւեց նրա օրինակին:

Ի դեպ, երբ հերթով բոլորը խոսում էին այն մասին, որ աշխարհում չկա որեւէ հայ, որ չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, տիկին Փոստանջյանը հիշեցրեց Գյուլիստանի պայմանագիրը «ճանաչողներին», որոնց թվում են նաեւ ԱԺ հանրապետական պատգամավորներ:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Meruzhan says:

    Թշնամի թուրքը շատ լավ հասկանումա եթե պատերազմ սկսի, ոչմիյան վէրջնականապես կպարտվի այլ նայեվ ամպայման Արցախը կճանաչվի: Դրա համար ել թշնամին ատամները սխմած ու ջարդած կսպսի մինչեւ որ ինքը իրեն կոծանի: Իսկ եթե թշնամի թուրքը ագրէիսա գօրծադրի իրենք իրենց կործանման պրոցէսը կարագացնէն եւ Հայոց ցեղասպանությունը ամպայման կնդունեն եւ դեռ ավելին կհատուցէն:

  2. կայծակ փալանճեան says:

    Նախ յիշեցնեմ,Արցախ-Ադրբէջան զինադադարից յետոյ,երբ կայացաւ հռչակաւոր Լիզաբոնի վեհաժողովը-միջանկեալ-(երբ եւ ոչ մէկը մեզ կողմ քւէարկեց)Միայն ԼՏՊ-ի Նախագահած Հ.Հան-րապետութեան ներկայացուցիչը….եւ մերոնք գլխիկոր,մէկ անգամ եւս տուն վերադարձան ձեռնունայն,անորոշ վիճակում թողած Ղարաբաղի կարքավիճակը….
    Այդ օրերին -ազգիս ծառայ-միջանկեալ,(ֆրանսիայում աքտիւիստ) ՅԵՏԵՎԵԱԼ-Ն էի գրել ՀԱՅ ԿԵԱՆՔ Շաբաթաթերթում(Լոս-Անճէլէս հր.)-*
    Ի նկատ առնելով Լեռնային Ղարաբաղի հինուց հանրածանօթ -միշտ Հայկական մնացած-որոշ տարածքներ,զոր մեր ՄԷԼԻՔՆԵՐՆ էին անկախ պահում եւ կառավարում-վկայ պատմութիւնը-եւ կոչւում էր ԽԱՄՍԱՅԻ ՄԷԼԻՔՈՒԹԻՒՆՆԵՐ(օտարների համար),Մէլիք-մալաք,նշանակում է PRINCE,Իշխան….յաւելեալ, ցանկութիւն ցուցաբերելով մի կերպ ելք գտնել (օտարների աչքում յատկապէս) Ղարաբաղը յայտարարել…..PRINCIPALITY OF NAGORNO KARABAGH-որ նոյնպէս նշում է իր ԻՉԽԱՆԱԿԱՆ բնոյթը դարերից ի վեր:Աւելին,Ղարաբաղին տալ -գումարեալ- տիտղոս-անուն-կարաքավիճակ որն է…
    FREE TRADE ZONE: Առեւտրի ազատ գոտի……շատ չնչին մաքսային տուրքերով:
    Ակնարկել էի նաեւ(ես միշտ իրողութիւնն եմ պահպանում) Նոյնի Պարլամէնտի մէջ ընդունել Երկու -երէք Ազէրիների ոեւէ մի սահմանամօտ կամ ոչ տարածք ներկայացնող: Բացատրելով մինչեւ երբ պիտի մնայինք թշնամիներ…(ի նկատ առնել դա այն ժամանակ էր եւ հարկ էր երկաթը տաք ծեծէլ):Սակայն հիմայ էլ թերեւս կարողանանք նոյնին հանգեցնել Լեռ.Ղարաբաղի Կարքավիճակը իհարկէ ՄԻՆՍՔ ի հետ համագործակցելով:
    Ցաւօոք մեր Հանրութեան չը ներկայացւեց դիտարկումներս,սակայն գրքումս ԼՈՅՍ է ընծայվել եւ :Ուզում եմ ասել ընդօրինակ-իւրացնողներ զգոյշ լինեն այդ փորձելուց..
    Իսկ անշուշտ որ բաց եմ մնում ոեւէ քննադատութեան եւ կամ փոխ-կարծիքի:Յարգանօք….
    Կայծակ Փալանճեան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031