Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է բարոյական եւ ի՞նչն անբարոյական՝ ըստ պատգամավորների

Հոկտեմբեր 18,2013 20:40

Այսօր, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրինագիծը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին», ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը, իր ասելով «քաղաքացիական ժեստ» արեց, հայտարարեց, որ Զ. Փոստանջյանը բարոյական իրավունք չունի նման նախագիծ ներկայացնելու, քանի որ ԵԽԽՎ-ում «հակապետական» վարքագիծ է դրսեւորել եւ լքեց նիստը:

Դրանից հետո, երբ քննարկվում էր օրենքի նախագիծը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զարգացրեց «բարոյական իրավունքի» թեման, եւ տիկին Փոստանջյանին հարցրեց. «Քանի որ այս քննարկումը մտավ միջազգային իրավունքի եւ բարոյական իրավունքի ոլորտ, հարցս պետք է վերաբերվի բարոյական իրավունքին. ի՞նչ եք կարծում՝ բարոյական իրավունք ունի՞ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել մի մարդ, ով իշխանության է եկել Հայաստանի Հանրապետության տասը քաղաքացիների գնդակահարման եւ Երեւանը տանկերի թրթուրների տակ առնելու արդյունքում, բարոյական իրավունք ունի՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնելու մի մարդ, ում ընտանիքի անդամները միլիոնատեր են դարձել հանրությանն անհայտ հանգամանքների բերումով, որոնք հանրությանը հայտնի են սրա- նրա բիզնեսի մեջ փայ մտնելով, սրա-նրա բիզնեսը խլելով: Արդյոք բարոյական իրավունք ունի՞ ներկայացնել մի մարդ, ում ընտանիքի անդամը կրակում է Երեւանի փողոցներում…»:

Պարոն Փաշինյանի այս թվարկումները կասեցնելու փորձ արեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ կոչ անելով կողմերին հարցը քննարկել ըստ էության, եւ տիկին Փոստանջյանին հարց տալ՝ քննարկվող թեմային համահունչ, սակայն տիկին Փոստանջյանն ընդդիմացավ, ասելով՝ «Ես մեծ սիրով լսում եմ»: Երբ հանձնաժողովի նախագահը նկատեց՝ «դուք երկուսով չեք այստեղ», պարոն Փաշինյանն ու տիկին Փոստանջյանը հակադարձեցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չէր ընդհատում Համլետ Հարությունյանին, արդյոք նա մենա՞կ էր այստեղ:

Այդուհանդերձ, տիկին Փոստանջյանը պատասխանեց հարցին նույն՝ «բարոյական իրավունքի» ոգով, սակայն դրա տակ դնելով ոչ միայն Փաշինյանի ակնարկած երրորդ նախագահին, այլեւ՝ պատմության անիվն ավելի հետ պտտելով. «Մենք առաջին անգամ անբարոյականությանը առնչվեցինք, երբ Արթուր Մկրտչյանին սպանեցին, անբարոյականությունը շարունակվեց, երբ Արցախի նախագահը թողեց Արցախը եւ եկավ Երեւան, անբարոյականություն է, երբ Արցախը թողնում, գալիս են Երեւան, եւ հրաման են տալիս կրակել քաղաքացիների վրա, իհարկե, անբարոյական է, երբ ժողովրդի քվեն չունեցող անձը հանդես է գալիս որպես ՀՀ նախագահ, այդ իսկ պատճառով իհարկե, այն փաստաթղթերը, որ ստորագրվել են Սերժ Սարգսյանի կողմից, ուղղակի մի անձի կողմից ստորագրված են, եւ կապ չունեն հայ ժողովրդի հետ, այդ թվում՝ Մաքսային միությանը միանալու հուշագիրը, եւ ցանկացած անբարոյականություն պետք է բարոյականությամբ շտկվի»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ աստվածային նկար է: Զարուհի, դուստրս, հարազատս, ինչպե՞ս ես կարողանում այդքան տգետների բանակի դեմ, գրե թե մի երկու մադկանցով պայքարել: Նկարիցդ երևում է, որ աստված է քեզ ուժ ու զորություն տալիս: Աստված միշտ քեզ ու քո բարի կամեցողների հետ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031