Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ «ցնցել» բառը չարչրկողներին

Հոկտեմբեր 18,2013 20:06

Օրերս Ջրվեժի անտառապուրակ էի գնացել: Աղտեղությունն ամեն քայլափոխի էր՝ տարատեսակ դատարկ շշեր, միանգամյա օգտագործման բաժակներ, ափսեներ, ցելոֆանի տոպրակներ, հանպատրաստից խորովածանոցներ, փայտ հայթայթելու նպատակով հաշված ծառեր…

Ավտոներով հնարավորինս խորանում են ծառուղիներում, գտնում չապականված մեկուսի անկյուն, միացնում երգ-երաժշտությունն ու… սկսում քեֆը: Մեկնումեկի մտքով կանցնի՞, թե խանգարում է այլոց անդորրը, հանգստյան գոտի է: Եթե դիտողություն անես, լավագույն դեպքում քամահրանքի կարժանանաս, բացառված չէ ծեծը՝ մինչև իսկ մահացու ելքով:

Անտառապուրակը խնամողներ, հսկիչներ, պահակ ու տնօրեն ունի: Որքան հասկացել եմ՝ մի քանի տեղ ինքնաշեն աղբարկղ, մանղալ տեղադրելով նրանք պարտքն այդ առումով համարում են ավարտված: Դա էլ, պիտի կարծել, որպեսզի արդարացնեն մուտքի համար դրամ գանձելը: Մնացյալը բարձիթողի է՝ ինչ ուզում ես, արա: Այսինքն՝ ինչ սպասելիք նման աշխատողներից, եթե պետության միջոցներով գոյատևող անտառում ազատ-արձակ իրենց տավարն են արածեցնում (այդ օրը մի տեղ խմբված տասը կով հաշվեցի), եթե պուրակը եզերող ձորակներում կարող են բեռնատարով աղբ թափել…

Շարունակեմ. մարդկանցից, աղմուկից հեռու լինելու համար մի ճամփա բռնած գնում էի, մեկ էլ դեմս տեսարան բացվեց, որից սահմռկեցի: Հսկայական մի տարածք սևացած էր՝ հազարավոր սոճիներ, մատղաշ ընկուզենիներ, այլ ծառեր ու թփեր կրակի բաժին էին դարձել, որը՝ հիմնովին այրված, որը՝ սևացած բնով, ջերմությունից խաշված, կուչուձիգ տերևներով, գետինը՝ լերկ, ոչ մի կանաչի, կենդանի արարածի նշույլ… Հիշեցի, որ մեկուկես-երկու ամիս առաջ facebook-ում աչքովս փոքրիկ նյութ էր ընկել՝ Ջրվեժի անտառապուրակում բռնկած հրդեհի մասին: Ընդամենը՝ այդքան: Տպավորությունն այնպիսին էր, թե անտեսվել, չէր կարևորվել փաստը և կամ միտումնավոր թաքցվել էր:

Մինչդեռ առաջինը բնապահպանության նախարարությունը պետք է շահագրգռված լիներ, որպեսզի տեսարանը բազմիցս տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվի՝ բացառելու համար նման դեպքերը: Ի՞նչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ. շպրտած ծխախոտի մնացու՞կը, խորովածի չհանգցրած խարու՞յկը, թե՞ միտումով էր արվել: Երեքն էլ հնարավոր է, եթե հանրային ունեցվածքի, բնության նկատմամբ նկարագրածիս նման հանցավոր վերաբերմունք կա թե քաղաքացիների ու թե պատկան մարմինների կողմից:

Կոչս «ցնցել» բառը շահարկող լրագրողներին. մի զլացեք, գնացեք Երևանին մերձ Ջրվեժի անտառապուրակ: Սկզբում, առանց տնօրինությանը տեղյակ պահելու, շրջեք անտառում, նկարահանումներ արեք, գրառեք ձեր տեսածը, հետո նոր ներկայանալով՝ խնդրեք, թող ցույց տան հրդեհված անտառամասը: Այդ դեպքում սրտնեղանք չեմ ապրի, եթե տեսնեմ խնդրո առարկա նյութը վերնագրելիս գործածած լինեք վերոգրյալ չարչրկած բառը:

 

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031