Այսօր` հոկտեմբերի 18-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) նշում է հիմնադրման 80 ամյակը: Այդ կապակցությամբ ՀՊՃՀ Մեծ դահլիճում անցկացվեց ՀՊՃՀ Գիտական խորհրդի ընդլայնված հոբելյանական նիստ եւ վաստակաշատ պոլիտեխնիկցիների մեծարման արարողություն:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունելով ներկաներին ասաց, որ սա այն հաստատությունն է, որը տասնամյակների ընթացքում պատրաստած կադրերին կարող էիր գտնել աշխարհի տարբեր ծայրերում: «Դժվարությունների պատճառով այսօր այդպիսի փայլ եւ այդպիսի քանակությամբ ուսանողություն չունենք: Պոլիտեխնիկի բոլոր ուսանողները, որոնք այս ութսուն տարիների շրջանավարտներ են եղել, իրենց մնայուն տեղն են թողել: Համալսարանը միշտ համագործել է ԳԱԱ-ի հետ եւ այդ կապը շարունակվում է մինչեւ այսօր»,-ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ այսօր գիտական ուսումնական ծրագրերը, իհարկե փոխվել են` ներկա պահանջների եւ զարգացման հետեւանքով:
ԵՊՀ-ի պրոռեկտոր, ակադեմիկոս Գեղամ Գեւորգյանն էլ նշեց, որ բուհը եղել է սիրված հատկապես տղաների շրջանում: Նրանք հասկանում էին, որ այն հնարավորություն կտա շենացնելու, արարելու իրենց երկիրը: «Այսօր էլ Պոլիտեխնիկը ունի իր անելիքները եւ համագործակցում է արտադրողների հետ : Համոզված եմ, որ նորովի կհնչի Պոլիտեխնիկի անունը, որպես տնտեսության, գիտության առաջատար հանրապետությունում»:
Կարդացեք նաև
Միջոցառմանը ներկա էր նաեւ «Կասպերսկի լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ով ստացավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) պատվավոր դոկտորի կոչում: «Ուրախ եմ, որ Հայաստանում ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կիբերանվտանգության թեմայի հանդեպ և պատրաստ են կատարելագործվել ու զարգանալ այդ ոլորտում: Ես կրկնակի ուրախ կլինեմ, եթե «Կասպերսկի լաբորատորիան» կարողանա օգնել նրանց այդ հարցում: Առաջին անգամ եմ այստեղ եւ շատ շնորհակալ եմ այս ամենի համար»,-ասաց նա: Վերջինիս որպես հուշ նվիրեցին նարդի:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ