Լրահոս
Օրվա լրահոսը

Գենդերային օրենքի մասին քննարկումը ԱԺ հանձնաժողովը հետաձգում է մինչեւ մեկ տարով

Հոկտեմբեր 18,2013 19:26

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծը:

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաեւ փորձագետներ, ՀԿ-ների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության ներկայացուցիչներ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիմնական զեկույցում նշեց, որ օրինագծի ընդունումը նպատակ ունի կանանց եւ տղամարդկանց վերաբերյալ օրենքով ամրագրված ձեւակերպումները զերծ պահելու հասարակական տարաբնույթ մեկնաբանություններից եւ տարընթերցումներից:

Նախարարն ասաց, որ չնայած այն հանգամանքին, որը գործող օրենքը, ընդունվել է 2013 թ. մայիսի 20-ին եւ սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները եւ կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները, վերջին շրջանում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» հասկացությունների տարաբնույթ ընկալումն ու դրանց վերաբերյալ տրված մեկնաբանությունները հասարակության կողմից օրենքի քննադատության պատճառ են դարձել:

Հարկ է նշել, որ միջազգային հիմնական փաստաթուղթը` «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (ընդունվել է 1993թ.), ըստ որի պետությունը ստանձնել է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ պարտավորություններ, կոչ է անում մասնակից պետություններին դատապարտել կանանց նկատմամբ խտրականությունը բոլոր ձեւերով եւ համապատասխան բոլոր միջոցներով` ներառյալ օրենսդրական միջոցները, վարել կանանց նկատմամբ խտրականության վերացման քաղաքականություն: Վերոհիշյալ փաստաթղթում «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» եզրույթները գործածված չեն:

Նախագծով առաջարկվում է գործող օրենքի 3-րդ՝ հասկացություններին վերաբերող հոդվածի 1-ին մասի՝ «գենդեր» եզրույթի սահմանմանը վերաբերող 1-ին, 11-րդ եւ 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները եւ հավասար հնարավորությունները» բառերով:

Քննարկումների ընթացքում ԱԺ պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները եւ ոլորտի պատասխանատուները անդրադարձան օրինագծի վիճահարույց կետերին, ներկայացրին առաջարկներ եւ դիտողություններ:

Որոշվեց հարցի քննարկումը հետաձգել մինչեւ մեկ տարի՝ խնդիրը համակողմանի ուսումնասիրելու եւ քննարկումների արդյունքում խնդրահարույց դրույթները շտկելու նպատակով:

ԱԺ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031