Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ո՞նց ենք արտահանելու Դրմբոնի ոսկին, եթե Մաքսային միությունը սահման դնի Արցախի առջեւ»

Հոկտեմբեր 18,2013 19:05

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» ճանաչելու մասին Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախագիծը նախատեսված քսան րոպեի փոխարեն քննարկվեց երեք ժամից ավելի:

Քննարկման բոլոր մասնակիցները մի բան էին պնդում՝ ոչ մի հայ աշխարհում չի կարող դեմ լինել Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը: Ու դրանից հետո գալիս էր «բայցը»՝ բայց կա նպատակահարմարության հարց, բայց հիմա պատեհ առիթ չի, բայց մենք չենք կարող Մինսկի խմբի աշխատանքները ջուրը գցել, բայց այս պահին դա կարող է նոր զինված ընդհարում սադրել եւ այլն:

Իր հերթին նախագծի հեղինակը պնդում էր, որ եթե 1989 թվականին ԽՍՀՄ կազմի մեջ մտնող Հայաստանի խորհրդարանը կարողացավ ճանաչել ԼՂԻՄ-ի ինքնորոշման իրավունքը, առնվազն տարակուսելի է, որ անկախ Հայաստանի պատգամավորները չեն համարձակվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:

Նա կոչ էր անում մի կողմ թողնել բոլոր կուսակցական խնդիրները եւ ձեռնամուխ լինել այդ կարեւորագույն առաքելությունն իրականացնելուն.«Սա բոլորիս, յուրաքանչյուր հայ մարդու խնդիրն է, մենք պարտավոր ենք ճանաչել Արցախի հանրապետությունը, որպեսզի հույս ունենանք, որ միջազգային հանրությունը նույնպես դա կանի»:

Տիկին Փոստանջյանի իր նախագիծը հիմնավորում էր ոչ միայն նրանով, որ Արցախը, ճանաչվելուց հետո, կվերադառնա բանակցությունների սեղան, որտեղից քշվել էր տարիներ առաջ, այլեւ նրանով, որ սեպտեմբերի 3-ից հետո, երբ նոր իրողության մեջ ենք հայտնվել, ամենեւին պարզ չէ, թե Մաքսային միության սահմանները որտեղ են անցնելու. «Ո՞վ է տեղյակ՝ որտեղո՞վ է անցնելու Մաքսային միության սահմանը: Եթե այդ սահմանը անցնելու է Արցախի հանրապետության սահմանին, ապա ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞նց եք արտահանելու Դրմբոնի ոսկին, ո՞նց ենք արտահանելու Ղարաբաղում արտադրված մթերքները: Լուրջ մարտահրավերների առջեւ ենք կանգնած, ինչպե՞ս կարող ենք անտեսել այս ամենը»:

Որպես այս մտահոգության պատասխան՝ ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը փորձեց բացատրել, որ Հայաստանը եւ Արցախը ընդհանուր տնտեսական տարածք են, ընդհանուր մաքսակետով եւ ազատ տեղաշարժով, եւ ասաց. «Բացառվում է որեւէ քայլ, որը կդնի սահմաններ Հայաստանի եւ Արցախի մեջ», սակայն երբ տիկին Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ փաստաթղթերի, ի՞նչ միջազգային պայմանագրերի հիման վրա եք պնդում, որ Հայաստանն ու Արցախը ընդհանուր տնտեսական տարածք են, պարոն Քոչարյանը միայն ասաց, որ կան միջգերատեսչական պայմանագրեր ՀՀ տարբեր նախարարությունների եւ Արցախի համապատասխան գերատեսչությունների միջեւ, կա Հայաստանի բյուջեն, կան համաձայնագրեր: Թե որքանո՞վ դրանք կարող են իրավական ուժ ունենալ Մաքսային միության համար՝ այդպես էլ չբացատրվեց:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Gagik says:

    Ինչու միայն Դրմբոնը, որը սպառվող հանքավայր է; նաև՝Ծաղկաշենի պղինձ-մոլիբդենային նոր հանքավայրը, Արցախի արդեն Երևանի ՋԷԿ բերվող քարածուխը և այլն․․․․

  2. HM says:

    Ով ուտելու է նա էլ թող մտածի այդ մասին, դրանից ՀՀ-ին միայն երեք նատի կոմբինացիա կհասնի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031