«Պատգամավորի վարքագծի կանոններով» ինչպե՞ս կարելի է ստիպել գեներալներին՝ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանին, որ լրագրողների հետ զրուցելիս հայհոյանքներ չտան, Մհեր Սեդրակյանին, որ քաղաքավարի լինի ԶԼՄ ներկայացուցչի հետ, կամ Առաքել Մովսիսյանին, որ իր գործընկերոջը չասի «թուրքի տակ պառկող»: Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Դա որեւէ կերպ հնարավոր չէ ստիպել: Նման հայտարարություններ անողները, խարույկի վրա վառելու կոչերի հեղինակները իրենց կուսակցության կողմից որեւէ պատժամիջոցի չեն ենթարկվում: Բնականաբար կարելի է հասկանալ, որ ներքին կարգով խրախուսվում է սեփական կուսակցությանը այդ կերպ պաշտպանելու ոճը, եւ դա որեւէ կերպ կանխել հնարավոր չէ»:
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել՝ քննարկելու «Պատգամավորի վարքագծի կանոնները»: Քննարկմանը հրավիրվել էին միջազգային փորձագետներ, որ խորհուրդներ տան: Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությամբ՝ «Այն, ինչ թվարկվեց որպես վարքականոնի խախտում տարբեր երկրներում, մեզանում կան պատգամավորներ, որոնք կնայեն ու կասեն՝ բայց սա առավելություն է: Այսինքն՝ կարմիր լույսի տակ անցնելը դա իրենց ստատուսի, տեսակի ինքնահաստատման մի ձեւ է, լոբբինգը: Դա իրենք համարում են ոչ թե մինուս, այլ՝ առավելություն: Ես շատ կարեւորում եմ այս քննարկումները, բայց կարծում եմ, որ փորձագետները, որոնք գալիս են այստեղ եւ փորձում են փորձի փոխանակում իրականացնել, մի քիչ պիտի պատրաստված գան երկրի քաղաքական մշակույթին: Եթե նրանք գոնե մի կես տարի ծանոթ լինեին Հայաստանի քաղաքական, խորհրդարանական մշակույթին, ես վստահ եմ, որ շեշտադրումները բացարձակապես այլ կլինեին: Շատ շեշտադրումներ ուղղակիորեն ժպիտ էին առաջացնում, ոչ ավելի»:
Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ եթե լինեին խիստ պատժամիջոցներ, որոշակիորեն այդ կանոնները կարող էին գործել. «Բայց բոլորս էլ տեսնում ենք, թե ինչպես է աշխատում ԱԺ էթիկայի հանձնաժողովը: Ակնհայտորեն կա օրինախախտում, բայց էթիկայի հանձնաժողովը գտնում է, որ օրինախախտում չկա, շահերի բախում չկա: Այստեղ մենք անընդհատ գալիս ենք նույն կարեւոր եզրահանգման, որ պետք է քաղաքական կամք, օրենքից վեր չգտնվող խմբեր, օրենքից վեր չգտնվող քաղաքական թիմեր: Քանի դեռ մենք մեր երկրում այս խնդիրը չենք կարողանում լուծել, ոչ մի վարքականոն, ոչ մի պարտադրանք որեւէ ուժ ազդեցություն չի ունենալու: Այդ կարգի պատժամիջոցները շատ դեպքերում ավելի վտանգավոր են դառնալու մեր տիպի երկրների համար, որովհետեւ դրանք կիրարկվելու են ընտրովի, այսինքն՝ դրանք դառնալու են քաղաքական մահակ՝ ընդդիմախոսների դեմ: Դրա համար ես ինքս շատ դեպքերում դեմ եմ այդ կարգի պատժամիջոցներ կիրառելուն: Նրանք, ովքեր իշխանության են, այդ պատժամիջոցներից դուրս են մնալու, իսկ քաղաքական ընդդիմախոսները, որպես կանոն, հայտնվելու են այդ պատժամիջոցների թիրախային խմբում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հարկավոր է, նշված բոլորին ուղարկել մանկապարտեզ դաստիարակվելու, պատգամավոր լինելու հետ զուգահեռ: