Այսօր ՀՊՃՀ-ում լրագրողների եւ բլոգերների հետ հանդիպման ժամանակ Եվգենի Կասպերսկին ներկայացրեց կիբերհանցագործության վնասները եւ էվոլյուցիան՝ անվանելով այն «դժոխք»: « Սա նման է Դանթե Ալիգերիի «Աստվածային կատակերգության» յոթ գալարներին. քանի գնում ես խորք, այնքան ավելի վախենալու է,- ասում է նա,- Առաջին գալարներում այնքան էլ վտանգավոր մեղսավորները չեն, բայց քանի խորք ես գնում, ավելի եւ ավելի վտանգավոր են դառնում նրանք»:
Պարոն Կասպերսկին հիշեց ավելի վաղ ժամանակները, երբ վիրուսները գրում էին միայն ծրագրավորող ուսանողները՝ իմանալու համար, թե ինչպես են աշխատում այս կամ այն ծրագրային մոդուլները: «Այ նրանք առաջին գալարում էին»,- ասում է նա եւ ավելացնում, որ հետո դա վերածվեց խուլիգանության, երբ վիրուսներ գրելը դարձավ ինքնադրսեւորման ձեւ:
«Ոգեւորվում էին, որ իրենց ստեղծած վիրուսը գրվում էր համակարգչային վիրուսների հանրագիտարանում»,- պատմում է Կասպերսկին՝ հնչեցնելով ահազանգ, որ այժմ համակարգչային վիրուսը դարձել է կիբերհանցագործության ամենագլխավոր զենքը: «Համակարգչային հանցագործությունը ահռելի չափերի է հասել: Ընդհանուր թիվը մենք տարեկան գնահատում ենք 100 մլրդ դոլար, սա համաշխարհային տնտեսության վնասն է: Համակարգչային հանցագործների թիվը 10000 մարդ է»,- ասում է նա եւ ցավում, որ կիբերհանցագործությունը գնալով եկամտաբեր է դառնում: «Շատ համակարգչային հանցագործներ իրենք անձամբ չեն կազմակերպում հարձակումներ, նրանք պարզապես «հանցավոր» ծառայություններ են առաջարկում»,- ասում է նա:
Եվգենի Կասպերսկին համոզված է՝ համակարգչային հանցագործությունը լուրջ գլխացավանք է. կիբերհանցագործները ներդրումներ են անում, որ հայտնագործեն նոր տեխնոլոգիաներ, միջոցներ՝ համակարգիչները վարակելու համար: «Մենք մեր հերթին պարտավոր ենք ներմուծել ինչքան հնարավոր է շատ միջոցներ, որպեսզի ստանանք նոր անտիվիրուսային ծրագրեր: Նոր հարձակումները մեզանից պահանջում են ստեղծել նոր տեխնոլոգիաներ՝ դրանց դեմ պայքարելու համար»,- ասում է նա եւ ավելացնում, որ իրենք նաեւ պարտավոր են գուշակել, թե որն է լինելու համակարգչային հանցագործների հաջորդ քայլը:
Կարդացեք նաև
Ըստ Կասպերսկու՝ վտանգավոր է հատկապես կրոնական, քաղաքական մոտիվացիաներով աշխատող կրկնահանցագործների դեմ պայքարը: «Այդպիսի հարձակումների հետեւում, ցավոք, կանգնած են պետություններ, որոնք ունեն մեծ ռեսուրսներ նման հարձակումներ կազմակերպելու համար,- ասում է նա եւ հիշում,-մի անգամ, երբ հերթական մի օպերացիայի ժամանակ տեսա հարձակման վնասները, ասացի՝ ամբողջ այն տեղեկատվությունը, որ կա աշխարհում, գողացված է, ընդ որում՝ ամենաքիչը երկու անգամ: Նման հարձակումների գաղտնիքը դժվար է գտնել, մենք, որպես հարձակումները գաղտնազերծողներ, միշտ չէ, որ կարող ենք դա իմանալ»:
Նա նաեւ հավատացրեց, որ երբեք ոչ մի պատճառով վիրուսային ծրագրեր չեն պատրաստի, նրանց գործը միայն հակավիրուսային ծրագրեր ստեղծելն է:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք շա՞տ հայերեն են աշխատում «Կասպերսկի լաբորատորիայում»: Եվգենի Կասպերսկին կատակեց. «Նրանք բավականին շատ են, այնքան, որ նույնիսկ մտածել եմ՝ հայկական համայնք այնտեղ ստեղծել: Ես երբեմն նրանցից հայերեն բառեր եմ սովորում, ինչպես՝ շնորհակալություն»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ