Ազատամարտիկների կազմակերպած այսօրվա կլոր-սեղան քննարկման ձևաչափը կուսակցությունների ներկայացուցիչների մեծ մասի համար հասկանալի չէր: Նրանք սկսում էին ելույթները, ազատամարտիկները ընդհատում, դժգոհում, որ շեղվում են հավաքի նպատակից:
ՀԱԿ անդամ Սամվել Աբրահամյանն էլ զարմացած հարցրեց. «Ախր պարզ չէ, սա սեմինա՞ր է, թե՞ ինչ է»:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի բացատրությունից հետո, պարոն Աբրահամյանը շարունակեց. «Հայաստանում ոչնչացված է ընտրական համակարգը, ոչնչացված է մրցակցային տնտեսությունը, մարդու իրավունքները խայտառակ վիճակում են, արտաքին քաղաքականությունը ձախողված, Ղարաբաղի լուծումը բավականին ծանր վիճակում է: Իշխանության վերջին ջղաձգումները՝ հանձին Զորի Բալայանի նամակի, դրա վառ ապացույցն են»:
Նա ստեղծված իրավիճակը միայն իշխանության ապաշնորհության հետեւանք չի համարում. «Պատճառն այն է նաեւ, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ձեւավորել է մի ռեժիմ, որ այլ կերպ չի կարողանում տանել երկիրը, որովհետեւ ռեժիմի շահերը հակասում են մեր պետության շահերին»:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ շարունակեց. «Հայաստանը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, եւ այդ ճգնաժամը համակարգային է, որովհետեւ չկա մի ոլորտ, որը մենք դիտարկենք ու չտեսնենք, որ ճգնաժամ է: Համակարգային է, որովհետեւ երկրում խորը անվստահություն կա իշխանությունների, կուսակցական համակարգի նկատմամբ: Երկիրը հասավ այս իրավիճակին, որովհետեւ ի սկզբանե իշխանությունը համարվեց սեփականություն եւ համարվեց օրինական կամ անօրինական հսկայական գումարների ստեղծման աղբյուր»:
Պարոն Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանում արմատացել է կոռուպցիան. «Ոլորտները սեփականաշնորհվել են, եւ իշխանությունը ծառայում է այդ մենաշնորհներն ամրապնդելու կամ նոր մենաշնորհներ ստեղծելու համար»:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն էլ եզրահանգեց. «Ի՞նչ ստացանք այսօր: Այսպիսի մտերմիկ զրույց էինք ուզում: Կարող ենք համատեղ դուրս գալ հրապարակ, վերականգնենք արդարությունը»: Նա նաեւ կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրեց ազատամարտիկների հավաքին մասնակցելու, «Իշխանությունները կապիկություններից այն կողմ չեն անցնում, էսպիսի բան չեն անում: Այն էլ այն ազատամարտիկների հանդեպ, որոնք նրանց լափի տեր են դարձրել»:
Սուրեն Սարգսյանի խոսքով, հաջորդ կլոր-սեղան քննարկմանը ելքեր են առաջարկելու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Երվանդ Մանարյանը, մեր ազգի, խղճի և բարոյականության չափանիշն է: