Հոկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում անցկացվող ՙԵկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայակններ և մարտահրավերներ՚ թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին:
Հանդիպմանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց գիտաժողովի մասնակիցներին, կարևորեց նման գիտաժողովի անցկացումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը:
Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց գիտաժողովի գումարման առիթով` ողջունելով Քույր Եկեղեցիների, էկումենիկ կազմակերպությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը գիտաժողովին և իր գնահատանքը հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին:
Վեհափառ Հայրապետը, կարևորելով գիտաժողովի շրջանակներում քննարկվող նյութը, վստահորեն նշեց, որ այն փորձառության փոխանակմամբ պիտի փոխադարձաբար զորացնի ժողովի մասնակիցներին, նպաստի համագործակցության ամրապնդմանը և երկրում ժողովրդավարական կառույցների հզորացմանը: «Գոհունակություն է մեզ համար հաստատել, որ Հայաստանում առկա է կրոնական ազատություն, որը երաշխավորված է օրենքով: Բնականաբար, Մայր Եկեղեցին առանձնահատուկ կարգավիճակ ունի այս երկրում, որպես Ազգային Եկեղեցի, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ, որով կարևորվում է Հայոց Եկեղեցու դերը մեր ժողովրդի կյանքում…: Սակայն, Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը երբեք խոչընդոտող հանգամանք չէ այլ կրոնական կազմակերպությունների և Եկեղեցիների համար, որոնք գործում են Հայաստանում», – ընդգծեց Նորին Սրբությունն իր խոսքում` մասնավորապես անդրադառնալով Հայ Եկեղեցու անդամակցությանը միջազգային էկումենիկ կազմակերպություններին և Քույր Եկեղեցիների հետ սերտ հարաբերություններին:
Վերստին ուրախություն հայտնելով գիտաժողովի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավետ ընթացք մաղթեց ժողովի աշխատանքներին, որոնք մեծապես պիտի զորացնեն եկեղեցիների գործակցությունը` հանուն բարօր, արդար և խաղաղ աշխարհի:
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց գիտաժողովի մասնակիցներին հուզող հարցերին:
Հանդիպումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հին Մատենադարանի դահլիճում ժողովականները ներկա գտնվեցին ասեղնագործ-գեղանկարիչ Մարիետա Մարտիրոսյան-Ալեքսանյանի ՙՀոգու շարական՚ խորագրով ցուցահանդեսի բացմանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ