Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Նրանք պահ որսացող չեն»

Հոկտեմբեր 18,2013 17:33

Որքան էլ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խնդրեցին Զարուհի Փոստանջյանին՝ հանել իր օրինագիծը՝ սպասելով ավելի հարմար պահի կամ որեւէ այլ ձեւով փորձել այնպես անել, որ իր ներկայացրած օրինագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» չդրվի քվեարկության, նա անդրդվելի էր:

Արդյունքում հանձնաժողովը երեք կողմ, երկու դեմ ձայների հարաբերակցությամբ բացասական եզրակացությամբ այս օրինագիծը կներկայացնի հաջորդ քառօրյա: Հետաքրքիր է, որ «դեմ» քվեարկողներից մեկը «Ժառանգություն» խմբակցության դե յուրե անդամ Ալեքսանդր Արզումանյանն էր, մյուսը՝ ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը, որը ցուցադրական կերպով լքել էր նիստը, ասելով, որ չի մասնակցի Զարուհի Փոստանջյանի ներկայացրած հարցի քննարկմանը, բայց վերջում եկավ եւ «դեմ» քվեարկեց:

«Կողմ» քվեարկողներն էին Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ից, Թեւան Պողոսյանը՝ «Ժառանգությունից» եւ Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ից:

Հանձնաժողովի նիստին ներկա մյուս անդամները՝ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Շիրակ Թորոսյանը, ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանը եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը չմասնակցեցին քվեարկությանը: Առնվազն հինգ «կողմ» պետք է լիներ, որպեսզի օրինագիծը ստանար դրական եզրակացություն:

Նիստից հետո տիկին Փոստանջյանը մեր հարցին, թե սպասո՞ւմ էր նման արդյունքի, ասաց, որ ավելի լավ էր տրամադրված, կարծում էր, որ վերջիվերջո, հանկարծ իրենց մեջ խիղճը կարթնանար, բայց, ցավոք սրտի, առայժմ «խիղճը սատանայի մոտ է, իրենց չի պատկանում»:

Տիկին Փոստանջյանը միանշանակորեն դեմ էր նիստի ընթացքում բազմիցս հնչած այն տեսակետներին, թե այժմ հարմար պահ չէ՝ ԼՂՀ-ն ճանաչելու համար. «Դուք ինքներդ լսեցիք, թե քանի անգամ ասացին, որ պետք է պահը որսալ, բայց նաեւ քանի անգամ էին ասում, որ եղել են պահեր, որ բաց են թողել, նրանք պահ որսացող չեն, եւ հերթական անգամ պահը բաց են թողնելու: Այսօր էլ են իրենք իրենց մասնակցությամբ պահը բաց թողնելու»:

Քննարկման մանրամասները՝ քիչ ավելի ուշ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031