Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն»

Հոկտեմբեր 18,2013 17:28

«Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի՝ այսօր կազմակերպած`«Վրաստան․ նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ» թեմայով քննարկմանը հիմնական զեկույցով հանդես եկած՝ Հայաստանում Վրաստանի դեսպան, Արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին նշել էր, թե չի կարծում, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հեռանկարը կարող է ստվեր գցել հայ-վրացական հարաբերությունների վրա:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ այնքան էլ վստահ չէ, որ եթե Հայաստանը դառնա Մաքսային Միության լիիրավ անդամ` դա ազդեցություն չի ունենա Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա: «Կարծում եմ, այդ հանգամանքը ազդեցություն կունենա: Այլ հարց է, որ ես գրեթե վստահ եմ, որ Հայաստանը Մաքսային միության լիիրավ անդամ չի դառնա, քանի որ դրա համար չկան ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական հիմքեր»։

Դավիթ Շահնազարյանի կարծիքով, Հայաստան-Վրաստան միջպետական, բարիդրացիական հարաբերությունները, համենայնդեպս, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն են ունեցել եւ այժմ էլ՝ ռազմավարական են, դրանք իսկապես առաջնահերթ հարաբերություններ են:

Նա նկատեց, թե Հայաստանում գնահատում են Վրաստանի իշխանությունների կողմից տարվող առողջ քաղաքականությունը․ «Ամռանը ոչ այնքան հաճելի պահ էր, երբ Հայաստանի ներկայացուցիչների կողմից ՄԱԿ-ում ոչ այնքան ճիշտ քվեարկություն արվեց: Շնորհակալություն, որ դուք, թերեւս, դիվանագիտորեն, չնկատելու տվեցիք այդ փաստը»,- ասաց նա:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավարը հիշեցրեց նաեւ, որ չնայած ճնշումներին՝ Հայաստանը հրաժարվեց քննարկել անգամ Աբխազիայի, Հարավային Օսիայի ճանաչման հարցը:

Ամփոփելով քննարկումը՝ Դավիթ Շահնազարյանը հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների առիթով մաղթեց, որպեսզի վրաց հասարակության եւ Վրաստանի քաղաքական էլիտայի ծրագրերը կյանքի կոչվեն․ «Միանշանակ վստահ եմ, որ այն խնդիրը, որ իր առջեւ դրել է վրացական կառավարությունը՝ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, որպես առաջնահերթություն առաջիկա նախագահական ընտրություններում, իրականություն կդառնա: Համոզված եմ, որ շուտով մենք կշնորհավորենք ձեզ, Վրաստանի կառավարությանն ու հասարակությանը՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու առիթով»:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստացավ Վրաստանում անցկացնել աննախադեպ ընտրություններ, նա շեշտեց, թե դրանք կդառնան կառավարության վստահության քվե․ «Դա կլինի մեր մեկ տարվա աշխատանքի գնահատականը, եւ մենք հույս ունենք, որ մեր թեկնածուն՝ Գեորգի Մարգվելաշվիլին, կհաղթի հենց առաջին փուլում»: Իվանիշվիլին հավելել է, որ իր կառավարությունն արել է ավելին, քան հնարավոր էր ակնկալել, սակայն ապագայում եւս անելիք շատ ունեն: Վրաստանի վարչապետի խոսքերով՝ հիմնական ձեռքբերումը նախագահական ընտրություններին նախապատրաստվելն է․ «Մենք ապահովել ենք ազատ եւ մրցակցային ընտրություններ, որոնք համապատասխանում են եվրոպական բոլոր չափորոշիչներին, եւ դա մեր գլխավոր ձեռքբերումն է»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031