«Ազատություն» ռադիոկայան. Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի փոխանցմամբ` Ասոցացման համաձայնագիրը շարունակում է մնալ ԵՄ-Հայաստան բանակցությունների օրակարգում:
Եվրամիության հետ Հայաստանի գլխավոր բանագնացը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ պաշտոնական Երևանը այժմ աշխատում է փաստաթուղթը «իրավական առումով նորոգելու ուղղությամբ»:
«Սա մի գործընթաց է, որին պետք է ժամանակ տալ: Որովհետեւ կանք մենք, կա Եվրամիությունը, և մենք միասին պետք է աշխատենք: Ես չեմ ուզում ասել, որ չի լինելու Ասոցացման պայմանագիր: Ինչո՞ւ չէ: Մենք ձգտում ենք դրան: Բայց պետք է աշխատենք, որովհետև սա իրավական աշխատանք է լինելու, սա լինելու է աշխատանք փորձագետների ներգրավմամբ, բանակցողների ներգրավմամբ, և պետք է գտնել համապատասխան ձևը: Սա երկու կողմ է, և միասին պետք է աշխատենք: Իհարկե, հնարավոր է, որ մենք ունենանք այն, ինչին ձգտում ենք, և հաստատենք Ասոցացման պայմանագիրն այնքանով, որքանով դա համապատասխանում է մեր նպատակներին և ներկայիս իրավիճակին», – նշեց փոխարտգործնախարարը:
Հարցին, թե հնարավոր է, որ փաստաթուղթը ստորագրվի Վիլնյուսի գագաթնաժողովում, Մնացականյանն արձագանքեց. – «Պետք է զգույշ լինենք, որովհետև սա ինչ-որ մի գործընթաց չէ, որը կարելի է արագ անել: Վիլնյուսը շատ կարևոր հանգրվան է, կարևոր ժամկետ է, բայց Վիլնյուսից հետո էլ կա կյանք, կան հարաբերությունները, որոնք շարունակվելու են: Ուստի կենտրոնանալ զուտ Վիլնյուսի վրա, ես ավելի զգույշ կլինեմ: Իհարկե, ձգտելու ենք լավագույնս ունենալ, բայց պետք է հաշվի առնենք, որ սա երկու կողմերի միջև հարաբերություններ են, և մենք միասին աշխատելու ենք: Ձգտումը կա»:
Կարլեն Ասլանյան