Այսօր ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրինագիծը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին:
Այն բանից հետո, երբ տիկին Փոստանջյանը ներկայացրեց նախագիծը, հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը ասաց, որ ապշած է, որ ԼՂ հարցը ներկայացնում է Զարուհի Փոստանջյանը. «Ձեր սկանդալային, ես կասեի՝ հակապետական պահվածքը ԵԽԽՎ-ում, որը բոլորովին չէր նպաստում Արցախի անվտանգությանը եւ ճանաչմանը, ձեզ բարոյական իրավունք չի վերապահված դրանից հետո գալ եւ էդ մարդկանց, որոնք իրենց կյանքի մեծ մասը տվել են, իրենց եւ իրենց երեխաների առողջությունը տվել են եւ հասցրել են այսօրվան, իմ խորին համոզմամբ…
Եթե դուք չներկայացնեիք, ես կմտածեի, որ հայրենասիրության, արցախասիրության, պետականասիրության էլեմենտներ կան, գուցե դուք մոլորվել եք, բայց ձեր պահելաձեւը ԵԽԽՎ-ում, իմ խորին համոզմամբ, ձեզ բարոյական իրավունք չի տվել, որ լինեք այս նախագծի հեղինակը եւ ներկայացնեք»: Ու դրանից հետո հայտարարեց՝ «Ես չեմ կարող մասնակցել քննարկմանը»:
Դե յուրե «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը պարոն Հարությունյանին կոչ արեց զերծ մնալ գնահատականներ տալուց, հատկապես բարոյական ոլորտի, Հարությունյանը, թե՝ ես բարոյականությունից չեմ խոսում, ես ինչ գործ ունեմ բարոյականությունից խոսել, ես պատգամավորական գնահատական եմ տալիս, սա քաղաքական ժեստ է, ես ունեմ քաղաքացիական իրավունք, դա իմ որդու կորցրած ոտքն է, դա իմ ամբողջ ընտանիքով պատերազմին մասնակցելն է:
Կարդացեք նաև
Ու ասաց, որ լիովին իրավունք ունի չմասնակցել այս հարցի քննարկմանը, ինչին ի պատասխան, տիկին Փոստանջյանը տեղից նետեց. «Դուք շատ ճիշտ եք կողմնորոշվել»:
Դրանից հետո Համլետ Հարությունյանը դուրս եկավ հանձնաժողովի նիստից:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Տեսանյութը՝ ԳԱԼԱ ՀԸ-ի