Այսօր ՀԳՄ նախագահի թեկնածու, Հանրային գրադարանի նախկին տնօրեն, «Հայաստան» հրատարակչության նախկին տնօրեն, գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում հանդիպեց լրագրողների հետ:
Խոսելով ՀԳՄ-ի` որպես կարևորագույն կառույցի մասին` նա ասաց. «Ես համաձայն եմ տարածված այն կարծիքին, որ Գրողների միությունը, ինչպես նաև գրող հասկացությունը, մեր հասարակության մեջ կորցրել է իր վարկանիշը խորհրդային տարիների համեմատությամբ: Բացի այդ, այսօր կա մի տեսակետ, թե Գրողների միությունը, Մշակույթի նախարարությունը պե՞տք են արդյոք մեզ, թե՞ ոչ, բայց անվիճելի ճշմարտություն է, որ մենք աշխարհին ներկայանում ենք մեր մշակույթով, մեր գրականությամբ, հետևաբար` մշակույթն ու գրականությունը պաշտպանության կարիք ունեն: Եվ այսօր, երբ կասկածի տակ է դրվում ՀԳՄ-ի լինել-չլինելու խնդիրը, ես միանշանակ կողմնակից եմ, որ պահպանվի այդ կառույցը, որովհետև ես համաձայն չեմ իմ որոշ գործընկերների, գրչակից ընկերների այն տեսակետին, թե Գրողների միությունը 30-ական թթ. ձևավորված մի կառույց էր, որը պիտի ծառայեր խորհրդային գաղափարախոսությանը, քանի որ իրականում, Խրուշչովի ժամանակներից սկսած, Գրողների միությունը աստիճանաբար ձեռք է բերել ամենաընդդիմադիր և ամենաըմբոստ կառույցի վարկանիշ:
Գրողի խոսքը միշտ էլ հասարակության մեջ եղել է դիտարժան, ուշագրավ և կողմնորոշիչ: Այս առումով, ցավոք, վերջին քսան տարիների ընթացքում անորոշություն կա շատ ու շատ մշակութային կազմակերպությունների և ստեղծագործական միությունների գործունեության մեջ: Կարծում եմ, որ սա գալիս է նաև պետական, մշակութային քաղաքականությունից, որը լուրջ վերանայումների կարիք ունի»:
Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ «Գրական թերթ»-ում ինչպես ինքը, այնպես էլ իր մրցակից ընկերներ Էդվարդ Միլիտոնյանը և Հովիկ Հովեյանը ներկայացրել են իրենց հայեցակարգերը: Նա կարծում է, որ պետք է մշակել միասնական հայեցակարգ, ով էլ որ ընտրվի, պահպանվի Գրողների միությունը, իհարկե ոչ նախկին ձևերով, մոտեցումներով և սկզբունքներով, այլ` ելնելով ժամանակի զարգացումներից:
Կարդացեք նաև
Հարցին, թե ի՞նչ կոնկրետ ծրագրով է հանդես գալիս հենց ինքը` Դ. Սարգսյանը, վերջինս պատասխանեց. «Իրական, ամբողջական և հստակ ծրագիր կարող է լինել միայն այն դեպքում, երբ դու տեղյակ ես, քեզ ներկայացրել են հաշվետվություններ, թե ինչ է կատարվել նախորդ տարիներին ՀԳՄ-ում, իսկ այն, ինչ ես կամ մյուս թեկնածուներն ենք ներկայացնում այսօր, ընդամենը ցանկությունների փաթեթ է»:
Այնուամենայնիվ, Դ. Սարգսյանը համառոտ ներկայացրեց իր հայեցակարգը. «Գրողների միությունը կոչված է գրական, ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու: Այն պետք է ծառայի գրական արժեքների ճիշտ գնահատմանը, նպաստի արժեքավոր գրքերի հրատարակմանը, դրանց քարոզչությանը, թարգմանությանը, տարածմանը: Պետք է կանգնած լինի գրողի կողքին` գրական ստեղծագործության հանրայնացման գործընթացներում: Սա է ամենակարևորը և, բացի այդ, եթե մենք շարունակենք կղզիացած մնալ երկրի ընդհանուր զարգացումներից, ապա կգա մի պահ, որ Գրողների միությունը կփոշիանա, այսինքն` ես կարծում եմ, որ այս կառույցը պետք է համընթաց գործունեություն ծավալի այն բոլոր խնդիրների հետ կապված, որոնք անհանգստացնում են մեր երկրին և մեր հասարակությանը»,- եզրափակեց Դավիթ Սարգսյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ