Եթե Նուբարաշենի աղբավայրը շարունակվի օգտագործվել այնպես, ինչպես ներկայումս է, ապա այն ընդամենը 10-15 տարի կարող է ծառայել: Նման կարծիք հայտնեց այսօր «Էկոլուր» ակումբում Երեւանի քաղաքապետարանի կոմունալ սանիտարական բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը:
Պարոն Ահարոնյանի ներկայացմամբ`1 օրվա ընթացքում մայրաքաղաքում գոյանում է 1300-1400 տոննա կոշտ կենցաղային թափոն, որի հիմնական մասը տեղափոխվում է Նուբարաշենի աղբավայր, որը Երեւանի կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա է:
Քաղաքապետարանի պաշտոնյայի ներկայացմամբ` Նուբարաշենի աղբավայրը կառուցվել է 50-ականներին, տարվա ընթացքում այստեղ կուտակվում է 400 հազար տոննա աղբ:
Պարոն Ահարոնյանի խոսքերով` «Մեր տվյալներով մինչև օրս 8 միլիոն տոննա աղբ է թափվել Նուբարաշենի աղբանոցում: Խնդիրը հրատապ լուծում է պահանջում»: Իսկ լուծումը, ըստ քաղաքապետարանի` աղբի վերամշակման գործարանի կառուցումն է:
Կարդացեք նաև
Ասուլիսի մեկ այլ մասնակցի` փորձագետ Արման Վերմիշյանի խոսքերով էլ` չկան մասնագիտական տվյալներ, թե որքան է աղբի ծավալը, ի՞նչ կազմ ունի, որն ամենակարեւոր ցուցանիշներից մեկն է. «Պետք է ոչ թե տեսակավորենք, այլ մտածենք աղբի կրճատման մասին, կարելի է զգալիորեն կրճատել աղբի քանակությունը: Կարեւորը՝ վերամշակման մոտեցումը ճիշտ ներդրվի Հայաստանում»:
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքերով էլ` ճապոնական Շիմիձու ընկերությունը Նուբարաշենի 52 հեկտար աղբավայրի ընդամենը 8 հեկտարն է օգտագործում, այսինքն՝ կառուցել է կայան, որով ջերմոցային գազերը մթնոլորտ չեն արտանետվում: Մինչդեռ այդ ընկերությունը պարտավորություն ուներ գազերից էլեկտրաէներգիա ստանալ, ինչը չի անում, իսկ թե ինչո՞ւ, քաղաքապետարանի պաշտոնյան այս հարցին ըստ էության չպատասխանեց:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ